Լոռվա անառիկ ամրոցը
Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքից 4,5 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարյան Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը՝ Լոռի բերդը։ Տեղակայված է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման վայրում՝ բարձր հրվանդանի վրա։ Հիմնադրվել է Անիի Բագրատունյաց Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ, Տաշիր- Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինի կողմից՝ 11-րդ դարում։
Բերդի կառուցվածքն ու ճարտարապետությունը
Ինչպես հայկական միջնադարյան բերդերից շատերը, Լոռին ևս բաղկացած է միջնաբերդից, շահաստանից և արվարձաններից։ Բուն բերդաքաղաքը զբաղեցրել է 33 հա տարածք, որից միջնաբերդը՝ 8,5 հա։
Լոռի բերդը հատկապես իր ծաղկման շրջանն ապրեց 11-րդ դարի երկրորդ կեսին, երբ դարձավ Տաշիր- Ձորագետի թագավորության մայրաքաղաք։ Այն առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Տփղիսի հետ։ Բերդի տեղադրությունը ապահովում էր նրա բնական պաշտպանությունը, իսկ, որպես հավելյալ պաշտպանություն, ծառայում էին ամուր պարսպապատերը։ Այսպիսով ամրոցը դառնում էր անառիկ։
Միջնաբերդի պարիսպը ձգվում էր հրվանդանի ամենանեղ մասում և ուներ 214մ երկարություն։ Պարսպապատի հաստությունը որոշ հատվածներում հասնում էր 22 մետրի, իսկ բարձրությունը՝ 25մետրի։ Պարիսպը կառուցված էր կիսամշակ բազատից և ամրացված էր կրաշաղախով։ Պարսպի հյուսիս-արևելյան ծայրում գտնվում է միջնաբերդի միակ մուտքը, որն ունեցել է ներքին և արտաքին դարպասներ։ Դրանք ապահովել են կրկնակի պաշտպանություն։
Բերդն ունեցել է գաղտնուղի, որը դուրս է գալիս դեպի կիրճ։ Բերդի տարածքում պահպանվել են երկու բաղնիքների մնացորդներ։ Ջրամատակարարումը իրականացվել է կավե խողովակներով։ Ինչպես Գառնի, Անիի, Ամբերդի և այլ բաղնիքներում, այստեղ ևս ջեռուցումը կատարվել է հիպոկաուստ համակարգով, որի շնորհիվ չի եղել ջերմության ոչ մի կորուստ։
Լոռի բերդի ճակատագիրը
1105 թվականին բերդին տիրում են սելջուկները։ Այնուհետև 1118թ․-ին վրաց Դավիթ Շինարար թագավորի օրոք այն միացվեք Վրաստանին և տրվեց Օրբելյան տոհմին։ 1185 թ․-ին բերդի տերերը դարձան Զաքարյանները։ Բերդը մեծամասամբ տուժեց 1238թ․-ին մոնղոլական զորքերի ասպատակությունների պատճառով։ Այդ մասին հաղորդում է պատմիչ Կիրակոս Գանձակեցին։ 12-րդ դարի կեսերին այն ձեռքից ձեռք անցնելով աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը, իսկ 13-րդ դարում այն արդեն լքված և ավերված վիճակում էր։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի