Главная страница » ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ․ ԳՈՒՅՔ ԵՎ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ
Արարատ լեռան վերելքը բավականին ցանկալի, ինչպես նաև հասանելի է դարձել արշավականների շրջանում հատկապես վերջին տարիներին։ Այս վերելքի հետ կապված հարցերը շատ են․ Ի՞նչ արժե, որքա՞ն է տևում, ի՞նչ ջերմաստիճան է գագաթին, ի՞նչ ուտելիք է անհրաժեշտ, և, ամենապահանջված հարցը կապված է հանդերձանքի հետ։
Այս հոդվածում կփորձենք հնարավորինս մանրակրկիտ ներկայացնել Արարատ լեռան վերելքի համար անհրաժեշտ գույքն ու հանդերձանքը։
Սկսենք նրանից, որ որքան էլ որ լեռը գտնվում է հարավում և եղանակային պայմանները համեմատաբար ավելի բարենպաստ են՝ հաստապես ամռան ամիսներին, այնուամենայնիվ, հանդերձանքի ընտրման հարցում պետք է լինել հաշվենկատ և մոտենալ մեծ պատասխանատվությամբ։ Բարձր լեռները սիրում են ցույց տալ իրենց բնավորությունն անսպասելի և միանգամից, հատկապես 3000մ-ից բարձր բարձրության վրա։
ՔՆԱՊԱՐԿ
Քանի որ գիշերակացները լինելու են վրաններում՝ Ձեզ անպայման անհրաժեշտ է ունենալ քնապարկ, լավ քնապարկ․․․ Ո՞րն է լավ քնապարկը։ Լավ քնապարկերն այսօր շատ են շուկայում, այնքան շատ, որ երբեմն լայն ընտրության դեպքում դժվար է ընտրություն կատարել։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ բարձր լեռան դեպքում քնապարկի գլխավոր դերը տաքություն պահելն է։ Ուստի, հենց Արարատ լեռան դեպքում, խորհուրդ ենք տալիս ընտրել -10’C comfort ապահովող քնապարկ՝ հաշվի առնելով Արարատ լեռան լանջերին ջերմաստիճանի նվազագույն և առավելագույն ցուցանիշները։
ԿԱՏՎԻԿՆԵՐ
ԳԼԽԻ ԼԱՊՏԵՐ
Գլխի լապտերը Ձեզ պետք կգա դեպի գագաթ վերելքի գիշերը։ Վերջիններս լինում են հոսանքով լիցքավորվող և լիցքավորիչներով։ Ցանկալի է ընտրել 250-300 լուսադիոդ պարունակող լապտեր։
ԱՐՇԱՎԱՅԻՆ ՓԱՅՏԵՐ
Արշավային փայտիկների օգտագործումը ևս շատ կարևոր է, քանի որ վերջիններս իրենց վրա են վերցնում Ձեր ոտքերի վրա ընկած ծանրության մի մասը, երբ դուք հենվում եք փայտիկներին դժվարանցանելի վայրերում։
Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ փայտիկները լինեն երկարեցնելու և կարճացնելու հնարավորությամբ։ Դե իսկ փականները ցանկալի է, որ լինեն այնպիսին ինչպիսին նկարում է։
Արարատ լեռան ամառային սեզոնի վերելքի համար նախատեսված հագուսը մինչև 4200մ բարձրության վրա գտնվող ճամբարը կարող է լինել սովորական արշավային, իսկ 4200մ-ից բարձր (գագաթ գնալու գիշերը) հագուստը եռաշերտ է։ Ստորև կներկայացնենք հագուստը՝ ըստ շերտերի։
ԱՌԱՋԻՆ (ՆԵՐՔԻՆ) ՇԵՐՏ
ԹԵՐՄՈՀԱԳՈՒՍՏ
Հանդերձանքի անբաժանելի և շատ կարևոր մաս է կազմում թերմոհագուստը։ Այն իրենից ներկայացնում է երկար թևերով բլուզ և տաբատ։ Թերմոհագուստի կարման ժամանակ հումք են ծառայում սինթետիկ մանրաթելերը, ինչպիսիք են՝ պոլիեստերը, միկրոֆիբրան, լայկրան, որոնք խոնավությունը հեռացնող և ջերմությունը պահմանող ֆունկցիա են իրականացնում։ Գիշերակացի ժամանակ նույնիսկ կարելի է քնել թերմոհագուստով։
ԹԵՐՄՈ ԳՈՒԼՊԱՆԵՐ
Գուլպաների թերմո տեսակը ճիշտ համապատասխանում է Արարատ լեռան վերելքին՝ սկզբից մինչև վերջ։ Վերելքի սկզբին կարելի է հագնել բարակ մեմբրանե գուլպաներ, սակայն գագաթ գնալու համար պետք է ունենալ ավելի հաստը և տաքը։
ԵՐԿՐՈՐԴ (ՄԻՋԻՆ) ՇԵՐՏ
ՖԼԻՍԵ ՏԱԲԱՏ (ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ)
ԵՐՐՈՐԴ (ԱՐՏԱՔԻՆ) ՇԵՐՏ
ՏԱՔ ԵՎ ՔԱՄՈՒՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՏԱԲԱՏ
Կարևոր հանգամանք է հատկապես քամուց պաշտպանող շերտով տաբատը։ Խորհուրդ է տրվում ընտրել «Goretex» արտաքին շերտով տաբատները, որոնք ունեն նաև ներքին տաքացնող շերտ։
ՏԱՔ ԵՎ ՔԱՄՈՒՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԲԱՃԿՈՆ
Ինչպես տաբատն այնպես էլ բաճկոնը պարտադիր պիտի լինի քամուց պաշտպանող շերտով (Goretex)։ Այս դեպքում խորհուրդ ենք տալիս գլխանոցով բաճկոնները, քանի որ վերջիններs քամու ուժգնացման դեպքում բավականին օգտակար են լինում և կարելի է գլխանոցը հավելյալ հագնել գլխարկի վրայից։
Բաճկոնը նաև պետք է լինի հաստ․ մեծ տարածում ունի որպես հումք ծառայող պոլիեսթերը, սակայն մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս ձեռք բերել սագի փետուրով տարբերակները, կամ պոլիեսթերի և սագի փետուրի խառնուրդի պարունակությամբ հումքով բաճկոնները։
ԿՈՇԿԵՂԵՆ
5000մ+ բաձրության լեռների համար նախատեսված լեռնային կոշիկներ
Բարձր լեռնային կոշիկները միշտ ունենում են հաստ և ամուր տակացուներ, ինչպես նաև կոշիկի դիմամաս։ Եթե Արարատ լեռան վերելքից զատ այլ բարձր վերելքներ այլև չեք նախատեսելու՝ կարիք չկա գնել թանկարժեք և խիստ պրոֆեսսիոնալ տարբերակները։ Բավական է միայն ուշադրություն դարձնել կոշիկի ջրակայուն շերտին և տակացուի որակին (Vibram). Տակացուի այս տեսակը կարող եք տեսնել նկարում։
Թեթև արշավային կոշիկներ
Արշավային թեթև կոշիկները միանգամայն բավական են Ձեզ մինչև Արարատ լեռան 2-րդ ճամբար (4200մ) հասնելու համար։ Այնուամենայնիվ այստեղ ևս շատ կարևոր է կոշիկի ջրակայուն ֆունկցիան և երկարաճիտ լինելու հանգամանքը՝ հնարավոր վնասվածքներից զերծ մնալու համար, ինչպիսին է, օրինակ, որտի ոլորումը։
Արշավային սանդալներ
Արշավային սանդալները Ձեզ պետք կգամ ճամբարներում՝ վրանային կենցաղն ավելի հարմարավետ դարձնելու համար։
ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
ԼԵՌՆԱՅԻՆ ԱԿՆՈՑ
Արարատ լեռան վերելքի համար միանգամայն համապատասխան են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ 3-4 կատեգորիային պաշտպանությամբ լեռնային ակնոցները։
ՖԼԻՍԵ ՁԵՌՆՈՑ
Ֆլիսե ձեռնոցը պատասխանատու է վերին վերջույթներում ջերմության ապահովման համար։ Չմոռանաք ունենալ նաև 2-րդ զույգը՝ առաջինն անզգուշությամբ կորցնելու դեպքում։
ԹԱԹՄԱՆ
Թաթմանները նախատեսված են ֆլիսե ձեռնոցների վրայից կրելու համար։ Շատերի կողմից ակտիվ օգտագործվում են նաև մատներով ձեռնոցները, սակայն մենք խորհուրդ ենք տալիս ձեռք բերել հենց թաթմաններ․ վերջիններս ունեն ներսում ավելի ազատ տարածք և թույլ են տալիս շարժել մատները թաթմանի մեջ՝ այսպիսով կարգավորելով ձեռնոցի ներսում մատների ջերմությունը։
ՀԱՎԵԼՅԱՆ
Փչվող ներքնալ
Փչվող բարձ
Երկարաթև շնչող շապիկներ
Բարակ արշավային տաբատ
Հիգիենայի պարագաներ
Մեմբրանե փոքր սրբիչ
Լիցքավորիչներ
Powerbank
Հոդվածում նշել ենք ամենաանհրաժեշտ իրերի ցանկը, սակայն Արարատ լեռան վերելքի համար նախատեսված գույքի և հանդերձանքի ցուցակը կարելի է անվերջ մեծացնել։ Ձեռք բերելով փորձ և գիտելիքներ արշավային բնագավառում՝ ինքներդ կհասկանաք թե ինչն է անհրեշտ և ինչը՝ ոչ, հենց Ձեզ։
Մաղթում ենք երազանքի իրականացում։ Կհանդիպենք Արարատ լեռան գագաթին։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։