Հայկական լեռնաշխարհում բուրգ կազմող եռյակը
Հայկական լեռնաշխարհում կան մի քանի տասնյակ լճեր։ Դրանցից յուրաքանչյուրն էլ ինքնատիպ է ու յուրօրինակ, բայց այդ բոլորի մեջ առանձնանում է Հայկական լեռնաշխարհում բուրգ կազմող եռյակը՝ Վանա, Սևանա և Ուրմիա լճերը։ Գտնվելով միմյանցից որոշակի հեռավորության վրա, լճերը, իրենց միջև վեր խոյացող լեռների հետ միասին կազմում են Հայկական լեռնաշխարհի «բուրգը»։ Հիմքում կարող ենք տեսնել արտահայտված հավասարասրուն եռանկյունը։ Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր քարտեզների վրա կարող ենք գտնել այս եռյակը։ Դե ինչ, ծանոթանանք աշխարհագրական այս ֆենոմենի հետ։
Վանա լիճ
Բզնունյաց ծով
Հայկական լեռնաշխարհի ներկայումս ամենամեծ լիճը՝ Վանը, գտնվում է Մեծ Հայքի Տուրուբերան և Վասպուրական նահանգներում։ Վանա լիճը պատմական Հայաստանում ծով է կոչվել։ Ընդհանրապես մեր նախնիները Հայկական բարձրավանդակում գտնվող լճերին ծով են անվանել, ավելի փաղաքշական ձևով՝ ծովակ։ Միջնադարյան հեղինակները լիճը հիշատակել են Տոսպ կամ Տոսբ ձևով։ Այն նաև անվանել են Բզդունյաց ծով և Ռշտունյաց ծով՝ տարածքում իշխող ցեղերի անուններով՝ Բզնունի և Ռշտունի։ Վանա լիճը ասորեստանցիները կոչում էին «Նաիրի երկրի ծով» ընդ որում հնարավոր է, որ «Նաիրի» անվանումը ասորերեն նշանակում էր «ուրարտացիներ»։
Տեկտոնական ծագում ունեցող լիճ է։ Գտնվում է 1720 մ բարձրության վրա։ Լճի հայելու մակերեսը կազմում է 3760 կմ², որը 2.5 անգամ գերազանցում է Սևանա լճի հայելու մակերեսը։ Խորութունը հասնում է 145 մ-ի։ Սնման աղբjուր են հանդիսանում լիճ թափվող գետերը, տեղումները և ստորերկրյա ջրերը։ Շրջապատված է Կորդվաց, Կոտուր և Ծաղկանց լեռներով։ Վանա լիճը ունեցել է շատ կզղիներ։ Բզնունյաց կղզիք․․․ Սեբեոսը այսպես է կոչել Բզնունյաց ծովի կամ Վանա լճի կղզիները։ Սակայն խոշորագույներն են մնացել՝ Լիմը, Կտուցը, Առտերը, Աղթամարը։ Լճից դուրս չի գալիս ոչ մի գետ։ Փակ լինելու պատճառով լիճն աստիճանաբար մեծանում է։
Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։ Լճում աճում է միայն մի տեսակի ձուկ՝ տառեխը, որը որսում էին, աղ դնելուց և չորացնելուց հետո արտահանվում էր բազմաթիվ երկրներ։ Հնում գոյություն ուներ հատուկ ձկնորսարան՝ Արշակունիների արքայական տան խոշոր ձկնորսարանը, որը գտնվում էր Առեստավան կոչվող վայրում, հիմա անցել է ջրի տակ։
Լիճը շրջապատող վայրերի կլիման մեղմ է, որի պատճառով աճում են տարբեր տեսակի պտղատու ծառեր (խնձորենի, տանձենի, ընկուզենի և այլն) և խաղող։ Արտամետ գյուղը հայտնի է եղել իր այգիներով և համեղ խնձորով։ Ամենահամեղ խնձորը աճել է հենց Արտամետում։
Ինչպես Սևանն ու Գեղամա լեռները, այնպես էլ Վանա լիճն ու նրա շրջակայքը ասոցացվում են ջրի պաշտամունքի և վիշապների հետ։ Ավանդույթի համաձայն Վանա լճում բազմաթիվ վիշապներ կան և նրանց դեմ պայքարում են հրեշտակները։ Երբ վիշապը 1000 տարեկան է դառնում, հրեշտակները նրանց լճից դուրս են հանում և մոտիկացնում արևին, որի ջերմությունից վիշապները մոխրանում են։ Այդ օրերին լիճը ալեկոծում է, իսկ երկինքը պատվում է թանձր մառախուղով։
Վանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով։
Նրա հարավային մասում բարձրանում են Գլխավոր Տավրոսի շղթաները, որոնք այս մասում հայտնի են նաև Կորդվաց լեռներ անվան տակ, որոնց գեղեցիկ գագաթներից են՝ Արտոս և Եղերով սարերը։ Գլխավոր Տավրոսը տարբեր ուղղություններով կտրտված է խոր լեռնահովիտներով։ Վերջիններս, իրենց հերթին, պարփակվածության շնորհիվ, առանձին աշխարհագրական միավորներ են ներկայացնում։
Հյուսիսային մասում Արածանիի ավազանը Վանի ավազանից բաժանվում է Ծաղկանց լեռներով, որոնց սահմանները հասնում են մինչև Բերկրի։ Ծաղկանց լեռներից մի ճյուղ ձգվում է դեպի հարավ-արևմուտք, ուր բարձրանում է գեղատեսիլ Սիփանը:
Լճից արևելք և հյուսիս-արևելք բարձրանում են Վարագը, ինչպես նաև Թիմարի լեռները։ Լճից արևելք ընկած մասը ամենից ընդարձակն է. նա ձգվում է մինչև իրանական պետական սահմանը։ Ջրբաժան գծի հեռավորության պատճառով գետերն այստեղ ավելի երկար են։ Առավել նշանավոր են Բերկրի և Խոշաբ գետերը։
Լճի արևմտյան մասում գտնվում է Բզնունյաց սարահարթը, որը բաժանում է Վանա լճի ավազանը Բիթլիս-չայից և Արածանիից։ Այս մասում բարձրանում են Նեմրութ և Գռգուռ սարերը։
Շրջապատող այս լեռները լճին տալիս են շատ գեղեցիկ տեսք, որն իր առանձնահատուկ կենդանությամբ հիացմունք է պատճառել շատ ճանապարհորդների, բանաստեղծների, արվեստագետների։
Ուրմիա լիճ
Կապուտան ծով
Ուրմիա լիճը, որը վաղ ժամանակներում իր մեծության շնորհիվ կոչվել է նաև Արևմուտքի ծով («Արևելյան ծովի»՝ Կասպից ծովի համեմատությամբ), այժմ գտնվում է Իրանի հյուսիսարևմտյան մասում։ Վանա թագավոր Մենուայի սեպագիր արձանագրություններում հիշատակվում է «Ուրմե» երկրամասը։ Այն գտնվել է Վանա լճի արևմտյան և հարավարևմտյան մասում։ Ենթադրում ենք, որ Ուրմիա լճի անունը կապված է եղել հենց այդ երկրամասի հետ։ Լիճը ունեցել է նաև այլ անվանումներ։ Նրան կոչել են նաև Կապուտան լիճ, Մովսես Խորենացին այն անվանել է Կապուտան «ծով» , հունական աղբյուրներում հիշատակված են Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։
Մինչև 20-րդ դարի վերջը Ուրմիան համարվում էր Հայկական լեռնաշխարհի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի երեք խոշոր լճերից ամենամեծը, սակայն այժմ այն իր տեղը զիջել է Վանա լճին։ Դրա պատճառը լիճ թափվող գետերի ջրերի անխնա օգտագործումն է, որն էլ նպաստել է լճի մակարդակի իջեցմանը և աղիության մակարդակի կտրուկ բարձրացմանը։ Վերջին տասնամյակների ընթացքում լիճը ցամաքել է 2/3-ով:
Տեկտոնական ծագում ունեցող լիճ է և գտնվում է 1275 մ բարձրության վրա։ Երկարությունը կազմում է 140 կմ, մակերեսը՝ մոտ 5.800 կմ², խորությունը հասնում է մինչև 15 մ։ Սնման աղբյուր են հանդիսանում լիճ թափվող գետերը, տեղումները և ստորերկրյա ջրերը։ Կենդանական աշխարհը բարձր աղիության պատճառով գրեթե բացակայում է։ Աղիությունը կազմում է 150-250 %։ Լճի ափերը հարուստ են բուժիչ ցեխերով։ Ուրմիան ունի 60 կղզի։ Այն նավարկելի է։
Որոշ ուսումնասիրողներ եկել են այն ենթադրությանը, որ լիճը վաղ ժամանակներում հոսուն է եղել և Ամարդոս գետի միջոցով կապված է եղել Կասպից ծովի հետ։ Այդ կապը կտրվել է Սոհուրդ հրաբխի ժայթքման հետևանքով։ Այժմ Իրանը սկսել է Արաքս գետի ջրերն Ուրմիա լիճ ուղարկելու նախագծի իրագործումը։
Սեվանա լիճ
Գեղամա ծով
Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզում է գտնվում հայերի համար խորհրդանիշ դարձած կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանա լիճը։ Այն համարվում է ՀՀ ամենամեծ, իսկ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճը։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով։ Հայաստանի համար լիճը ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։ Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակա լճից հետո Սևանը քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։
Լճի երկարութունը կազմում է 70 կմ, լայնությունը` 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2 ։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Չորս կողմից շրջապատված է Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռնաշղթաներով։
Սևանա լճի հարստություններից են իր ձկնատեսակները: Սևանի էնդեմիկ ձկներից է իշխանը, իր չորս տեսակներով՝ գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Ձկնատեսակը այժմ վերացման եզրին է: Սևանի բնակիչ են նաև սիգը և կողակը:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի