«Լեռնային կղզու» բարձր գագաթները
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիայի և Իրանական բարձրավանդակների միջև։ Կարելի է ասել, որ այն կապում է Արևելքը Արևմուտքի հետ։
«Հայկական լեռնաշխարհ» տերմինն առաջին անգամ օգտագործել է գերմանացի երկրաբան Հ․ Աբիխը։ Նրա «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան լեռներում» եռահատոր աշխատության երկրորդ և երրորդ հատորները նվիրված են հենց Հայկական լեռնաշխարհին։
Ամբողջ լեռնաշխարհի տարածքը կազմում է մետ 400 հզ․ կմ2։ Լեռնաշխարհը գտնվում է ծովի մակարդակից 1500-1800 մ բարձրության վրա։ Այն շրջակա երկրների համեմատ զբաղեցնում է բարձր դիրք։ Իր զբաղեցրած դիրքի համար աշխարհագրագետներն այն հաճախ անվանել են «լեռնային կղզի» ։
Հայկական լեռնաշխարհը հյուսիս-արևմուտքից եզերվում է Պոնտական լեռնաշղթայով, հյուսիսից Կովկասյան լեռների ստորոտներով Սև ծովից ձգվում է մինչև Կասպից ծով, հարավից եզերվում է Հայկական Տավրոսի լեռնաշղթայով, իսկ արևելքում նրա սահմանները տարածվում են մինչև Ուրմիա լճի մոտակայքը։ Այս բնական սահմանների միջև ընկած երկրամասը հնում հայտնի էր Միջնաշխարհ անունով։ Եթե ուշադիր նայենք Հայկական լեռնաշխարհի սահմաներին, ապա պարզ է դառնում մի բան՝ որ կողմից էլ փորձենք մտնել հայկական բարձրավանդակ, ամենուրեք պետք է կտրենք ծայրամասային լեռները, որոնք 2500-4000մ բարձրություն ունեն։
Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան։ Այն լեռնաշխարհը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։ Հայկական պարի երկարությունը 300 կմ է։ Այն արևելքից սկիզբ է առնում Արարատ սարից։
Ինչպես արդեն նշեցինք, Հայկական բարձրավանդակը արևելքը կապում է արևմուտքի հետ։ Անվանի աշխարհագրագետ Հումբոլտը Հայաստանն անվանել է «Անտիկ աշխարհի ծանրության կենտրոն»։ Այստեղով է անցել «Մետաքսի ճանապարհը» ։ Այն ունեցել է շատ կարևոր նշանակություն մինչև 15-րդ դարը, երբ Հնդկաստան տանող ծովային ուղու պատճառով այն կորցրեց իր երբեմնի նշանակությունը։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Հայկական լեռնաշխարհի 10 ամենաբարձր լեռնագագաթները։
1․ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ
Հայկական լեռնաշխարհի ամանաբարձր գագաթը՝ Արարատ լեռը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում։ Բարձրությունը կազմում է 5165 մ։ Այն իր հարաբերական բարձրությամբ՝ 4300 մ, աշխարհում առաջինն է։
Արարատ լեռ բարձրանալը յուրաքանչյուրի համար իր խորհուրդն ունի։ Ամեն մեկն էլ սրտում մի ցանկություն պահած, հաղթահարելով բոլոր դժվարությունները հասնում է իր երազանքի գագաթը։ Մեկին այստեղ բերում է արյան կանչը, մյուսին իր պապերի երկիրը տեսնելու անհագ ցանկությունը։
Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռան» վրա դառնալով «նոր մարդկության խանձարուրը, ազգերի ու ժողովուրդների սփռման արձակարանը»։ Գրաբարից թարգմանաբար հենց այսպես է ասվում․
-Եվ տապանը նստեց յոթերորդ ամսի քսանյոթերորդ օրը՝ Արարատ լեռան վրա։ Կարդալ ավլեին
2․ ՍԱԲԱԼԱՆ ԼԵՌ
Սաբալան լեռը Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ երկրորդ գագաթն է՝ Արարատից հետո։ Գտնվում է ներկայիս Իրանի տարածքում՝ Ղարադաղի կամ Հայկական լեռներում։ Իրանական Ատրպատականի ամենաբարձր գագաթն է, համարվում է հանգած հրաբուխ։ Բարձրությունը՝ 4811 մետր է։
Կազմված է անդեզիտներից, տրախիտներից, տուֆերից։ Հնագույն խառնարանի եզրերը մասնատված են կառերով, նրա հյուսիսային լանջին կան սառցադաշտեր, հատակին՝ լիճ, հարավային լանջին՝ ծծմբային տաք աղբյուրներ։ Լանջերից բխում են հանքային և սառնորակ աղբյուրներ։
3․ ՋԻԼՈ ԼԵՌ
Ջիլո (Ջողա) լեռը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավային մասում, Կորդվաց լեռների ամենաբարձր լեռնագագաթն է (4168 մ), իսկ Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ երրորդ գագաթն է։
Ջիլո լեռը ծալքաբեկորավոր է, կազմված մեզոզոյի թերթաքարերից, քվարցիտներից, մերգելներից։ Լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ գոտի։ Գագաթին կան հնագույն սառցապատման հետքեր։
4․ ԱՐԱԳԱԾ ԼԵՌ
Արագած լեռը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը։ Լեռնազանգվածը զբաղեցնում է 820 ք/կմ տարածք։ Այն հանգած հրաբուխ է, ժայթքումի արդյունքում առաջացել է 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090 մ, հետո արևմտյանը՝ 4001 մ, որին հետևում է արևելյանը՝ 3916 մ, ապա հարավայինը՝ 3879 մ: Արագած լեռան ծածկույթը հրաբխային է։ Այդ իսկ պատճառով լեռան լանջերը քարքարոտ են, և հարուստ են հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով։
Լեռան ևս երկու գագաթ մտնում են Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթների ցանկը, սակայն մենք այստեղ չենք դիտարկում առանձին գագաթները։ Կարդալ ավելին
5․ ՍԻՓԱՆ ԼԵՌ
Սիփան լեռը համարվում է Հայկական լեռնաշխարհում 5-րդ ամենաբարձր լեռը՝ Արարատից, Սաբալանից, Ջիլոյից և Արագածից հետո։ Գտնվում է Վանա լճի հյուսիսային մասում։ Հարաբերական բարձրությունը՝ 1400 մ։ Միջին պատրաստվածություն ունեցող զբոսաշրջիկի համար վերելքը և վայրէջքը միասին տևում է 13 ժամ (19 կմ)։ Կարդալ ավելին
6․ ՔԱՋՔԱՐ ԼԵՌ
Քաջքար լեռը գտնվում է Հայկական լեռնաշխարհի Պոնտական լեռնահամակարգում, Խաղտյաց լեռներում։ Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ վեցերորդ լեռնագագաթն է։
Համանուն լեռը, որը Խաղտյաց լեռների ամենաբարձր գագաթն է (3937 մ), գտնվում է Համշեն ավանից մոտ 16 կմ արևելք, Սպեր գյուղաքաղաքից 23 կմ հյուսիս։ Լեռան վրա է գտնվում Խաչքար վանքը, իսկ լեռնագագաթից ոչ հեռու, մի բլրի վրա կա Սուրբ Սարգիս մատուռ։
7․ ՍԻՍ ԼԵՌ
Սիս լեռը գտնվում է Հայկական պար լեռնահամակարգում, նրա արևելյան մասում, Արաքսի աջ ափին, համարվում է Արարատի երկու գագաթներից մեկը: Բարձրությունը՝ 3925 մ: Սկսած հին, ավանդական ժամանակներից կոչվում է նաև Փոքր Մասիս և Փոքր Արարատ, ունի հրաբխային ծագում։ Կարդալ ավելին
8․ ԿԱՊՈՒՏՋՈՒՂ ԼԵՌ
Կապուտջուղ լեռնագագաթը Սյունիքի մարզի, Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթներից է։ Գտնվում է Նախիջևանի սահմանին, բարձրությունը կազմում է 3906 մ։ Լանջերը զառիթափ են կտրտված Կարթ և Կապուտջուղ գետերով, որոնք էլ հենց սկիզբ են առնում լեռան բարձրադիր լանջերից։
Այստեղ է գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցին վերագրվող քարայրը։ Խաչի աղբյուրի մոտակայքում, վերևի հատվածում կան մ.թ.ա. 3-1 հազարամյակներին վերագրվող հազարավոր ժայռապատկերներ, իսկ գագաթնամասում կան մի քանի փոքրիկ լճակներ։ Լանջերը ծածկված են մերձալպյան և ալպյան մարգագետիններով։
9․ ԳԱԶԱՆԱ ԼԵՌ
Գազանա լեռը գտնվում է Սյունիքի մարզում, Նախիջևանի սահմանին։ Համարվում է Զանգեզուրի լեռնաշղթայի երկրորդ ամենաբարձր գագաթը, բարձրությունը՝ 3829 մ։ Լեռնագագաթը վեր է խոյանում Գեղի և Կարթ գետերի միջև, նրա լանջերին է գտնվում նաև Գազանալիճ լիճը։ Լեռը կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիդներից, պորֆիրիտներից։
10․ ՍԻՍԱԿԱՊԱՐ ԼԵՌ
Սիսակապար լեռը գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանին, Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային կատարային մասում՝ Քաջարանի լեռնանցքի սահմաններում, Կապուտջուղ և Քաջարանց գետերի միջև։ Բարձրությունը կազմում է 3826 մ։
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի