ԱԿՈՌԻ․ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ

Ակոռին գյուղ էր Այրարատ նահանգի Մասյացոտն գավառում, Մեծ Մասիսի վիհի եզրին։ Վիհը կոչվում է նաև Ակոռիի կիրճ, վերջինս շատ գեղեցիկ երևում է Հայաստանի Հանրապետության կողմից՝ Մասիսի սրտին։
Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն Ակոռիում տնկել է ուռենի, այստեղից և՝ Արկուռի – Ակոռի անվանումը։ Գյուղի անունն առաջին անգամ հիշատակվում է Ղազար Փարպեցու կողմից՝ 481-484 թվականների հայ-պարսկական պատերազմի կապակցությամբ։
Միջին դարերում Ակոռին եղել է խոշոր ավան, Խոր Վիրապի եպիսկոպոսական թեմի կենտրոն, ավելի ուշ շրջանում, Զաքարիա Քանաքեռցու վկայությամբ, այն եղել է այլազգի իշխողի նստավայր։

Ակոռի պատմական գյուղի Ճարտաչապետությունը

Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսը (661–667) Ակոռիում կառուցում է եկեղեցի, որը ոչ մեծ գմբեթավոր կառույց էր՝ երկու առանձին կանգնած մույթերով, արևելակողմի երկու ավանդատներով և ճակատային եռանկյունաձև խորշերով։ Ճարտարապետական մանրամասներն առնչվում են VII դարի ընդհանրացված ձևերին։ Այս եկեղեցին կործանվել է գյուղի հետ մեկտեղ։ Եկեղեցու հատակագիծը շատ մոտ նմանություն ու Անիի կաթողիկե եկեղեցուն, միայն ավանդատուները քառակուսի են, փոխանակ արևելյան կողմից խորանաձև լինելուն, արտաքին մասից (գուցե ներքին) մնացած սյուներից երևում է, որ շատ նման է Զվարթնոցի արտաքին որմնասյուներին՝ իր խոյակներով։

am-akori-the-village-on-the-slopes-of-ararat
Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսը

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲԻ ՎԱՆՔԸ

Ակոռիի մոտ, Մեծ Մասիսի հյուսիսարևելյան ստորոտին, գտնվում է Ս․ Հակոբի վանքը՝ բաղկացած խաչաձև գմբեթավոր փոքր եկեղեցուց և միաբանների կացարաններից։
Վանքը հիմնվել է 341 թ. Հակոբ Մծբնացու` Մծբինի երկրորդ եպիսկոպոսի կողմից։ Այն կառուցվել է Հայկական թագավորության Այրարատ նահանգի Մասյացոտն գավառում` Արարատ լեռան հյուսիսարևելյան լանջին։ Ասում են՝ վանքում եղել են Նոյան տապանի փայտի մասունքներ։ 1840 թ. հուլիսի 2-ի հզոր երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սբ. Հակոբի վանքը, Ակոռիի հարևան գյուղում գտնվող Առաքելոց վանքը և գյուղն ամբողջությամբ։Կործանված Ակոռիից ոչ հեռու գտնվող Նոր Ակոռի գյուղը XIX դարի վերջին ուներ մոտ 50 տուն, եկեղեցի և ռուսական ամրոցաձև պահակատուն։

am-akori-the-village-on-the-slopes-of-ararat
Սուրբ Հակոբի վանքը, Ակոռի

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲԻ ՄԱՍԻՆ ԼԵԳԵՆԴԸ

Լեգենդի համաձայն՝ Սուրբ Հակոբը բազմաթիվ անգամներ փորձել է բարձրանալ Արարատի գագաթը՝ գտնելու Նոյան տապանը, որը թաղված է սառույցի հաստ շերտի տակ։ Նա բարձրանում էր լեռը, ննջում և արթնանում էր լեռան ստորոտում, որտեղից սկսել էր բարձրանալ։ Մի քանի անհաջող փորձերից հետո երազում Աստված նրան ասում է. «Այլևս մի փորձիր գտնել Տապանը։ Ես քեզ կտամ մի կտոր այն փայտից, որից Տապանը կառուցվել է»։ Երբ արթնանում է, ի զարմանս իրեն, կողքին գտնում է փայտը։ Սուրբ Հակոբը որոշում է վանք կառուցել այնտեղ, որտեղից գտել էր փայտը։

Ակոռի գյուղի ավերիչ երկրաշարժը

1840 թվականի հուլիսի 2-ին Մեծ Մասիսի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գյուղը թաղվել է ժայռաբեկորների հաստ շերտի տակ։
Աղետից առաջ գյուղն ունեցել է 2200 բնակիչ, որից 1600-ը՝ հայեր։ Բնակիչները հիմնականում զբաղվել են այգեգործությամբ։
Ակոռիում գործում էր երկու վարժարան։ Արարատ բարձրանալիս գյուղում եղել են ճանապարհորդներ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերյոն, Բուլլեյ լը Գուզը, Ֆրիդրիխ Պարրոտը։ Երկրաշարժի պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844 թվականին Ակոռի է այցելել երկրաբան Հերման Աբիխը։

am-akori-the-village-on-the-slopes-of-ararat

Թե ինչպես այցելեցինք Ակոռի գյուղն այսքան տարի անց

Իրականացրեցինք 2023թ․-ի Արարատ լեռան հերթական վերելքներից թվով 4-րդը նկարահանող խմբի հետ։ Խումբը նկարահանում էր փաստավավերագրական ֆիլմ Նոյան տապանի և վերջինիս՝ Արարատ լեռան վրա հանգրվանելու վարկածի մասին։ Խմբի մեծ մասն հասավ գագաթ, իսկ մասնակիցներից մեկին 4600մ բարձրությունից անվգանգության նկատառումներից ելնելով ստիպված եղա հետ իջեցնել՝ ծանր ինքնազգացողության պատճառով։ Ծանր վերելք էր, վատ եղանակ, հոգնած նյարդեր և մկաններ։ Իհարկե Արարատ լեռան վերելքից, և, իհարկե վայրէջքից հետո իմ աշխատանքը խմբիս հետ ավարտված էր, բայց իրենցը դեռ պիտի շարունակվեր և գնար մինչև Ակոռի։ Անմասն չմնացի նաև ես, իջանք Արարատից, հանգստացանք և հենց հաջորդ օրը մեկնեցինք պատմական Ակոռի։
Ճանապարհը, որն անցնում էր հին Սրբ․ Հակոբի վանքով, ցավոք, փակ էր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ վերանորոգման աշխատանքների պատճառով, իսկ մյուս կողմից անթույլատրելի էր շրջանցել և հասնելը մինչև վանք՝ սահմանային փակ գոտու պատճառով։ Ստիպված եղանք գնալ Ակոռիի կիրճի անմիջապես տակ գտնվող նոր Ակոռի գյուղ՝ այլ ճանապարհով և կտրեցինք 60կմ-ի փոխարեն 120կմ ճանապարհ։
Ինչ խոսք, չափազանց անհասկանալի և անբացատրելի զգացողություն էր տեսնել Արարատի սրտի վիհն՝ այդքան մոտ հեռավորությունից։ Սիրտս տակնուվրա էր լինում, երկար հիացա միայն հեռվից, իսկ ավելի մոտ գնալ չփորձեցինք այս անգամ, սակայն խոստացել եմ մոտենալ առաջիկայում։
Տպավորիչ էր Արարատի ահռելի սառցադաշտի և վիհի ֆոնին տեսնել Ակոռի գյուղի հին գերեզմանատունը, որը գյուղի միակ, ավելի քան խոսուն նախնին է, որը դեռ կանգուն է ավերիչ երկրաշարժից հետո։ Խաչքարերի պես խոսուն էակներ կյանքումս երբևէ չեմ տեսել։ Որոշները՝ թեքված, որոշները՝ պառկած, բայց միևնույն է, այդքա՛ն խոսուն։
Լուսանկարները, որոնք արել եմ այնտեղ, կարող եք տեսնել ներքևում, հուսամ, որ տպավորության որոշակի մասը կփոխանցեն։

ԱԿՈՌԻ ԳՅՈՒՂԸ՝ ՀԻՄԱ

Ակոռի գյուղն այժմ անվանվում է Ագրի կամ Արգուրի, իսկ ժամանակին կոչվել է Ղարաքիլիսա և 1840 թ. ավերվել է երկրաշարժի հետևանքով և վերածվել ավերակների։ Հետագայում այն վերակառուցվել է և այժմ այն քրդական փոքր գյուղ է Յենիդողան անունով։ Այստեղ ապրում են քրդեր, որոնք ողջ կյանքի ընթացքում իրենց աչքերի առաջ տեսել են միայն Հայաստանը՝ ինչպես ձեռքի ափի մեջ։ Ասել, որ Հայաստանն ունի գեղեցիկ տեսք Արարատից՝ կստացվի ստել։ Բայց ես միայն ուրախ եմ դրա համար, թող, որ մեր ամենագեղեցիկ անկյուններն անհասանելի ու անտեսանելի լինեն այս կողմից։ Իսկ փոխարենը, գիտենք բոլորս, որ ամենագեղեցիկ տեսարանը դեպի Արարատ լեռը բացվում է հենց Հայաստանից։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Հեղինակ՝ Գոհար Սարգսյան

 

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԲԼՈԳ
/Տեսնել բոլորը

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]