ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑ

Շիկահողի արգելոցը գտնվում է Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում: Այն հիմնվել է 1958 թվականին։ 1963 թ-ին այն վերափոխվել է Բարթասի արգելավայրի և վերականգնվել է որպես արգելոց միայն 1975 թ-ին: Գտնվում է ծովի մակարդակից 700-2800 մ բարձրության վրա: Տարածքը զբաղեցնում է 29505.845 հեկտար։ Այն ներառում է լ արգելոցի ու «Սոսու պուրակ» արգելավայրի 12137.075 հա տարածքը և «Զանգեզուր» արգելավայրի 17368.77 հա տարածքը: Արգելոցը բաղկացած է Շիկահողի և Մթնաձորի տեղամասերից: Մինչև 2006 թ-ը դրա տարածքը ավելի փոքր էր` 10330 հա: Արգելոցին սահմանակցում են Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ և Ներքին Հանդ գյուղերը: Ռելիեֆը խիստ մասնատված է, շատ են լեռնային գետակները, հանքային աղբյուրները: Արգելոցի և նրա հարակից տարածքի բարձր լեռնագագաթներից են Նավսը՝ 2369մ, Բարթասը` 2186 մ, Մազրան` 2198 մ, Շիշկերտը՝ 2735մ, Գյումարանցը` 2366մ: Ամենացածր բարձրությունների նիշերը գտնվում են արգելոցի արևելյան սահմանի մոտ (մոտ 700մ)` Ծավ գետի կիրճում, իսկ Մեղրու լեռնաշղթայի ամենաբարձր գագաթները հասնում են 3256 մ-ի (Բաղացսար): Ընդհանուր առմամբ արգելոցի կլիման տաք է և խոնավ:
Արգելոցի տարածքի հիմնական ջրային զարկերակը Ծավ գետն է, որի գլխավոր վտակներն են Շիկահողը, Շիշկերտը և Մազրան:

Անվան ծագումնաբանությունը

Շիկահող անունը առաջին անգամ հիշատակվում է XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատությունում: Այն Շիկահողք տարբերակով նշված է Սյունիքի Կովսական գավառի Տաթևի հայրապետական աթոռին հարկատու գյուղերի ցուցակում, 12 միավոր հարկաչափով:

Բուսական և կենդանական աշխարհը

Արգելոցում կարելի է տեսնել հազվագյուտ բույսեր ու կենդանիներ, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված։ «Շիկահող» արգելոցի տարածքում աճում են բարձրակարգ բույսերի ավելի քան 1100 տեսակ: Արգելոցում ներկայացված է Հայաստանի ֆլորայի մոտ 30%-ը:Գերակշռում են կաղնու, բոխու և կաղնուտա-բոխուտային անտառները, որոնք գտնվում են 1000- 2200 մ միջին բարձրությունների վրա: Կան նաև վայրի պտղատուներ՝ տանձենի, արևելյան խնձորենին, հունական ընկուզենի, լորենի, հացենի, թխկի, թեղի, սալորենի։ Հանդիպում են բթատերև ինկենի, շագանակենի, կովկասյան խուրմա, նռնենի, թզենի, զկեռենին Շիկահողում կարելի է գտնել նաև գրեթե քսան տեսակի հազվագյուտ մամուռներ։Արգելոցի որոշ տարածքներում աճում են չխախտված կուսական անտառներ:
Արգելոցի կենդանիներից հայտնի են գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, բեզոարյան այծը, վայրի ոչխարը, հովազը։ Կան օձեր, որոնց մեջ առանձնանում է հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Ընդհանուր առմամբ «Շիկահող» արգելոցի թռչուններից 20 տեսակ գրանցված է Հայաստանի կարմիր գրքում, որոնցից 4-ն ընդգրկված են նաև վտանգված տեսակների միջազգային կարմիր ցուցակում:Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ և սև անգղները: Այս կենդանիներից շատերը գրանցված են կարմիր գրքում:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
/Տեսնել բոլորը