ՀՀ Կոտայքի մարզի Թեղենիք գյուղից 2.5 կմ արևմուտք է գտնվում Թղիթ ամրոցը: Գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ մի բլրին: Ամրոցը ունի ծովի մակարդակից 2050-2090 մ բարձրություն:
Թղիթ ամրոցը 1975 թ. հայտնաբերվել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի, հնագիտության և ազգագրության ինստիտուտների և Երևանի համալսարանի հայագիտության կենտրոնի միացյալ հնագիտական արշավախմբի կողմից: Վերգետնյա նյութի քննության հիման վրա ենթադրվում է, որ ամրոցը պատկանում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերին: Ամրոցը դեռևս կանոնավոր պեղումներով ուսումնասիրված չէ:
Ամրոցը գրավում է մոտ 1 հա տարածություն: Ամրոցի հիմնական մուտքը արևմտյան կողմից է: Ամրոցն արևմտյան կողմում եռաշերտ պարիսպ է ունեցել: Պարսպի և աշտարակների պահպանված մասերի բարձրությունը տեղ–տեղ անցնում է 6 մ–ից։ Պարսպի արտաքին պատերը շարված են խոշոր քարերից, ներքին պատերը ավելի մանր քարերից: Բերդի հակառակ կողմում պարսպի պատերը ավելի բարակ են, քան առաջամասում, քանի որ այն միաձուլվում է ժայռին և դրանով իսկ դառնում անմատչելի:
Պարսպի վրա պահպանվել են նաև գլխավոր դարպասը (լայնությունը՝ մոտ 5 մ) և 2 մուտք։ Հարավային պարիսպը ձգվում է դեպի արևելք՝ մոտ 50 մ և վերջանում ուղղանկյունաձև աշտարակով։ Մուտքից աջ՝ մոտ 25 մ հեռու, պարսպի մեջ ուղղանկյուն գաղտնուղի է եղել։ Ամրոցը պահող բլրի հյուսիսային կողմում մոտ 30 մ բարձրությամբ գրեթե անմատչելի ժայռեր են, որոնց միջով ժամանակին գաղտնուղի է գործել՝ դեպի ներքեւում գտնվող բնակավայր, որտեղ այժմ միայն տների հիմքերն են մնացել և դամբարաններ։ Ամրոցի հյուսիսարևմտյան կողմում կա արհեստական ջրամբար, որի ջրերն առաջանում են ձնհալքից եւ անձրևներից։
Գտնվելով կարևոր դիրքում և լինելով բավական ամուր և անառիկ՝ Թղիթ ամրոցը, հնարավոր է, երկար դարեր է ծառայել մեր ժողովրդին։ Հնարավոր է՝ նաև Աշոտ Երկաթ թագավորն է այստեղ ինչ-որ ժամանակ ամրացել, և ժողովուրդը դրա համար այն կոչում է «Աշոտ Երկաթի բերդ»:
Դեպի Թղիթ ամրոց տանող ճանապարհը սկսվում է Թեղենիք գյոււղից, որը գտնվում է Երևանից 10 կմ հեռավորության վրա: Թղիթ ամրոց հասնելու ճանապարհին պահպանվել է մի մատուռ, որն անվանում են Ծաղկեվանք: Գյուղից դեպի ամրոց ճանապարհը երկար չէ, բայց անբարեկարգ է և դժվարամատչելի: Որքան ճանապարն ավելի է մոտենում բլրին, որի վրա բերդն է, այնքան տեղանքը ավելի անտառապատ է դառնում: Թղիթ բերդից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Մասիս, Հատիս, Արա և Արագած լեռներ և Թեղենիք գյուղ:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի