Մարմաշենի վանք
Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Երևանից 129 կմ, իսկ Գյումրիիից ընդհամենը 10 կմ հեռավորության վրա։ Գյումրի այցելության դեպքում անպայման պետք է բաց չթողնել Մարմաշենի վանքը տեսնելու հնարավորությունը։ Գյումրիից Մարմաշեն ճանապարհը կտևի ընդհամենը 25 րոպե, բայց կտեսնեք Հայաստանի գեղեցիկ վանքերից մեկը։ Վանքը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, և այնտեղից հրաշալի տեսարան է բացվում։
Վանքի կառուցվածքը
Մարմաշենի վանքը բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր։ Վանքը բաղկացած է մի քանի եկեղեցոից, տնտեսական կառույցներից և օժանդակ շինություններից, որոնցից պահպանվել են հինգ եկեղեցիներ և այլ կառույցներ։
Գլխավոր եկեղեցին Կաթողիկեն է, որը կառուցվել է 988-1029թթ․-ին։ Եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին։ Այդ մասին վկայում է հարավային պատի արձանագրությունը։ Այն իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ տիպի շինություն։ Եկեղեցու արևելյան խորանը պատված է որմնախորերով և շատ նման է Անիի Մայր տաճարին։ Ենթադրվում է, որ Կաթողիկեի կառուցողը եղել է Տրդատ ճարտարապետը։Այն արտաքինից զարդարված է հայկական խորշերով և այնքան ներդաշնակ է տեղի բնության հետ, որ հիացմունք է առաջացնում։
Կաթողիկեին արևմուտքից կից է քառասյուն գավիթը, որը ավերված է։ Այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին։ Կաթողիկեին հյուսիսից կից է երկրորդ եկեղեցին, որը Կաթողիկեի փոքրացված կրկնօրինակումն է։ Պահպանվել են միայն պատերը։ Կաթողիկեին հարավից կից է երրորդ եկեղեցին։ Այն ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, կենտրոնագմբեթ կառույց է։ Համալիրի հարավարևմտյան մասում է գտնվում չորրորդ եկեղեցին, որն արտաքուստ կլոր է եղել։ Պահպանվել են միայ պատերի ստորին երկու շերտերը։ Այս չորս եկեղեցիները կազմում են այսպես կոչված Մեծ վանքը։ Մեծ վանքից հյուսիս՝ բլրի վրա հինգերորդ կամ հին եկեղեցին է։ Գմբեթավոր կառույց է և գտնվում է ավերված վիճակում։Փոքր վանքի շուրջը տարածվում է գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Վհրամ Պահլավունու կնոջ աճյունը։
Մարմաշենի վանքի պեղումներից, միջնադարյան շերտերից ներքև հաջողվել է հայտնաբերել հարուստ շերտ։ Հայտնաբերվել են խեցեղեն անոթների բեկորներ, որոնք հավաստում են այստեղ եղած քաղաքակիրթ հասարակության գոյության մասին։