Արշավ Սևորդյաց լեռներում
Գուգարաց լեռների արևմտյան ճյուղավորությունն են համարվում Սևորդյաց լեռները։ Լեռնաշղթայի երկարությունը կազմում է 15 կմ։ Ամենաբարձր կետը Դժարսար լեռն է, որն ունի 2235 մ բաձրություն։ Դեռ ճանապարհին հասկանում ես, որ հայտնվել ես հեքիաթում, և մի ողջ օր դու ես լինելու հեքիաթի հերոսը։ Արշավը սկսում ենք Քարինջ գյուղից։ Այս գյուղը բոլորս ենք տեսել տասնյակ անգամներ։ Այո, այո, հիմա կհասկանաք, թե ինչպես։ Սարյանի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» հայտնի նկարում պատկերված է հենց Քարինջ գյուղը, իսկ հեռվում ժայռոտ Եղնախաղաց լեռներն են՝ Սևորդյաց լեռների մի մասը։ Քարինջում Սարյանի նկարը կենդանանում է։ Թվում է, թե քայլում ես արդեն ծանոթ արահետներով։ Ակամայից միտքդ են գալիս Թումանյանի տողերը․․․
«Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։»
Արշավի սկզբում տեղանքը մարգագետնային է, ամենուր դրախտային երիցուկների դաշտեր են։ Եթե բախտ վիճակվի կտեսնեք հրաշագեղ ձիուկներին՝ Սևորդյացի փերիներին , որ այս կողմերում շատ են հանդիպում։ Ճանապարհին նաև շատ են հանդիպում տները, որոնք նման են փոքրիկ ռանչոների։ Բարձրանում, բարձրանում ես ու մեկ էլ դիմացդ բացվում է «էն Լոռու ձորը»։ Դեբեդի կիրճը նմանօրինակ գեղեցկությամբ վերևից տեսնելը ապշեցնում է։
Արշավի երկարությունը կազմում է 20 կմ։ Ինչ խոսք, կարճերից չէ, բայց տեսարանները մոռացնել են տալիս ճանապարհի երկարությունը, իսկ գարնան շունչը նոր էներգիա է տալիս առաջ շարժվելու համար։ Հետևում Եղնախաղաց լեռներն են, որ ժայռոտ են և բարձրանալ հնարավոր է միայն մագլցելով։ Հանկարծ մարգագետնային տեղանքը իր տեղը զիջում է անտառային արահետին։ Երիցուկի սպիտակ ներկված դաշտերի միջով ու մթնշաղի ներքո շարունակում ես ճանապարհը։ Մի քիչ էլ ու հասնում ես Ակներ գյուղ։ Ահա և վերջ, հասար օրվա վերջնակետին։
ՍԵՎՈՐԴՅԱՑ ԼԵՌՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆ