Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։ Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ: Արցախում գտնվող հուշարձանների մեջ Ամարասի վանքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Այն անմիջապես առնչվում է Արցախում և Ուտիքում քրիստոնեության տարածման առաջին քայլերի հետ: Ամարասը մշտապես եղել է երկրամասի հոգևոր-մշակութային եզակի օջախներից մեկը:
Համաձայն պատմաբան Փավստոս Բուզանդի` վանքի առաջին եկեղեցին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբում: Եկեղեցու շինարարությունն ավարտին է հասել նրա թոռան` եպիսկոպոս Գրիգորիսի օրոք: Նա նահատակվել է 338թ.` Աղվանքում քրիստոնեությունը տարածելիս, և թաղվել Ամարասում:
Ամարասի վանքը կառուցված է հարթ տեղանքում՝ կանոնավոր ուղղանկյուն հատակագծով, 4 անկյուններում շրջանաձև բուրգերով ամրացված բարձր պարիսպներով, որոնց ներսից ողջ պարագծով կից են բնակելի և օժանդակ շինություններ: Երկու բակերից մեկի կենտրոնում Սբ. Գրիգորիս եկեղեցին է, որի բեմի տակ Սբ. Գրիգորիսի մատուռ-դամբարանն է: Չնայած նրան, որ Ամարասի վանքն ունի աշխարհագրական բարենպաստ դիրք նաև քաղաքական անկայունության դեպքում ունի նաև ապահովող նշանակություն․ պարիսպները բարձր են, պարիսպների ներսում կան հատուկ հարմարեցված տանիքներ, որոնք ստեղծված են մարտական նշանակության և պատսպարվելու համար։ Պարսպի երկարությունը արևելքից արևմուտք 85 մետր է, լայնությունը 59 մետր, բարձրությունը 5 մետր:
Դժվար է գերագնահատել Ամարասի նշանակալի դերը հայոց մշակույթի պատմության մեջ: Գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է Արցախի առաջին հայկական դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր: 15-ից 16-րդ դարերում այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ Դարի 30-ական թվականների վերջերին վանքն արդեն եպիսկոպոսանիստ էր և իր այդ դերը պահպանեց ընդհուպ մինչև 19-րդ դարը:
Ամարասի վանքը 5-րդ դարում ավերվում է հավանաբար Վարդանանց պատերազմի օրերին, քանի որ պարսից մոլեռանդ մոգերը թույլ չէին տա, որ իրենց երկրին այդքան մոտ գոյություն ունենար քրիստոնեության բորբոքող քուրան: Նույն դարի վերջում Հայաղվանքի արքա Վաչագան Բարեբաշտը հիմնովին վերանորոգում է վանքը:
1223 թվականին թաթար-մոնղոլները կողոպտում են Ամարասի հարստությունները: Վանքի կողոպտված գանձերի մեջ էին նաև 4-րդ դարից մնացած Գրիգորիսի գավազանն ու 36 ակներով զարդարված մի ոսկեձույլ խաչ: Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Հունաստանի կայսեր Դեսպինա դստեր առաջարկով խաչն ու գավազանն ուղարկում են Կոստանդնուպոլիս:
Մոտավորապես 1387 թվականին Ամրասը Արցախի տասնյակ վանքերի նման ենթարկվում է լենկթեմուրյան հրոսակների ասպատակություններին: Ավանդությունը պատմում է, որ Լենկթեմուրն իր զորքերը շարել է Ամարասից մինչև Արաքս գետը և հրամայել վանքի քարուքանդ պատերի քարերը միմյանց տալով թափել Արաքսի մեջ: Սակայն ասպատակիչները դեռ նոր էին հեռացել, երբ վանքը վերստին կանգնեց իր նախկին շուքով:
19-րդ դարի երկրորդ քառորդում Ամարասի վանքը որոշ ժամանակ ծառայել է որպես մաքսատուն: Այստեղ էին իջևանում արևելքից դեպի Ռուսաստան և եվրոպական մի շարք երկրներ գնացող առևտրական քարավանները:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի