Արշավ Քարկատարի լեռներում․ Ծաղկաշատ երթուղի
Տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռաշղթաներով, մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորերով, դաշտերով, լճերով, ջրվեժներով ու քարանձավներով լի Վայոց Ձորի մարզը պատրաստ է զարմացնել յուրաքանչյուրին։ Այս յուրահատուկ մարզը իր տարածքի մակերևույթի առանձնահատկությունների շնորհիվ զբոսաշրջիկներին առաջարկում է այն ամենն, ինչ պետք է անմոռանալի ճանապարհորդություն ունենալու համար` ժայռամագլցում մինչև քարանձավային տուրիզմ։ Ամենուրեք բացահայտելու նոր բան կա։ Այս անգամ միասին կբացահայտենք Հորսից Աղավնաձոր քայլարշավային երթուղին։
Երթուղու մասին ընդհանուր տեղեկություն
Հորսից Աղավնաձոր
Քայլարշավը սկսվում է Հորս գյուղից։ Մոտ 6 կմ քայլելով հասնում ենք Հորսի լիճ։ Այնուհետև գծանշված արահետով շարունակում ենք քայլել մինչև Աղավնաձոր գյուղ։ Ճանապարհին ևս մեկ փոքրիկ լիճ կա, որին տեղացիներն անվանում են Ապրանք։ Քայլարշավն ավարտում ենք Աղավնաձորում։ Երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 18 կմ։ Միջին բարդության երթուղի է։ Երթուղին անցնելու համար առավել նախընտրելի սեզոն է համարվում գարունը, երբ բնությունը զարթոնք է ապրում, իսկ շուրջ բոլորս ծաղկած մարգագետիններ են։ Շրջակայքի գեղեցիկ բնապատկերները մոռացնել են տալիս ճանապարհի երկարությունը։ Ողջ ճանապարհին քեզ ուղեկցում են մեկը մյուսի հետևից բացվող անվերջանալի թվացող լեռնաշղթաները, իրենց վեհաշուք գագաթներով` Քարկատարի լեռներ, Վարդենիսի լեռներ, Վայքի լեռներ, Գանձակի լեռներ։
Հորս գյուղ
Ծովի մակերևույթից 1650 մ բարձրության վրա գտնվող Հորս գյուղը մարզկենտրոն Եղեգնաձորից գտնվում է 20 կմ հեռավորության վրա։ Գյուղը վերաբնակեցվել է 1918 թ-ին Նախիջևանի Մեծոփ գյուղից ներգաղթած ընտանիքներով։ Գյուղի կենտրոնում կառուցված «Չեսարի Դարպաս» կոչվող կառույցը ու նրան հարակից եկեղեցական համալիրը թվագրվում են 13-րդ դարին, ինչն էլ վկայում է գյուղի հին լինելու մասին։ Այստեղով է հոսում Հորս գետը, որը Սելիմագետի աջակողմյան վտակն է։ Տեղի բնակչության հիմնական զբաղմունքն է անասնապահությունը, խաղողագործութունը, ծխախոտագործությունը։
Հորսի լիճ
Հորս գյուղից մոտ 6 կմ հեռավորության վրա է գտնվում համանուն Հորսի լիճը։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից 2090 մ բարձրության վրա։ Քարկատարի լեռներով շրջապատված լիճը ձմռան ամիսներին սառչում է, ստանալով կախարդական գեղեցկություն։ Լճի ջրերն օգտագործում են ոռոգման նպատակով, իսկ տեղացիները այստեղ զբաղվում են նաև ձկնորսությամբ։
Աղավնաձոր գյուղ
Գտնվում է ծովի մակարդակից 1450-1600 մ բարձրության վրա։ Գյուղի հիմնադրումը վերագրվում է 13-րդ դարի սկզբներին։ 1828թ․ ռուս-պարսկական պատերազմի տարիներին Խոյից, Սալմաստից, Վանից, Մակուից, Սասունից և Նախիջևանից մարդիկ եկել են և վերաբնակեցվել այստեղ։ Աղավնաձորի շրջակայքում եղել են շատ բնակավայրեր։ Այս տարածքում գտնվել են մ․թ․ա․ 2-րդ հազարամյակին թվագրվող կահ-կարասիներ, խաչքարեր։ Այդ շրջանում շատ էին զբաղվում խաղողագործությամբ։ Հատկապես տեղանքին լավ է հարմարվել «Արենի» տեսակի խաղողը։ Գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա է գտնվում Ուլգյուր գյուղատեղին։ Ի դեպ, այն միջնադարի մեծ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ Մոմիկի ծննդավայրն է։
Քարկատարի լեռներ
Քարկատարի լեռները գտնվում են Վայոց Ձորի հյուսիսարևմտյան մասում։ Ամենաբարձր կետը համանուն գագաթն է՝ Քարկատարը, որն ունի 2961 մ բարձրություն։ Լեռնաշղթան ունի 20 կմ երկարություն։ Լեռնաշղթայի լանջերից են սկիզբ առնում Արփա և Եղեգիս գետերի մի շարք վտակներ։
Քարկատարի լեռների երթուղին
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։