ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

February 12, 2025

Սևանա Լիճ․ Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին

Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզում է գտնվում հայերի համար խորհրդանիշ դարձած կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանա լիճը։ Այն համարվում է ՀՀ ամենամեծ, իսկ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճը։

Հայաստանի համար լիճն ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։ Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակա լճից հետո Սևանա լիճը քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։

 

Ընհանուր ակնարկ

Լճի երկարութունը կազմում է 70կմ, լայնությունը` 55կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Չորս կողմից շրջապատված է Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռնշղթաներով։

 

Անվան ծագումնաբանությունը

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով։ Գեղամա ծով անվանումը կապում են Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Գեղամի անվան հետ։

Սևան անվան ծագումնաբանության հետ կապված տարբեր ավանդույթներ ու ստուգաբանություններ կան։ Դրանցից մեկի համաձայն լճին Սևան անունն են տվել այստեղ գաղթած վանեցիները։ Վանից գաղթելով նրանք եկել են և հաստատվել լճի շրջակայքում՝ մտածելով, որ սա էլ Վան է։ Սակայն Վանի մեղմ կլիմային հակառակ, այստեղ կլիման ցուրտ էր ու դաժան։ Գաղթածները, հիշելով իրենց երկրի մեղմ կլիման ու բարեկեցիկ կյանքը, դառնորեն կանչում են՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Հենց այդ օրվանից էլ լճի անունը մնում է Սևան։

Ըստ մեկ այլ ստուգաբանության, լճի անունը կապում են հայերեն սև և վանք բառերի հետ, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

 

Սևան ազգային պարկ

Սևան ազգային պարկը ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին։ Պարկի ընդհանուր տարածքը` Սևանա լճի հայելու հետ միասին, կազմում է 147 343 հա, իսկ առանց լճի հայելու` 22 585 հա: Պահպանական գոտու տարածքը կազմում է 342 920 հա:

Սևան ազգային պարկի տարածքը բաժանվում է 4 տարածքագործառնական գոտիների՝ արգելոցներ, արգելավայրեր, ռեկրեացիոն և տնտեսական։ Պարկի տարածքում կան 4 արգելոցներ՝ «Նորաշենի», «Լիճք-Արգիչի», «Գիլլի» և «Արտանիշի», 2 արգելավայրեր՝ «Գավառագետի» և «Գիհի-կաղնուտային ռելիկտային»։

 

Ջրի մակարդակի վերականգնում

Սևանի փրկման նպատակով կառուցվել է Որոտան-Արփա-Սևան ջրատար համալիրը, որը լճի մակարդակը կարողացել է պահպանել ու բարձրացնել՝ աստիճանաբար վերականգնելով նախկին վիճակը։ Համալիրը նախատեսված է Որոտանի, Արփայի և Եղեգիսի հոսքերի մի մասը Սևանա լիճ տեղափոխելու՝ վերջինիս մակարդակը բնականին մոտ պահելու համար։

 

Սևանի ավազանի կենդանական աշխարհը

Բնակլիմայական պայմաններով պայմանավորված Սևանա լճի ավազանի կենդական աշխարհը շատ բազմազան է։ Այստեղ կան մոտ 276 տեսակ ողնաշարավորներ։ Դրանցից 48-ը ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 3-ը տարածաշրջանի համար համարվում են էնդեմիկ։

Սևանա լճի ավազանը հին ժամանակներից հայտնի է եղել իր ձկնատեսակներով: Այս տարածաշրջանի տնտեսության զարգացող առաջին ճյուղերից է եղել ձկնորսությունը: Սակայն, 20-րդ դարից սկսված, Սևանա լճի մակարդակի փոփոխությունների հետևանքով և անվերահսկելի որսի արդյունքում, Սևանա լճի ձկնապաշարները կտրուկ կրճատվեցին: Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակներն են իշխանը, կողակը և բեղլուն։ Լճի էկոհամակարգ ներմուծված ձկնատեսակ է համարվում սիգը։ Սևանա լճի ավազանում տարածված են սողունների 16 տեսակ, որոնցից 2-ը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում՝ խայտաբղետ մողեսիկը և փոքրասիական մողեսը: Առավել բազմազան է թռչունների տեսակային կազմը, որն ընդգրկում է մոտ 267 տեսակ: Դրանցից են հայկական որորը, քաջահավը, ֆլամինգոն։ Հանդիպում են նաև գայլ, աղվես, նապաստակ, աքիս, ջրասամույր և այլ կենդանիներ։

 

Սևանա լիճը՝ բարձունքից

Սևանա լճի արևելյան մասում՝ Արտանիշ թերակղզու վրա է գտնվում Արտանիշ լեռը։ Միակ լեռը, որտեղից իր ամբողջ գեղեցկությամբ պատյանից դուրս է գալիս Հայաստանի չքնաղ մարգարիտը՝ Սևանա լիճը։
Լեռն ունի ծովի մակերևույթից 2460 մ բարձրություն: Հարաբերական բարձրությունը՝ 500-600 մ։
Արտանիշի վրա սովորաբար քամու ուժգնությունը մեծ է։ Սակայն այն ասես չորս կողմից հրող մի վերացական ուժ լինի, որը, ողջագուրվելով քեզ հետ իր թափանցիկ ձեռքերով, տանում է քեզ դեպի կատարելություն, դեպի գագաթ։

Գագաթից չքնաղ տեսարան է բացվում դեպի Գեղամա ծովը։ Իսկապես որ «ծով»։ Լիճը վերևից ստեղծում է մի հեռանկարային պատրանք, թույլ չտալով տեսնել իր սահմանները…

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated