Հատկապես տարվա ցուրտ եղանակին ցանկացած տեսակի գործունեության համար հագուստի ամենակարևոր տարրերից մեկը միանշանակ թերմոհագուստն է ։ Անկախ նրանից, թե դուք զբաղվում եք ձմեռային սպորտով, կամ գնում եք արշավ, սկսեք ձեր հանդերձանքը հավաքել ճիշտ թերմոհագուստ ընտրելուց:
Մարդն ամենից հարմար է զգում այն պայմաններում, երբ ոչ շատ ցուրտ է, ոչ էլ շատ տաք: Եթե մենք մարզվում ենք կամ բացօթյա այլ գործողություններ ենք կատարում, մեր մարմինը ակտիվորեն քրտինք է արձակում: Մարմնի օպտիմալ ջերմաստիճանը պահպանելու համար խորհուրդ է տրվում հագուստի մեջ օգտագործել եռաշերտ հագնվելու սկզբունքը, որտեղ առաջին շերտը հենց թերմոհագուստն է, երկրորդը՝ ֆլիսից բաճկոնը, իսկ երրորդը՝ մեմբրանային բաճկոնը:
Թերմոհագուստը հատուկ ներքնազգեստ է, որի հիմնական նպատակը մաշկից խոնավությունը հեռացնելն ու ջերմությունը պահպանելն է։ Նման հագուստի մի քանի տեսակներ կան, որոնք տարբերվում են ըստ իրենց գործառույթների։ Ե՞րբ է հայտնվել ջերմային ներքնազգեստը և ով է այն հորինել, ստույգ հայտնի չէ։ Պատերազմի տարիներին հագուստի շատ արտադրողներ փորձում էին ներքնազգեստը հարմարավետ դարձնել ցուրտ պայմաններում ծառայող զինվորների համար։ Տասնամյակներ անց՝ միայն 1976 թվականին, ճապոնացիները մշակեցին միկրոֆիբրը, որը նրանք սկսեցին օգտագործել թերմոհագուստ պատրաստելու համար։ 1994 թվականին ճապոնացի արտադրողները ստեղծեցին նյութ, որը կլանում էր խոնավությունը և նախատեսված էր Լիլհամմերում ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկային կոստյումների համար: Երեք տարի անց այս տեսակի հագուստը թողարկվեց զանգվածային արտադրության։ Երբ հայտնագործվեց թերմոհագուստը, առաջինը դրա առավելությունները գնահատեցին լեռնագնացներն ու մարզիկները:
Որոնք են թերմոհագուստի հիմնական առավելությունները սովորական բամբակյա ներքանզգեստի նկատմամբ:
Խոնավություն հեռացնող
Այս տեսակի թերմոհագուստը բաղկացած է 100% սինթետիկ նյութերից (պոլիամիդներ, էլաստան և պոլիպրոպիլեն): Նրա հիմնական գործառույթը մարմնի մակերևույթից խոնավության հեռացումն է: Այս հագուստները նախատեսված են ֆիզիկական բարձր ակտիվության պայմաններում օգտագործելու համար։ Նման թերմոհագուստի հիմնական հատկությունները մարմնից խոնավության հեռացումն ու նյութը չոր պահելն է։
Ջերմախնայող
Այս տեսակի թերմոհագուստները կարվում են հատուկ ծավալային գործվածքներից։ Այս տեսակի թերմոհագուստը հիմնականում պատրաստում են բնական բրդից: Նման հագուստը նախատեսված է ցածր ֆիզիկական ակտիվության համար զրոյից ցածր ջերմաստիճանում:
Հիբրիդ
Նման թերմոհագուստը լավ հեռացնում է խոնավությունը և պահպանում է ջերմությունը: Այսպիսի թերմոհագուստը սովորաբար բաղկացած է մի քանի շերտերից։ Ներքինը նախատեսված է խոնավությունը հեռացնելու համար՝ պատրաստված սինթետիկ նյութերից։ Արտաքին շերտի հիմնական գործառույթը ջերմություն ապահովելն է (կարող է բաղկացած լինել բրդից):
Թերմոհագուստը պետք է մաքսիմալ շփվի մարմնի հետ և ամբողջովին համապատասխանի դրա չափերին։ Այսպիսով ամբողջ խոնավությունը ակնթարթորեն կներծծվի ու կհեռացվի, իսկ ավելորդ ծալքերը անհարմարություն չեն առաջացնի։
Ուշադիր կարդացեք թերմոհագուստի պիտակի վրա առկա օգտագործման և լվացման հրահանգները:
Սինթետիկ նյութի խնամքը բավականին պարզ է. այն չի դեֆորմացվում, պետք է պահպանել միայն լվացքի ճիշտ ջերմաստիճանային ռեժիմ: Արդուկել թերմոհագուստը անհրաժեշտ չէ:
Բրդյա թերմոհագուստը պետք է լվացվի բրդի համար նախատեսված հատուկ ռեժիմով, եթե ձեր լվացքի մեքենան չունի այսպիսի ռեժիմ, հարկավոր է լվանալ ցածր պտույտներ ունեցող ռեժիմով:
Որպեսզի թերմոհագուստից տհաճ հոտ չգա և այն ավելի երկար ծառայի , հնարավորության դեպքում լվացեք այն յուրաքանչյուր օգտագործումից հետո:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։