Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին է գտնվում միջնադարյան հայկական հրաշակերտ վանական համալիրներից՝ Մաքենիսի վանքը: Հիշատակվում է վաղ միջնադարից: Վանքը եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից մեկը:
Մատենագրական աղբյունրներում և վիմական արձանագրություններում հիշատակված է Մաքենոց, Մաքենեաց, Մաքենացոց, Մաքեստանից, և այլ ձևերով: Վանքի Մաքենիս անվան ծագումը ավանդաբար կապում են մաքի անվան հետ: Մաքի նշանակում է էգ ոչխար: Վանքն ունեցել է մեծ քանակությամբ մաքիներ: Ըստ այլոց` տեղի վանականները միշտ հագել են մաքու բրդից գործված զգեստներ և իբր դրա հետ է կապված Մաքենիս անվան ծագումը: Մյուս վարկածը կապված է Գրիգոր Սյուփայի դուստր՝ Մաքեի անվան հետ ։ Ըստ զրույցների իշխանը կառուցել է եկեղեցին և անվանակոչել է իր դստեր անունով:
Պետականության կործանման հետևանքով սկսված թաթար-մոնղոլական արշավանքներից և անմասն չի մնացել նաև Մաքենյաց համայնքն ու վանական համալիրը։ Ավերվել և թալանվել է եկեղեցական կալվածքներով հարուստ վանքն ու երբ գյուղում մեծացել է թուրքական տարրը , գյուղը ինչպես նաև եկեղեցին անվանակոչվել են ՝ Կզլվանք , որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է Ոսկե վանք ։ Այնուհետև սովետական միության տարիներին գյուղն անվանակոչվել է Չիչակլու , որը թարգմանաբար նշանակում է Ծաղկեստան։ 1977 թ-ին գյուղը կրկին վերանվանվել է Մաքենիս։
Համալիրը բաղկացած է 37 միավոր ենթահուշարձաններից, որոնցից գլխավորներն են՝ Սբ. Աստվածածին եկեղեցին, գավիթը, երկու թաղածածկ եկեղեցիները, մեկ միանավ եկեղեցին, գերեզմանոցը և պարիսպը:
Ս. Աստվածածնի գլխավոր տաճարը գտնվում է բակի ներսում: Այն իրենից ներկայացնում է ներքուստ խաչաձև գմբեթավոր կառույց: Անկյուններում ունի խորաններ: Այստեղ երևում են նաև բազմաթիվ խուցերի և այլ կառույցների ավերակներ: Պատերին ունեցել է քանդակներ ու որմնանկարներ: Եկեղեցու շրջակայքում պահպանվել են խաչքարեր, որոնք ժամանակագրական առումով համապատասխանում են IX-X դարերին:
Ս. Աստվածածնի արևմտյան կողմում է գտնվում 10-րդ դարում ավելացրած հասարակ գավիթը: Ս. Աստվածածնի արևմտյան կողմում էր գտնվում 7-րդ դարում կառուցված միանավ եկեղեցին, որն ամբողջովին ավերված է:
Պարսպից դուրս կանգուն են մնում երկու թաղածածկ եկեղեցիները:
Մաքենյաց վանքի առաջնորդ Սողոմոն Մաքենացու առաջնորդության տարիներին Մաքենյաց վանքի դարձել է Գեղարքունիք գավառի ամենանշանավոր կրոնամշակութային կենտրոնը: Սողոմոն Մաքենացու հիմնադրած դպրոցը գոյատևել է գրեթե մեկ դար: Այստեղ է ուսանել պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին: Այստեղ ուսուցանելու են եկել և Սյունյաց աշխարհից, և Հայաստանի տարբեր վայրերից: Դպրոցում դասավանդվել է փիլիսոփայություն, աստվածաբանություն, սաղմոսերգություն, երաժշտություն: Հենց Մաքենիսում ստեղծել է <Տոնական ժողովածուն>, որը քրիստոնեական տոների , վարքերի, վկայաբանությունների , ճառերի ամբողջական ժողովածու է , որը ճառերի պարունակության հետևանքով կոչվել է նաև ճառընտիր։ Ճառընտիրը ստեղծվել է Մաքենյաց վանքում 747թ -ին և այդ մասին տեղեկություն պահպանվել է հայոց ամենամեծ ձեռագրում ՝ Մշո ճառընտիրում ։ Աղբյուրներում Սողոմոն Մաքենացին հիշատակվում է «Հրաշալի այր», «Հայրենյաց պարծանք» անուններով:
Միջնադարում վանքն այնքան հռչակավոր է եղել, որ պատմիչ Մովսես Կաղանկատվացին այն բնորոշել է «մեծ մայրաքաղաքն Մաքենացւոց»: Վանքում է պահվել XI դարում Եդեսիայից բերված կենաց փայտի մասունքով Մաքենյաց Սբ. Նշան խաչը:
728-ին Ատրպատականից պարսիկ Բաբանի հրոսակները ներխուժել են Գեղարքունիք գավառ, սպանել 15 հազար հոգու, կողոպտել Մաքենյանց վանքը, այրել ու ավերել վանքի բոլոր շինությունները: Մինչև այդ, խույս տալով վտանգից, Մաքենյանց վանքի միաբանության կեսը Սողոմոն վարդապետի գլխավորությամբ տեղափոխվել է Զրեսկ վանքը, մյուս կեսը՝ Արցախի Եղիշե առաքյալի վանքը: Լքված և ավերված վանքը 788-ին վերականգնել է Սողոմոն Գառնեցին:
Արաբական արշավանքների ժամանակ եկեղեցու վանահայրերը ցրվում են այլ վանքեր և Մաքենյաց վանքը կորցնում է իր նախկին փառքը: Ավերումներից հետո` 788 թ վանքը վերանորոգվել է, սակայն հիմնականում վերածնունդ է ապրել 9-րդ դ. երկրորդ կեսերին, երբ Գեղարքունիքի գահակալ իշխան է դառնում Գրիգոր Սուփան 2-րդը: 9-րդ դարի վերջում նա հիմնովին վերակառուցում է վանքի գլխավոր` սբ. Աստվածածին եկեղեցին և այստեղ կատարում ընդարձակ կառուցումներ: Նա Մաքենյաց վանքին նվիրել է այգիներ՝ Գառնիում, Երևանում, Եղեգիսում, 5 կրպակ՝ Անիում, նախիրներ և այլն: Իր այս կատարած գործերի մասին եկեղեցու արևելյան պատի վրա նա գրել է տվել մի մեծ արձանագրություն, որի բեկորներն են միայն պահպանվել: Պատմագիր Ստ. Օրբելյանը ժամանակին այն արտագրել է և տեղադրել իր աշխատության մեջ: Տաճարի պատերին պահպանվել են այլ վերանորոգումների, այդ թվում նաև 17-րդ դ. վերանորոգման մասին արձանագրություններ:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանի