Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևմուտք է գտնվում ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդը, որը հայտնի է նաև որպես Գեվորգ Մարզպետունու ամրոց: Ամրոցը գտնվում է Խոսրով գետի աջ ափին, բարձունիք վրա, Կոտուց լեռան հվ-արլ. լանջին : Երբեմնի հզոր վանքի ավերակները տեսնելու համար հարկավոր է Խոսրովի արգելոցի  մուտքին հասնելուց առաջ, խորդուբորդ ճանապարհով թեքվել ձախ և անցնել մի քանի 100 մետր: Տափի բերդը վանք-ամրոց է:  Այն կառուցվել է X դ.  առաջին քառորդում։

ԱՄՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Կանոնավոր հատակագծով քառանկյուն շինություն է՝ շրջապատված քառաբուրգ ուղղանկյուն պարսպով։ Պարիսպների չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև աշտարակներով: Պարսպի պատերին կից կան բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում է եկեղեցին:

Վանք-ամրոցի XIII դ. եկեղեցին, թաղածածկ դահլիճ է: Եկեղեցին կառուցված է սպիտակ ֆելզիտի մաքուր տաշած քարերից: Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Ամրոցի տարածքում կան մի քանի խաչքարերի բեկորներ:

ՏԱՓԻ ԲԵՐԴԸ ՈՐՊԵՍ ԳՐՉՕՋԱԽ

Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496 թվականից, որտեղ Բարսեղ գրչի ձեռքով գրվել է «Սաղմոսարան»: Մատուռի հյուսիսային պատի ներսի երեսին պահպանված է ընդարձակ արձանագրություն, որը փորագրված է 1256 թվականին։ 

Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի