Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս է գտնվում միջնադարյան նշանավոր ամրոցներից Պռոշաբերդը կամ Բոլորաբերդը: Ի դեպ, տեղացիներն այն անվանում են Բերդասար:
Ամրոցի մասին հնագույն հիշատակությունը
Ամրոցի մասին հնագույն հիշատակությունը պահպանվել է Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատությունում՝ 451 թ․-ին Վարդանանց պատերազմի համատեքստում հայկական զորքերի նահանջը նկարագրելիս: Վարդանանց պատերազմից հետո, պարսից Աթաչխուդայի կողմից հայերի հետապնդման հետ կապված, հեղինակը մեջբերում է հետևյալ խոսքերը. <<Հասնելով Վայոց Ձոր գավառի մեջտեղը, Եղեգիս և Մոզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատված բլրի մոտ, տեղի ամրության պատճառով մեծ արյունահեղություն արեցին>>։ Այստեղ հեղինակը չի նշում բերդի անունը, սակայն Օրբելյանը նշում է հարակից վայրերի մի քանի բնակավայրերի անունները, որոնք տեղաբաշխված են Բոլորաբերդի շրջակայքում։
Ամրոցի կառուցումը
Բոլորաբերդը կառուցվել է V դ․ Սյունյաց իշխանների կողմից: XIII դ․ սկզբին Զաքարյան եղբայրների գլխավորությամբ Հայաստանն ազատագրելուց հետո ամրոցը վերակառուցվել է և դարձել նշանավոր Պռոշյան իշխանական տոհմի ռազմավարչական կենտրոնը, հետագայում նաև նրանց անունով կոչվել «Պռոշաբերդ»։
Ամրոցի կառուցվածքը
Ամրոցի բոլորապարիսպներից ներս ընկած տարածքը զբաղեցնում է 1,5 հա տարածություն։ Ամրոցի հատակագիծը իրենից ներկայացնում է յոթանիստ բազմանկյուն։ Այն ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակների հետքերը պահպանվել են մինչ օրս։ Պահպանվել են նաև պարիսպը և բուրգերը։ Պահպանված ամրոցապատերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 120 մետր։ Պարսպապատերի միջին բարձրությունը արտաքինից 6-7 մետր է։ Բոլորաբերդի բոլոր կառույցները կառուցված են տեղական մոխրագույն բազալտից։ Ամրոցի բուրգերը հինգն են, որոնցից պահպանվել են չորսը։ Առաջին երկուսը հանդիսացել են հսկիչ դիտաշտարակներ, որտեղից լավ տեսադաշտ է բացվում դեպի ամբողջ ձորահովիտը։
Պռոշաբերդը՝ որպես իշխանական պաշտպանական կառույց
Բոլորաբերդը իր ընտրված ճիշտ դիրքի շնորհիվ հանդիսացել է իշխանական պաշտպանական կառույց։ Ամրոցի մաս է կազմել Բոլորաբերդ-Սպիտակավոր երկկենտրոն պաշտպանական համակարգը։ Բլուրը, որի վրա կառուցված է ամրոցը, գերիշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ, որի բարձունքից անամպ եղանակին երևում է Եղեգիս գետի հյուսիսային հոսանքի ամբողջ Գետահովիտը և ամրոցից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Սմբատաբերդը։ Բոլոր կողմերից անմատույց ժայռածերպերն արդեն բնականից անմատչելի են դարձնում վերելքը դեպի գագաթ։ Մոտեցման միակ, առավել հարմար կողմն հյուսիս-արևելքից է։
Ավանդություն
Պարսից խանը հարձակվում է Պռոշաբերդի վրա։ Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո նա որոշում է պաշարել բերդը։ Անցնում է մի ամիս, երկու ամիս, բայց ամրոցը անսասան է մնում։ Խանը հասկանում է, որ պետք է կտրել ամրոց մտնող ջուրը, բայց նրա զինվորները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել աղբյուրը։ Այդ ժամանակ մի իմաստուն մարդ խորհուրդ է տալիս յոթ օր ծարավ պահել մի ջորի։ Այդպես էլ անում են։ Երբ կենդանուն բաց են թողնում ամրոցի մոտակայքում, նա սկսում է ջուր փնտրել։ Հողի տակ խոնավություն զգալով՝ փորում է և գտնում ամրոցին ջուր մատակարարող խողովակաշարը։ Ջուրը կտրելուց հետո ամրոցի պաշտպանները ստիպված անձնատուր են լինում։
Պռոշ իշխանի գանձերը
Ըստ ավանդության՝ Պռոշ իշխանը, հարձակումներից վախենալով, իր գանձերը թաքցրել է ամրոցի պատերում և մոտակայքում տեղակայված սարերում: Ասում են, որ իշխանի թողած արձանագրությունը ճիշտ մեկնաբանելու դեպքում, հնարավոր է գտնել այդ գանձերը:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի