Քոբայր
Միջնադարի աչքի ընկնող պատմաճարտարաետական հուշարձաններից մեկն է Քոբայրը։ Ամրակուռ ժայրերով շրջապատված վանքի պատմությունը կապված է հայկական միջնադարյան նշանավոր երկու տների՝ Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների հետ։
Անվան ծագումը կապված է այր (վրաց․ քոբ- քարայր) բառի հետ։
Վանական համալիրը եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը։ Նրա հետ են կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը։
Պատերին կան մեծ թվով հայերեն և վրացերեն արձանագրություններ։ Վրացերեն արձանագրությունների առկայությունը կապված է այն փաստի հետ, որ 13-րդ դարի կեսերին վանքը Կյուրիկյաններից անցնելով Զաքարյաններին վերածվում է քաղկեդոնական եկեղեցու։
Դեպի միջանադարյան հրաշքը
Երթուղին սկսվում է Քոբայր գյուղից։ Գլխավոր ճանապարհից փոքրիկ արահետը Ձեզ կտանի դեպի վեր։ Մոտ 40-50 մ բարձրանալուց հետո Ձեր դիմաց բացվում է Քոբայրի վանքը։ Այն միանգամից հիացնում է յուրաքանչյուրին։
Բարձունքից բացվող տեսարանը շշմեցնող է՝ ներքևում Դեբեդն է, դիմացդ՝ Լոռվա խիտ անտառները իրենց ողջ հմայքով։ Ժայռեղեն խոր կիրճի գեղանկար բնության հետ հուշարձանի ներդաշնակ զուգակցումը վանքի համայնապատկերը դարձնում է բացառիկ տպավորիչ։
Վանքի կառուցվածքը
Վանքը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատի մնացորդներից։ Պատերը հիմնականում կառուցված են բազալտից և ամրացված են կրաքարով։
Վանքի գլխավոր եկեղեցին գտնվում է հուշարձանախմբի հարավարևելյան կողմում։ Կիսավեր վիճակում է։ Միանավ դահլիճ տիպի կառույց է։ Ունի երկու մուտք՝ հյուսիսային և արևմտյան կողմերից։ Խորանն ունի երկու շարքում տեղադրված հինգ պատուհան։ Խորանի վրա և բեմի հյուսիսային պատին պահպանվել են որմնակարներ, որոնք հիացնում են իրենք նրբագեղութայմբ։ Խորանի որմնանկարները կազմում են երեք շարք։ Դրանցից վերևինում պատկերված է Աստվածամայրը մանկան հետ, որի երկու կողմում հրեշտակապետերն են, միջինում՝ հաղորդության տեսարանն է, իսկ ստորինում սրբերի ֆիգուրներ են։ Որմնանկարների այդ երեք շարքերն իրարից բաժանված են զարդագոտիներով։
Եկեղեցուն հյուսիսից կից է մատուռ-ավանդատունը, որն ունի քառակուսուն մոտ համաչափություններ։ Այն նույնպես պատված է եղել որմանանկարներով, որոնցից պահպանվել են խորանի հյուսիսային և հարավային պատերի վրա։ Խորանի որմնկարները արված են նույն հորինվածքով, ինչ մեծ եկեղեցու խորանինը։
Մեծ եկեղեցու արևելյան կողմում՝ անմիջապես ժայռի եզրին գտնվում է միանավ թաղածածկ Մարիամաշեն եկեղեցին, որը կիսավեր վիճակում է։ Ըստ պատերին պահպանված արձանագրությունների եկեղեցին կառուցվել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից՝ 1171 թ․-ին։ Եկեղեցում կից կան մի քանի փոքր մատուռներ։
Գլխավոր եկեղեցու հյուսիսային մասում՝ ավելի բարձր տեղադրությամբ գտնվում է զանգակատուն-տապանատունը։ Հատակը հարթեցված ժայռ է, մասամբ պատված տապանաքարերով։ Հարավային պատուհանի արևելյան կողմում փորագրված է արևի ժամացույց։ Քոբայրի զանգակատուն-տապանատունը նմանատիպ կառույցների այն փոքրաթիվ օրիանակներից է, երբ զանգակատունն ու տապանատունը մեկտեղված են։
Զանգակատնից ընդամենը 2,5 մ հեռավորության վրա է գտնվում վանքի սեղանատունը։ Այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն ընդարձակ դահլիճ։
Հուշարձանախմբից դեպի հարավ-արևելք՝ մոտ 0,5 կմ հեռավորության վրա գտնվում է ոչ մեծ եկեղեցի՝ հայտնի Չիթախանց վանք անունով։ Միանավ ուղղանկյուն կառույց է։ Ուշագրավ է նրանով, որ ունի ստորգետնյա տոհմական դամբարան։