Ինչպե՞ս պլանավորել էքսպեդիցիաները
Անվերջ բացահայտելու երկիր Հայաստանում միշտ կարելի է գտնել նորն ու հետաքրքիրը: Նորը բացահայտելու ձգտումով շատերը ուղևորվում են էքսպեդիցինարի: Էքսպեդիցիաներ պլանավորելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել տեղանքը, պլանավորել նախնական երթուղին, որով պատրաստվում եք անցնել, գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը: Այդ հարցում իհարկե կօգնեն ժամանակակից սարքավորումները, ծրագրերն ու հեռախոսային հավելվածները:
Հայաստանում էքսպեդիցիաներ կազմակերպելուց առաջ խորհուրդ է տրվում՝
- Ուսումնասիրել տեղանքը տոպոգրաֆիկ քարտեզների օգնությամբ:
- Google Earth ծրագրի 3D ձևաչափի օգնությամբ վիզուալ պատկերացնել տեղանքի ռելիեֆը՝ թեք լանջեր, ձորակներ, ժայռոտ հատվածներ և այլն:
- Հավելվածների օգնությամբ գծել անցնելիք նախնական երթուղին:
- Պատրաստել անձնական և խմբային գույքն ու հանդերձանքը, որոնք անհրաժեշտ են նախատեսված երթուղին անցնելու համար:
- Վերլուծել նախնական երթուղուց բոլոր հնարավոր շեղումները, եթե ճանապարհին հանդիպեն անանցանելի հատվածներ:
- Կրկին ուսումնասիրել երթուղին քարտեզների, նավիգացիայի և տեղանքի մասին ունեցած ինֆորմացիայի հիման վրա:
- Կազմել վերջնական երթուղին:
Էքսպեդիցիաների կարևոր բաղկացուցիչը
Անվտանգություն
Լեռնային էքսպեդիցիաներ պլանավորելիս առաջնահերթությունը միշտ պետք է տալ անվտանգությանը: Երբեմն մարդիկ հիացած բնության գեղեցկությամբ, հայտնվում են էյֆորիայի մեջ, մոռանալով հնարավոր վտանգների մասին: Քաղաքի անվերջանալի թվացող աղմուկին փոխարինելու են գալիս քամու ձայնը, գետերի քչքչոցը, թռչունների դայլայն ու սեփական ոտնաձայների աղմուկը: Լեռներն օգնում են մոռանալ առօրյա հոգսերն ու գտնել ներդաշնակություն: Այդ հարաբերական անդորրի և ներդաշնակության մեջ, սակայն չպետք է մոռնալ, որ գտնվում ենք վայրի բնության մեջ, որտեղ կան ամեն հնարավոր վտանգներ: Բայրի բնության մեջ և լեռներում կան որոշակի կանոններ, որոնց պետք է խստորեն հետևել:
Ֆիզիկական պատրաստվածություն
Լեռներ գնալիս շատ կարևոր է ունենալ լավ ֆիզիկական պատրաստվածություն: Երբեք պետք չէ գերագնահատել ձեր ուժերը: Մինչև էքսպեդիցիաների գնալը, ինքներդ Ձեզ հարցրեք արդյո՞ք պատրաստ եք հաղթահարել նախատեսված տարածությունը, արդյո՞ք ունեք բավարար փորձ, գիտելիք և դիմադրողականություն:
Լեռնային վերելքների նախապատրաստական աշխատանքները սկսվում են դեռևս վերելքից շատ առաջ: Ճիշտ ֆիզիկական պատրաստվածության մասին կարող եք կարդալ այստեղ։
Էքսպեդիցիաների և ընդհանրապես լեռնային վերելքների ժամանակ պետք է հիշել մեկ ոսկե կանոն՝ եթե զգում եք, որ պատրաստ չեք տվյալ երթուղին անցնել, միշտ կարևոր է ճիշտ պահին կանգ առնելն ու ետ գնալը:
Հստակ պլանավորում
Պլանավորումը նույնքան կարևոր է որքան սեփական հնարավորությունների գնահատումը: Էքսպեդիցիա կազմակերպելիս անչափ կարևոր է հստակ պլանավորել և գծել անցնելիք երթուղին, գանահատելով նաև հնարավոր ռիսկերը: Պլանավորելիս, բացի քարտեզներից կարելի է օգտագործել նաև տեղի բնակիչների ունեցած ինֆորմացիան տվյալ տեղանքի մասին:
Անչափ կարևոր է նաև նախօրոք և պարբերաբար ստուգել եղանակային պայմանները:
Երթուղին պլանավորելիս Ձեզ մեծապես կօգնեն ժամանակակից հեռախոսային հավելվածները: Արշավական ամենաօգտակար հեռախոսային հավելվածների հետ կարող եք ծանոթանալ այս հղումով։
Գույք և հանդերձանք
Միշտ ուշադրություն դարձրեք համապատասխան գույք և հանդերձանքի ճիշտ ընտրությանը: Հատկապես արշավական կոշիները արշավի հաջող ընթացքը պայմանավորող գլխավոր տարրերից են: Հանդերձանք ընտրելիս հաշվի առեք եղանակային պայմանների բոլոր հնարավոր փոփոխությունները:
Գույքի կարևոր տարրերից են խմբի անդամների միջև կապի ապահովումը: Նույնիսկ եթե խումբը փոքրաքանակ է, ցանկալի է, որ խմբի անդամներից մի քանիսն ունենան ռացիաներ, հարկ եղած դեպքում կապ հաստատելու համար:
Չպետք է մոռանալ դեղատուփի մասին, որը պարտադիր է յուրաքանչյուր բարդության և երկարության արշավների ժամանակ: Արշավական դեղատուփի մասին կարող եք կարդալ այստեղ։
Ջուր և սնունդ
Կախված էքսպեդիացիայի երկարությունից և օրերի քանակից Ձեր հետ միշտ ունեցեք անհրաժեշտ քանակությամբ սնունդ և ջուր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորվում եք Ձեր համար մինչ այդ անծանոթ տեղանք, որտեղ կարող է պատահել յուրաքանչյուր շրջադարձ, միշտ ունեցեք ջրի և սննդի պահուստային պաշար:
Քայլելու արագությունը
Եթե էքսպեդիցիաների ուղևորվում եք խմբով, ապա պետք է քայլել խմբի միջին արագությամբ, հաշվի առնելով խմբի ամենաթույլ անդամի արագությունը: Ավելի նպատակահարմար է քայլել միջին արագությամբ և անել կարճ դադարներ, քան քայլել արագ և ունենալ երկարատև դադարներ:
Ձեր անցնելիք երթուղու մասին ուրիշներին հայտնելը
Անկախ այն բանից Ձեր անցնելիք երթուղին հեշտ է, թե դժվար, միշտ պետք է լինի մեկը, ով հստակ կիմանա Ձեր գտնվելու վայրը և արտակարգ իրավիճակների դեպքում կշտապի օգնության: Ցանկալի է, որ Ձեր անցնելիք երթուղու մասին իմանան մի քանի հոգի:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի