Главная страница » ՀԱԼԻՁՈՐԻ ԲԵՐԴ
Երևանից 310 միլոմետր հեռավորության վրա է գտնվում հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր համալիրներից մեկը՝ Հայիձորի բերդը: Բերդը գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: Հալիձոր անվանումը ծագում է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։
Հալիձորի բերդի մասին շատ տեղեկություններ և ավանդություններ են պահպանվել: Բայց ավելի հետաքրքրականն այն է, որ այն նախապես եղել է կուսանաց անապատ եւ այստեղ ընդօրինակվել են ձեռագրեր: Վկայություններ կան այն մասին, որ այստեղ ապրել եւ ճգնել են 40 կույս, ինչպես նաեւ վանահայրեր: Այն կոչվել է Հալիձորի Սուրբ Աստվածածնի կուսանաց անապատ:
XVIII դ. վերակառուցել է Դավիթ Բեկը՝ դարձնելով ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Դրանից հետո Հալիձորի ճարտարապետական համալիրն ուրույն տեսք է ստանում. քառանկյան բերդ, որի կենտրոնում ամրանում են միջնաբերդն ու եկեղեցին:Սակայն այդ տարիներին ևս այն մնացել է մենաստան: Երբ 1727-ին թուրքական բանակը պաշարել է Հալիձորը, պաշտպանությանը մասնակցել են նաև միանձնուհիները: Հենց այդ պատերազմում էլ զոհված Դավիթ Բեկը թաղվել է ամրոցի գերեզմանատանը:
Հալիզորի բերդը հիանալի պահպանված ու հետաքրքիր կառույց է, որը շրջապատված է հարուստ բնությամբ:
Բերդը պարսպապատ է, իսկ արեւելյան կողմից այն անառիկ է շնորհիվ անհաղթահարելի զառիթափի, որն իջնում է դեպի Ողջի գետը: Պարսպապատերից յուրաքանչյուրի երկարությունը 50 մետր է, հաստությունը՝ մոտ մեկ մետր: Հարավային պարսպին կից ուղղանկյուն հատակագծով ոչ մեծ շինություն կա, որը, հավանաբար, կառուցվել է ավելի վաղ և մենաստանի պահակատունն է եղել:
Ամրոցի մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան պարիսպներում: Ամրոցն ունեցել է գաղտնուղի, որը, ավանդության համաձայն, տանում է դեպի Ողջի գետի ափը:
Ամրոցի կառույցների մեջ իր տեղադրությամբ և չափերով գերակշռողը Ս.Աստվածածին եկեղեցին է: Կառուցվել է XVII դ., վերակառուցվել՝ 1723 թ.: Եկեղեցին կառուցված է բազալտի անմշակ խոշոր քարերով և կրաշաղախով: Եկեղեցուն հարավից և հյուսիսից կից են երկհարկ թաղածածկ շինությունները, որոնց գավթի դեր են կատարել, իսկ դրանց տանիքներից գնդակոծել են գրոհոց թշնամուն:
Ամրոցից դուրս, արևելյան կողմում կառուցված է Հալիձորի բերդի մյուս եկեղեցին, որն իր հորինվածքով և չափերով հիմնականում նման է Հալիձորի Ս. Աստվածածին եկեղեցուն:
Ամրոցի հյուսիսային կողմում սեղանատունն է, իսկ արևմտյան պարսպին կից՝ միաբանության խցերի հետքերն են:
Միջնաբերդն ունեցել է ձիանոց, առանձնասենյակներ, սրահներ, օջախով խոհանոց, դիտակետեր եւ այլն: Միջնաբերդից դուրս պահպանվում է հին գերեզմանատունը՝ տապանաքարերով, որոնց վրա կան վիմագրեր:
Հալիձորի բերդի ճիշտ տեղադրության, պաշպանական ամուր համակարգի շնորհիվ Դավիթ Բեկը իր փաքրաքանակ զորքով կարողացել է դիմակայել թուրքական զորքերի պաշարմանը: Հալիձորի բերդը մեր պատմության մեջ խորհրդանշում է ուժ և անառիկություն:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի