Նազելի լեռ 3312 մ
Գեղամա լեռնաշղթան անշուշտ Հայաստանի ամենագեղեցիկ լեռնազանգվածներից է։ Ամբողջությամբ ունենալով հրաբխային ծագում այն ապշեցնում է իր ռելիեֆային առանձնահատկություններով։ Քաղաքակրթությունից հեռու այս վայրում, որտեղ տարածվում են վայրի, անվերջ թվացող մարգագետիններ, վեր են խոյանում յոթ տասնյակից ավելի հրաբխային կոներ։ Դրանցից յուրաքանչյուրն առանձնանում է իր հմայքով ու ինքնատիպությամբ, իսկ լանջերի կարմրավուն երանգները գցում են երանության գիրկն ու մտովի տեղափոխում մի ուրիշ աշխարհ՝ մարդկանցից ու քաղաքակրթությունից հեռու մի խաղաղ անկյուն։
Բազմաթիվ հրաբխային կոների մեջ առանձնանում է Նազելի լեռը։ Աժդահակ լեռնագագաթից 3,5 կմ հեռավորության վրա գտվող գեղեցկուհու բարձրությունը կազմում է 3312 մ։ Նազելի լ եռանը հասնելու համար պետք է ամենագնաց մեքենաներով հաղթահարել մոտ 25 կմ ճանապարհ։ Ամբողջ ճանապարհին վայելում ես Գեղամա լեռների գլխապտույտ առաջացնող տեսարանները։
Նազելի լեռան գագաթին կա ոչ մեծ խառնարան։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։ Նազելիի հակառակ կողմում Ձեր առաջ է բացվում է Նազելի (Բադի) լիճը։ Գագաթից լավ երևում են Գեղամա լեռնաշղթայի հմայիչ գագաթները՝ խորհրդավոր Աժդահակը, Կարմիր Կատարը, Սպիտակասարը, Վիշապասարը։ Հեռվում տեսնելի է նաև կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանա լիճը։
ՆԱԶԵԼԻ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։