ՀԵՏԵՎԵ՜Ք ԲՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԻՆ
Յուրաքանչյուր արշավական պետք է իմանա տեղանքում կողմնորոշվելու բոլոր հնարավոր տարբերակները, չէ որ անկանխատեսելի իրավիճակներ կարող են լինել յուրաքանչյուր պահին: Տեղանքում կողմնորոշվելու համապատասխան քայլերը և միջոցները իմանալու դեպքում կհասկանաք, որ բնությունը շատ լավ կարող է Ձեզ ուղղորդել տեղանքում։
Նախ խոսենք այն մասին, թե ինչ պետք է անել նման իրավիճակից խուսափելու համար: Այսպիսով՝
- Եթե մասնակցում եք խմբային արշավի, ապա մանրամասն լսեք խմբի ուղեկցորդի բոլոր հրահանգները
- Ոչ մի դեպքում խմբից մի առանձնացեք, իսկ անհրաժեշտության դեպքում տեղեկացրեք խմբի ուղեկցորդներին
- Եթե որոշել եք միայնակ ճանապարհորդել, ապա Ձեր մտադրության, երթուղու, պլանավորվող սկզբնակետի և վերջնակետի մասին տեղեկացրեք ընկերներից մի քանիսին, որպեսզի հարկ եղած ժամանակ իմանան Ձեր կոորդինատները և ցուցաբերեն համապատասխան օգնություն:
- Արշավի գնալուց առաջ մանրամասն ուսումնասիրեք այն երթուղին, որով պլանավորում եք քայլել
- Նայեք պլանավորվող երթուղուն մոտիկ բոլոր բնակավայրերի կոորդինատները
Եթե տեղանքում մոլորվել եք և ձեռքի տակ չկան քարտեզներ կամ հեռախոսային հավելվածներ, առաջին բանը, որ անհրաժեշտ է անել խուճապի չմատնվելն է: Փորձեք հանգստանալ և իրավիճակը դատել սառը գլխով: Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, որոնք կօգնեն առանձ ձեռքի տակ հատուկ միջոցներ ունենալու տեղանքում ճիշտ կողմորոշվել: Այժմ կներկայացնենք մի քանի միջոցներ, որոնցով կարելի է տեղանքում ճիշտ կողմնորոշվել՝
- Եթե տեղանքում կան ծառեր, ապա ուշադիր նայեք դրանց բներին՝ հյուսիսային կողմում ծառերի բները ավելի հաճախ պատված են մամուռներով:
- Ջերմաստիճանի բարձրացման դեպքում սարի լանջերի հյուսիսային կողմում ձյունն ավելի երկար է պահպանվում:
- Սնկերն աճում են հիմնականում ծառերի հյուսիսային կողմում:
- Գարնանը հարավային լանջերին խոտը աճում է ավելի արագ:
- Հյուսիսային կիսագնդում հյուսիսի դիրքը կարելի է որոշել, տեղական ժամանակով կեսօրին կանգնելով արևին հակառակ դիրքով: Ձեր մարմնի շողքը ցույց կտա դեպի հյուսիս ուղղությունը: Հարավային կիսագնդում ամեն ինչ հակառակն է:
Սկսած Ձեր մոլորվելու պահից պետք է գործել հստակ և առանց ավելորդ խուճապի՝
- Դադարեք առաջ շարժվել հենց այն պահին, երբ հասկանում եք, որ մոլորվել եք
- Հանգստացեք
- Նայեք հստակ ժամը
- Ուսումնասիրեք տեղանքը, փորձեք հասկանալ որտեղ եք գտնվում, ինչ կա Ձեր կողքին
- Ստուգեք աշխատում են կապի միջոցները, թե ոչ
- Լսեք շրջապատից եկող ձայները
- Մինչև մութն ընկնելը գտեք գիշերակացի համար հարմար վայր
- Կրակ վառեք
- Առաջ շարժվելու դեպքում Ձեր հետևից թողեք հետքեր
Բոլորին անվտանգ վերելքներ և վայրէջքներ
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի