Որտե՞ղ է գտնվում աշխարհի կենտրոնը…
Անվե՞րջ է արդյոք տիեզերքը…
Ի՞նչ տեսք ունի Երկիր մոլորակը…
Հարցեր, որոնց պատասխաններն են փորձել գտնել դեռևս հին ժամանակներից տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչները:
Իսկ Դուք գիտեք, որ աշխարհի ամենահին աստղադիտարանը հիմնվել է մ.թ.ա. 19 դարում ներկայիս Արմավիրի մարզի Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի(1968) տարածքում… Այո, այո… Հենց այստեղ են հայտնաբերել մ.թ.ա. 19-րդ դարի քարտեզաքար, որտեղ փորագրված է եղել արևային համակարգի պատկերը…
Վայր, որտեղ ապրող մարդիկ հստակ պատկերացումներ են ունեցել Երկիր մոլորակի մոդելի մասին և վաղնջական ժամանակներից փորձել են լուծել տիեզերական պարադոքսները: Քաղաքի պեղումների արդյունքում հայտնաբերված բրոնզե և երկաթե դարաշրջանի հնագույն արտեֆակտեր, մեգալիթներ, քարերի վրա փորագրված հիերոգլիֆիկ գրություններ, Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին զարդեր, աշխարհում նմանը չհանդիպող գորտ-կշռաքարեր, ժայռերի մեջ կառուցված մետաղաձուլական հնոցներ… Բացառիկ փաստեր, որոնք վկայում են Մեծամորի հզոր գիտական դպրոցի, աստղադիտարանի, ծաղկուն մշակույթային և մետաղագործական կենտրոնի գոյության մասին, ինչպես նաև ընդգծում են քաղաքի պատմամշակույթային, գիտական նշանակությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում բնակվող ժողովուրդների համար:
Մեր հանճարներից Հրանտ Մաթևոսյանն է ասել. «Մեկ երկու տարի չանցած թանգարաններ կդառնան Մեծամորը, Հառիճը, Շենգավիթը…Չէ՞ որ օտարները մեր հանրապետությունը կոչում են թանգարան բաց երկնքի տակ:»
Այո՛, խորհրդավոր թանգարան բաց երկնքի տակ և դեռ ամբողջությամբ չբացահայտված երկրի «ընդերքի» մեջ:
Մեծամորը դեռ շատ անակնկալներ է պատրաստել հնէաբանների, գիտնականների և ինչու ոչ զբոսաշրջիկների համար:
Աստղագիտության մեծագույն պատմիչները ասել են: «Մարդիկ, ովքեր բաժանել են տիեզերքը համաստեղությունների, ապրել են 36° և 42° հյուսիսային լայնությունների միջև: Իրենք ապրել են Եփրատ գետի հովտում և Արարատ լեռան մոտակայքում…» Սա զուգադիպություն չէ, այլ ամպերի ետևում թաքնված ճանապարհներ, որոնք հատվում են ժամանակի մեջ և տանում են Հայաստան:
Որտե՞ղ է գտնվում աշխարհի կենտրոնը…
Միգուցե մենք տվեցինք վերոնշյալ հարցի պատասխանը…