Ժամը քանիսն է՞։ Իսկ արդեն կեսօ՞ր է, թե ոչ։
Հարցեր, որոնց պատասխանները տալու համար ժամանակակից մարդուց կպահանջվի ընդհամենը մի քանի վարկյան։ Բավական է նայել ժամացույցին և վերջ։ Ձեռքի, հեռախոսի, թե պատի ժամացույց, արդեն էական չէ, տարբերակները շատ են։ Իսկ եթե ժամանակի անիվը հետ պտտե՞նք ու գնանք մի 2000 տարի հետ, երբ չկային բոլորիս համար սովորական դարձած սարքավորումները։ Ինչպե՞ս են մարդիկ վաղ անցյալում պատկերացում կազմել ժամի ու ժամանակի մասին, հետևել տարվա եղանակների փոփոխությանը, որոշել ցանքի ու բերքահավաքի ժամանակը։ Մարդկությանը հայտնի առաջին միջոցը, որը հնարավորություն տվեց իմանալ օրվա որ ժամն է, դա արևային ժամացույցն էր։
Արևային ժամացույցի ստեղծման պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ մարդուն պարզ դարձավ, որ առարկաներից արևի ստվերի տեղադրությունն ու երկարությունը ուղիղ կապ ունեն երկնակամարում արևի դիրքի հետ։ Ցանկացած արևային օր առարկաները արձակում են ստվեր։ Առավոտյան այն երկար է լինում, կեսօրին սկսում է կարճանալ, իսկ երեկոյան կրկին երկարում է։ Այս փաստը օգտագործելով մարդիկ կարողացան մտածել այնպիսի պարզ մեխանիզմ, որի միջոցով կիմանային օրվա ճիշտ ժամը։
Առաջին արևային ժամացույցը
Առաջին արևային ժամացույցը, որը ըստ ստվերի երկարության չափում էր ժամը, կոչվում էր գնոմոն։ Նման ժամացույցները ծագել են Ասորեստանում և Բաբելոնում։ Սովորաբար դրանք կազմված էին դեպի հարավ ուղղված թվատախտակից և ձողից։ Ժամանակը որոշվում էր թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Բաբելոնից արևային ժամացույցները տարածվեցին աշխարհով մեկ։ Նախկինում հին հունական քաղաք Աթենքի գլխավոր հրապարակում կային հատուկ մարդիկ, ովքեր քաղաքի միակ արևային ժամացույցից իմանալով ժամը, ցանկացողներին այն հայտնում էին մետաղադրամի դիմաց։
Արևային ժամացույցների տեսակները բազմազան էին։ Բացի հորիզոնական ժամանցույցներից, կային նաև ուղղահայաց արևային ժամեր, որոնք տեղադրում էին հասարակական շենքերում։
Հին և միջնադարյան Հայաստանում սովորաբար օգտագործվել են ուղղահայաց արևային ժամացույցներ, որոնք տեղադրվում էին տաճարների և վանքերի հարավային պատերին։ Հայաստանում ամենահին արևային ժամացույցը թվագրվում է 7-րդ դարին։ Դա Զվարթնոցի տաճարում գտնված ժամացույցն է։ Հայկական գրեթե բոլոր եկեղեցիների հարավային պատերի կարելի է տեսնել արևային ժամացույցներ։ Դրանք արվել են ընդհուպ մինչև 15-րդ դարը։