Վերելք Սանդուխտասար լեռ
Սանդուխտասար լեռը համարվում է Վարդենիսի լեռների ամենաբարձր լեռնագագաթներից մեկը։ Բարձրությունը կազմում է 3454 մ։ Անցնելով Մաքենիս գյուղը ամենագնաց մեքենաներով, հասնում ենք 2400 մ բարձրություն, որտեղից սկսում ենք քայլել Վարդենիսի լեռնաշղթայի վեհ լեռնագագաթների ուղղեկցությամբ, վայելելով լանջերի ալպյան բուսականությունը։ Հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մ։ Տարածքի ռելիեֆը լեռնամարգագետնային է։
Սանդուխտասար լեռան գագաթը սուր կոնաձև է։ Հենց այդ հետաքրքիր արտաքին տեսքի շնորհիվ, լեռնագագաթը տարբերվող է Վարդենիսի լեռներում, և այն երբեք չես շփոթի մեկ այլ ուրիշ լեռան հետ։ Դեպի լեռ տանող ճանապարհը զառիթափ և քարքարոտ է մինչև գագաթ։ Լեռն ամբողջովին կազմված է պալեոգենիի և նեոգենի հրաբխային գոյացումներից։ Հասնելով գագաթ միանգամից հայացք ես նետում դեպի ջինջ և երկնագույն Մեծ և Փոքր Ալ լճերը, որոնք գտել են իրենց խաղաղ տեղը Վարդենիսի լեռներում։ Լճերի տարածքը հիանալի տարբերակ է վրանային արշավների (քեմփինգի), ինչպես նաև ջիպինգի համար։
Ինչու՞ Սանդուխտասար
Անվանման ստուգաբանությունը պարզ չէ։ Նշենք, որ Սանդուխտը` Սանատրուկ թագավորի դուստրը եղել է հայ առաջին նահատակ կույսը։ Սակայն կարող ենք ենթադրել, որ լեռը իր անվանումը ստացել է համանման «սանդուղք» բառից, քանզի լեռան վերջին ժայռոտ մասը նման է աստիճանի:
ՍԱՆԴՈՒԽՏԱՍԱՐ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։