Անվտանգությունն առաջնային է Անվտանգությունը սկսվում է արշավականի կամ լեռնագնացի` արահետ գտնելուց շատ ավելի շուտ․ Նախապես արդյունավետ պլանավորման և տեղանքի հետազոտության շնորհիվ հնարավոր է շատ վտանգներ կանխել կամ խուսափել դրանցից։ Հետևյալ անվտանգության կանոններին հետևելը բխում է մեր բոլորի շահերից․ safety-terms Անվտանգության կանոններ 1․ Խստորեն հետևեք ղեկավարի հրահանգներին, իսկ անկանխատեսելի կամ էքստրեմալ իրավիճակների դեպքում տեղեկացրեք ղեկավարին և կատարեք նրա բոլոր պահանջները 2․ Ուշադրություն դարձրեք ձեր մարմնի վիճակին և ժամանակին տեղեկացրեք խմբի ղեկավարին, եթե զգում եք մրսածության, թունավորման ախտանիշներ, ջերմային կաթված և այլ վատ զգացողություններ 3․ Արշավի յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա այս արշավի համար անհրաժեշտ անձնական հանդերձանք և պարագաներ, որոնց մասնակիցը ծանոթանում է նախքան գրանցվելը։ Եթե դուք այնուամենայնիվ մոռացել եք ինչ-որ բան վերցնել, ապա պետք է տեղեկացնեք արշավի ղեկավարին արշավի մեկնարկից առաջ 4․ Նախքան ջրավազաններում՝ գետերում, լճերում, ջրամբարներում, ջրվեժներում լողալը, տեղեկացրեք արշավի ղեկավարին ձեր մտադրության մասին: Եթե արշավի ղեկավարը հորդորում է չլողալ նշված վայրում՝ հետևեք նրա հորդորին 5․ Դադարների ժամանակ մի առանձնացեք խմբից: Եթե հանգստանալու կարիք ունեք, տեղեկացրեք այդ մասին խմբի ղեկավարին 6․ Երթուղով շարժվելիս արշավի մասնակիցը չպետք է առաջ անցնի խմբի ղեկավարից կամ հետ մնա խմբից, ինչպես նաև առանց համաձայնության դուրս գա ուղուց 7․ Եթե կորցրել եք ճանապարհը կամ խմբից հետ եք մնացել, կանգնեք տեղում և ազդանշաններ տվեք ձայնով կամ առկա այլ հաղորդակցության միջոցներով 8․ Հետևեք հրդեհային անվտանգության կանոններին. առանց խմբի ղեկավարին զգուշացնելու կրակ մի վառեք 9․ Մի թողեք աղբ ձեր հետևից և մի վնասեք բնությունը և մշակութային հուշարձանները 10․ Խորհուրդ չի տրվում փորձել անծանոթ հատապտուղներ, սնկեր, հոտ քաշել կամ հավաքել անհայտ ծաղիկներ. դրանք կարող են թունավոր լինել 11․ Ալկոհոլային խմիչքների օգտագործումը ամբողջ ճանապարհորդության ընթացքում խստորեն արգելվում է 12․ Ճանապարհի ներքին տեղաշարժման ընթացքում արգելվում է ծխելը մեքենայի ներսում 13․ Պահպանեք կարգապահություն խմբի ներսում, ցուցաբերեք փոխադարձ օգնություն արշավի մյուս մասնակիցների հանդեպ   Կարևոր Նշում. Արշավի մասնակցի որևէ ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում (որը դրսևորվել է խմբի ղեկավարի հրահանգները չկարատարելով, ինչպես նաև չենթարկվելով ակումբի կանոններին) ակումբի/ակումբի ղեկավարի կրած բոլոր վնասները ենթակա են հատուցման ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն և կարգով։ Եթե արշավի ժամանակ եղանակային պայմանների, ինչպես նաև խմբի անդամներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով խմբի առաջընթացը կարող է վտանգավոր լինել, խմբի ղեկավարին իրավունք է վերապահվում դադարեցնել խմբի առաջընթացը և հետ վերադարձնել խումբը: Եթե արշավականը/արշավի մասնակիցը չի կատարում խմբի ղեկավարի պահանջները կամ խախտում է վերը նշված «Արշավի ընթացքում պահելաձևի կանոնները», ղեկավարն այլևս պատասխանատվություն չի կրում տվյալ արշավականի կյանքի և առողջության համար: Ավելին, այս դեպքում ղեկավարն իրավունք ունի բացառել արշավի ընթացքում պահելաձևի կանոնները խախտած արշավի մասնակցին՝ առանց գումարի վերադարձի: Եթե արշավը պահանջում է լեռնագնացության կամ այլնի փորձ և խմբի ղեկավարը նախօրոք տեղեկացնում է այդ մասին արշավին մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր անձանց, ապա լեռնագնացության և արշավների մասնակցելու փորձի, ինչպես նաև բժշկական հակացուցումների մասին տեղեկատվությունը թաքցնելու դեպքում նման անձը ինքն է պատասխանատու բոլոր հնարավոր բացասական հետևանքների համար: Հարգելի՛ արշավի մասնակից Նախքան մեր խմբին միանալը խնդրում ենք ձեզ ծանոթանալ արշավի ընթացքում պահելաձևի կանոններին: Յուրաքանչյուր արշավից առաջ՝ կախված բարդությունից, արշավի տեսակից (օրինակ՝ լեռնագնացություն), եղանակային պայմաններից և այլն, Ձեզ կտրվի տեղեկատվություն, թե ինչ է անհրաժեշտ ձեզ հետ վերցնել և ինչպես ֆիզիկապես պատրաստվել արշավին: