Գարնանային տրամադրությունը լեռներում
Արդեն գարուն է։ Ժամանակ, երբ բնությունը զարթոնք է ապրում, ժամանակ լի երջանկությամբ ու սիրով, որը հիանալի է նաև արշավների համար։ Ստորև առանձնացրել ենք 7 երթուղի, որոնք պետք է անպայման այցելել գարնանը, վայելելու համար գարնան շունչն ու լիցքավորվելու համար բնության անսպառ էներգիայով։
1. Սևորդյաց լեռներ
Գուգարաց լեռների արևմտյան ճյուղավորությունն են համարվում Սևորդյաց լեռները։ Լեռնաշղթայի երկարությունը կազմում է 15 կմ։ Ամենաբարձր կետը Դժարսար լեռն է, որն ունի 2235 մ բաձրություն։Դեռ ճանապարհին հասկանում ես, որ հայտնվել ես հեքիաթում, և մի ողջ օր դու ես լինելու հեքիաթի հերոսը։ Արշավը սկսում ենք Քարինջ գյուղից։ Այս գյուղը բոլորդ եք տեսել տասնյակ անգամներ։ Այո, այո, հիմա կհասկանաք, թե ինչպես։ Սարյանի հայտնի նկարում պատկերված է հենց Քարինջ գյուղը, իսկ հետևում Սևորդյաց լեռներն են։ Քարինջում Սարյանի նկարը կենդանանում է։ Թվում է, թե քայլում ես արդեն ծանոթ արահետներով։ Ակամայից միտքդ են գալիս Թումանյանի տողերը․․․
Արշավի սկզբում տեղանքը մարգագետնային է, ամենուր դրախտային երիցուկների դաշտեր են։ Եթե բախտ վիճակվի կտեսնեք հրաշագեղ ձիուկներին, որ այս կողմերում շատ են հանդիպում։ Ճանապարհին նաև շատ են հանդիպում տները, որոնք նման են փոքրիկ ռանչոների։ Բարձրանում, բարձրանում ես ու մեկ էլ դիմացդ բացվում է էն Լոռու ձորը։ Դեբեդի կիրճը նմանօրինակ գեղեցկությամբ վերևից տեսնելը ապշեցնում է։
Արշավի երկարությունը կազմում է 20 կմ։ Ինչ խոսք, կարճերից չէ, բայց տեսարանները մոռացնել են տալիս ճանապարհի երկարությունը, իսկ գարնան շունչը նոր էներգիա է տալիս առաջ շարժվելու համար։ Հետևում Եղնախաղաց լեռներն են, որ ժայռոտ են և բարձրանալ հնարավոր է միայն մագլցելով։ Հանկարծ մարգագետնային տեղանքը իր տեղը զիջում է անտառային արահետին։ Երիցուկի սպիտակ ներկված դաշտերի միջով ու մթնշաղի ներքո շարունակում ես ճանապարհը։ Մի քիչ էլ ու հասնում ես Ակներ գյուղ։ Ահա և վերջ, հասար օրվա վերջնակետին։
2. Աղավնո լեռ և Ապարանի ջրամբար
Թեղենյաց լեռների հարավարևմտյան ճյուղավորություններում է գտնվում Աղավնո լեռը։ Լեռան բարձրությունը կազմում է 2309մ։ Այն գտնվում է Ջրամբար գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելք։ Արշավի սկզբնակետը հենց Ջրամբար գյուղն է։ Սկզբից տեղանքը անտառապատ է, հետո հաջորդում են կակաչներով ծածկված բլրաձև լանջերը։ Կարմիր ու դեղին կակաչները հեքիաթային տրամադրություն են ստեղծում։ Ամբողջ ճանապարհին քեզ ուղեկցում է Արայի լեռը։ Գագաթից հարաշալի տեսարան է բացվում դեպի Ապարան քաղաք ու Ապարանի ջրամբար։ Երևում են ամբողջ Թեղենյաց ու Ծաղկունյաց լեռները, իսկ հեռվում քեզ ողջունում է քառագագաթ Արագածը։ Լեռան հակառակ կողմով շարունակվում է ճանապարհը։ Սկսում ես իջնել։ Ներքևում քեզ է սպասում Ապարանի ջրամբարը։
Ապարանի ջրամբար
Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի միջև է գտնվում Ապարանի ջրամբարը։ Ջրամբարը կառուցվել է 1960-ական թվականներին։ Մակերեսը կազմում է 7,9 քառակուսի կմ, իսկ ծավալը 91 միլիոն խորանարդ մետր։ Սնուցման աղբյուր են հանդիսանում մի շարք գետեր և նաև մթնոլորտային տեղումները։ Ջրամբարի հիմնական բնակիչը կողակն է։ Սկսել են բուծել նաև իշխան և սիգ ձկնատեսակները։ Կա նաև խեցգետին։ Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը: Ջրամբարի տարածքում է գտնվում IV դարում կառուցված Պողոս- Պետրոս բազիլիկ տաճարը, որը տարեկան 3-4 ամիս կիսով չափ ծածկվում է ջրով։ Հայկական ճարտարապետության մեջ այն գմբեթավոր դահլիճ տիպի շինության առաջին օրինակն է։ Այժմ, ցավոք, գտնվում է կիսաքանդ վիճակում։
Ապարանի ջրամբարի երկայնքով քայլելուց և բնության գեղեցկությամբ հիանալուց հետո ճանապարհը շարունակվում է մինչև Ապարանի գլխավոր մայրուղի։ Արշավի ընդհանուր երկարությունը կազմում է 10կմ։
3․ Դեղձնուտի վանք
Կիրանց գյուղից դեպի արևելք մի հեքիաթային անտառային արահետ տանում է դեպի Դեղձնուտի վանք։ Հեռվում՝ սաղարթախիտ անտառների մեջ, վեր է խոյանում պատմական Բերդաքարը՝ Մահկանաբերդի իշխանների ամրոցը։ Այն կառուցվել է 12-րդ դարում, համեմատաբար լավ են պահպանված պարիսպները։ Գետի շառաչյուն ալիքերի ներքո, արտացոլող կանաչի գույնի ուղեկցությամբ քայլում ենք, քիչ հետո երևում է Սրանոց կամուրջը, որն իրենից ներկայացնում է 10-րդ դարի կառույց։ Կիրանցից մինչև Դեղձնուտի վանք 10 կմ է։ Տվյալ վայրը հիանալի տարբերակ է աշնանային և գարնանային արշավներ իրականացնելու համար։ Գարնանը ընկղմվելու Տավուշյան անտառների թաց կանաչի մեջ, աշնանը՝ տեսնելու, թե ինչպես է այդ գունային քաոսի մեջ հողի տակից դուրս գալիս մի նոր մարմին՝ Դեղձնուտի վանքը։
4. Շրեշտասար / Նրբույն բերդ / Վարդանես լիճ
Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հյուսիս-արևելյան կողմից բարձրանում է կոնաձև վիթխարի մի բլուր։ Դա Շրեշտասար լեռն է։ Բարձրությունը՝ 2098 մ: Լեռնագագաթը գտնվում է Վարդենիսի լեռնահամակարգում։ Լեռան անունը պայմանավորված է նրա վրա մեծ քանակությամբ աճող շրեշտ բույսի անվանումով։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ շրեշ ուշագրավ։ Տարածված է լեռնային գոտիներում (1500-2300 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ վայրերում։ Կոճղարմատը հոծ է, իլիկաձև հաստացած, մսալի։ Ցողունն ուղղաձիգ է, բարձրությունը 40-60 սմ։ Տերևներն արմատամերձ են, երկար, գծաձև։ Ծաղկաբույլը բազմածաղիկ ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կարմրավուն, գորշ և այլն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը գնդաձև տուփիկ է։ Որոշ տեսակների արմատները պարունակում են դեքստրինանման նյութեր (օգտագործվում են սոսինձ պատրաստելու համար), իսկ տերևները՝ ներկանյութ։ Մատղաշ տերևներն ուտելի են։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Այն խաշում են, աղցան անում կամ տապակում և այդպես ուտում:
Նրբույն բերդ
Լեռան հարթ գագաթին ցանուցիր կան հին բերդի մնացորդներ, որոնք ասես միաձուլված լինեն ժայռերի հետ: Դրանք Նրբույն բերդի ավերակներն են։ Նրբույն բերդը կառուցվել է 7-8 դարերում։ Սյունյաց Վասակյանները վերակառուցել են այն։ Զաքարե Սպասալարի եղբայր Իվանե Աթաբեկը, Բաղաց իշխանությունն ավերելուց հետո՝ բերում և բնակեցնում է Վայոց ձորում Բաղաց իշխանազուններից մեկին և նրան ժառանգում է իբրև հայրենիք Նրբույն բերդը՝ այլ ագարակներով: Սրանից սերված ոմն Մահևան Ջուրջի թոռն անմիջապես ժառանգում է հիշյալ կալվածքները: Անզավակ լինելով՝ իր կալվածքը կիսվում է իր եղբորորդի Ամիրայի հետ, վերցնում է բերդի կեսը և Վարդենյաց կողմի դաշտամասը։ (Աղբյուր ՝ Ստեփանոս Օրբելյան)
Վարդանես լիճ
Գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի զառիթափ ժայռերի մեջ թաքնված Վարդանես լիճը։ Այն ստացել է իր անվանումը համանուն գյուղից՝ Վարդենիք, որը լքվել է խորհրդային Հայաստանի տարիներին գյուղերի խոշորացման հետևանքով։ Գյուղամիջյան ձորով հոսում է մի գետակ, որը սնում է Վարդանեսի բնական լճակը։ Մակերեսը կազմում է մոտավորապես 9000 քառակուսի մետր։
5․ Դիզափայտ լեռ
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում է գտնվում 2478 մ բարձրություն ունեցող լեռը։ Լեռան հենց կատարին է գտնվում Կատարո վանքը։ Լեռն ունի նաև երկրորդ անվանում, որն է՝ Զիարաթ։ Երկու անվանումներն էլ իրենց հետաքրքիր բացատրությունն ունեն։ Առաջինը մեկնաբանվում է հետևյալ կերպ․ սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են Մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել ։ Այստեղից էլ առաջացել է լեռան անվանումը։ Զիարաթն էլ արաբերենից թարգմանաբար նշանակում է սրբատեղի։ Լեռն այդպես են անվանել Հայաստան ներխուժած արաբները։
Կատարո վանք
Ինչպես նշեցինք, լեռան գագաթին է գտնվում Կատարո վանքը։ Այն իրենից ներկայացնում է միանավ բազիլիկ տիպի շինություն։ Վաղ միջնադարում Կատարոն եղել է գավառի առաջնորդանիստ կենտրոնը եւ այստեղ նստել է եպիսկոպոսը:
Կատարո վանքը Արցախի ամանաբարձրադիր վանքերից է։ Բացի «Կատարո վանք» եկեղեցուց, այստեղ պահպանվում են կից շինությունների, պարսպապատերի ավերակները։ Դիզափայտ այցելելու համար ամենալավ եղանակը գարունն է, երբ շուրջ բոլորդ կանաչ է։ Հասնելով լեռան լանջերին, մոտ 1920 մ բարձրությունից սկսում ես քայլել։ Արշավի երկարությունը կազմում է մոտ 8 կմ։ Տեխնիկապես բարդ լեռ չէ և ցանկության դեպքում բոլորն էլ կարող են բարձրանալ։ Հասնում ես լեռան լանջերին ու ինչ-որ մագնիսական ուժ քեզ առաջ է տանում։ Ողջ ճանապարհին հիանում ես բացվող տեսարաններով, կանաչ բուսականությամբ ու Արցախ աշխարհի անբացատրելի գեղեցկությամբ։ Հասնում ես գագաթ, որտեղ քեզ մի ուրիշ հրաշք է սպասում։ Թվում է, թե դիմացդ ամպերի օվկիանոս է։ Լեռնագագաթից երևում են Արցախի (Մուղանքի) դաշտավայրը, Իրանի սահմանը՝ Արաքսի հովիտը , Զանգեզուրի լեռնաշխարհը, Մռովի կատարները, իսկ ավելի մոտիկից՝ հյուսիսային կողմում, Հարոս լեռնաշղթան է: Սյունյաց աշխարհի դիմաց Մեծ քար սարն է, որի ստորոտում են գտնվում Քարինգ, Սպիտակ Շեն, Փարաջանց գյուղերը: Դրանցից հարավ՝ Զինգյանակապ գետի ձախ ափին, խոյացել է հսկա Ամու կոչվող տեղամասը, որի կողերին փռված են Արևշատ, Ամուտակ (Թեզխարաբ), Պետրոսաշեն բնակավայրերը: Բարձունքից երևում են նաև Տումի, Մոխրենես, Հին Թաղեր, Խանձաձոր, Ծամձոր, Քարագլուխ, Սարին Շեն, Բանաձոր, Առաքել, Ցոր, Սարալանջ, Ջրաբերդ, Կարմրաքար գյուղերը:
6․ Ձորագետի կիրճ
Լոռվա ձորերը բոլորն էլ տարբերվում են իրենց գեղեցկությամբ։ Նրանց մեջ առանձնանում է Ձորագետի կիրճը։ Այստեղ ցանկալի է գնալ հենց գարնանը։ Շուրջ բոլորդ ամենուր կանաչ է։ Արշավը սկսվում է Լոռու բերդից։ Վերջինս իրենից ներկայացնում է 10-րդ դարի միջնադարյան ամրոց։ Ձորագետի խորը կիրճը գրեթե ամբողջությամբ անհասանելի է դարձրել ամրոցի մուտքը երեք կողմից։ Բացի բնական պատնեշից, բերդը ունի նաև արհեստական պարսպապատ։ Կա նաև գետնուղի, որի նպատակն է եղել արտաքին աշխարհի հետ կապ հաստատելը ևանհրաժեշտության դեպքում սնունդ և ջուր բերելը։
Այս անգամ ոչ թե բարձրանում ենք, այլ իջնում։ Լոռվա մարզն ինչպես վերևից է փռում իր շերտավոր լանջերն ու հովիտները մեր առջև, այնպես էլ ներքևից թույլ է տալիս խորասուզվել ժայռերի, ձորերի և կիրճերի գեղեցկության մեջ։Աստիճանաբար իջնում ես դեպի կիրճ ու սկսում քայլել։ Ճանապարհին կա միջնադարյան կամուրջ ու նաև 11- 13-րդ դարերի մի մատուռ, որը կոչվում է Ճգնավոր։ Արշավի ամբողջ երկարությունը կազմում է 12 կմ։ Այն ավարտվում է Կողես գյուղում, իսկ մինչև Կողես հասնելը կարող ես տեսել Հին Կողեսն իր լքված տներով։ Սարահարթից դեպի կիրճ, Լոռու բերդից մինչև Կողես գյուղ և վերջապես իրականությունից մինչև հին միջնադար․․․ Այսպիսին է արշավականների օրը Ձորագետի կիրճում։
7․ Առյուծ և Բերդալանջ լեռներ
Գարնային ևս մեկ գեղեցիկ երթուղի է Առյուծ և Բերդալանջ լեռները, որոնք հանդիսանում են Վիրահայոց լեռների շարունակությունը։ Արշավը սկսվում է Սվերդլով գյուղից։ Սկզբից բարձրանում ենք Բերդալանջ լեռը (1779 մ), որի վրա կա մ․թ․ա․ 2-3 հազարամյակների կիկլոպյան ամրոց։ Վերջինիս շարվածքի քարերը տարածված են լեռան լանջին։
Այնուհետև ճանապարհը շարունակվում է դեպի Առյուծ լեռը (1921 մ)։ Ամբողջ ճանապարհը պատված է մարգագետնային խոտածածկով։ Եվ հատկապես գարնանը Վիրահայոց լեռների կանաչ զառիկող և զառիթափ լանջերը ներկվում են գարնանային վառ երանգներով։ Արշավի վերջնակետը Մեդովկա գյուղն է։ Արշավի ընդհանուր երկարությունը կազմում է 10 կմ։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի
Վերոնշյալ երթուղիները ArmLand ակումբի տարբերակն է գարնանային գեղեցիկ արշավների։ Անվտանգ և հաջող վերելքներ բոլորին․․․