ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԸ ԿԱՄ ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀ
Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով, հանքային աղբյուրներով, բարձրադիր ջրվեժներով։ Քառօրյա ճանապարհորդության ընթացքում մեզ հաջողվեց բացահայտել Հայաստանը նորովի։ Քայլարշավային երթուղիները տանում էին հենց այդ դժվարհասանելի բերդերն ու ջրվեժները։
Միանգամից Վարդենիսի լեռնաշղթայից դեպի հարավ բացվում է Հայաստանի ամենաառեղծվածային գեղեցիկ մասը, որը անվանել են Սյունյաց աշխարհ։ Մարզի բնութագիրը ստեղծում են հյուսիսից հարավ ձգվող լեռնաշղթաները՝ հրաբխային Սյունիքի բարձրավանդակը, ծալքաբեկորավոր Զանգեզուրի լեռները։ Սյունիքը Հայաստանի լեռնային ամենակտրտված մասն է, ամենահեռու և դժվարհասանելի վայրերից մեկը։ Հենց այս փաստն է կարևոր դեր խաղացել նրանում, որ հենց այստեղ երկար ժամանակ կորցնելով կենտրոնացած հայկական պետականությունը 18-րդ դարում, հայ մելիքությունները կարողացել են դիմակայել անթիվ թուրքական և պարսկական բանակները, ընդ որում պահպանելով անկախ դրությունը։ Սյունիքը եղել է Մեծ Հայքի նահանգներից մեկը։
Մարզը բնութագրվում է կտրուկ կլիմայական կոնտրաստներով: Մեղրու շրջանը իր մերձարևադարձային կլիմայով, Կապուտջուղը իր ձնածածկ լանջերով, հարավում Արաքսի ամենաչոր հովիտը և Հայաստանի ամենախոնավ ու անձրևային վայրերից մեկը՝ Գորիսը:
Դեպի Բաղաբերդ
Ստեփանոս Օրբելյան պատմիչը վկայում է, որ հայերից առաջինը քրիստոնյա են դարձել սյունեցիները, և Սյունիքում քրիստոնեության տարածումը կապված է Բարդուղիմեոս առաքյալի հետ: Սյունիքի թագավորությունը հայոց հողի վրա վերջին պետականությունն էր: Այն պատմական ասպարեզից վերացավ 1170 թ., երբ սելջուկները գրավեցին Բաղաբերդը: Մեր առաջին կանգառը հենց Բաղաբերդն էր։
Բաղաբերդը (Կապանի բերդ) գտնվում է Կապան քաղաքից արևմուտք` Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի և Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու, Ողջի գետի ձախ ափին: Հայաստանի պաշտպանական խոշոր կառույցներից է: Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.) հաղորդած ավանդության համաձայն` Սիսակի սերունդներից Բաղակ նահապետը որպես ժառանգություն ստանում է Ձորք (Կապան) գավառը, կառուցում է Բաղակի քար ամրոցը, ամրացնում բերդը` անվանելով Բաղաբերդ: Որպես անառիկ բերդ` հայտնի է IV-V դարերից: Բաղաբերդի նշանակությունը առանձնապես մեծանում է X-XII դդ., Սյունիքի կամ Բաղաց թագավորության շրջանում: 1103 թ. Կապան քաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Վտանգի ժամանակ Սյունյաց իշխանները այստեղ էին պահում գանձերը, ձեռագրերը: 12-րդ դարի սկզբին երկրամասում իրենց իշխանությունն են հաստատում հայ նախարարական տները՝ Օրբելյաններն ու Պռոշյանները:
Բակունցի Սյունիքը
Մթնաձորի անտառներ
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը, որոնք կազմում են Շիկահողի արգելոցի մի մաս։ Այն կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները։ Քայլելով այս անտառներով միանգամից մտքիդ են գալիս Բակունցի «Մթնաձորը», Սերո Խանզրադյանի «Մխիթար սպարապետը» և այլ վեպեր ու պատմվածքներ Սյունյաց աշխարհի նկարագրությամբ։
«Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլէզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկիւղ չունեցող։ Պառկում են քարերի վրայ, արեւի տակ, ժամերով կարող էք նայել, թէ ինչպէս է զարկում փորի մաշկը, թոյլ երակի պէս, կարող էք բռնել նրանց։ Խլէզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում․․․»
Ա․ Բակունց «Մթնաձոր»
Ահա այսպես է նկարագրել Բակունցը Շիկահողի անտառները իր «Մթնաձոր» պատմվածքում։
Լիճք և Մեղրի
Հայաստանի «հարավային դարպասը»
Առաջին օրը գիշերեցինք Արևիկ ազգային պարկում, Մեղրի գետի ափին։ Սկիզբ առնելով Մեղրիի լեռնաշղթայի բարձրադիր լանջերից, գետը ստորին հոսանքում առաջացնում է մի քանի ջրվեժներ՝ կասկադ, որոնց հենց անվանում են Լիճքի ջրվեժներ։ Լիճքը մոտակա գյուղի անվանումն է։ Չնայած այն փաստին որ գյուղը գտնվում է 2000 մ բարձրության վրա, այն շրջապատված է այգիներով։ Ամբողջ Հայաստանում հայտնի են Լիճքի խնձորներն ու տանձերը։ Գյուղից վեր կան շատ լճեր, ջրի աղբյուրներ, ջրվեժներ, այդ իսկ պատճառով տեղացիները անվանել են «Լիճք»։ Առավոտյան քայլեցինք դեպի այդ ջրվեժները, որոնք շրջապատված էին բարձրադիր ժայռերով։ Հայացք նետելով դեպի ձեռակերտ թվացող ժայռերը, հասկանում ես որ բնությունն է արվեստի արարիչը։ Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը:
Մեր հաջորդ կանգառը Սյունյաց աշխարհում դա Մեղրի քաղաքն էր իր հայտնի «Հայաստանի դարպաս» անվանումով։ Այգիները ամբողջությամբ պատվել էին կարմիր գույնով։ Դա ծաղկած նռնենիներն էին, որոնք համարվում են Մեղրու խորհրդանիշներից մեկը։ Վերջինիս նեղ ու թեք փողոցները, չոր մերձարևադարձային կլիման հիշեցնում են Արևելքի քաղաքները։ Բնական պայմանները շատ բարենպաստ են այգեգործության, խաղողագործության համար։ Մեղրին կոնտրաստների քաղաք է։ Այստեղ բարձրահարկ սովետական 9-հարկանի շենքերը ներդաշնակորեն տեղակայված են զառիթափ լանջերի վրա, որոնք հիշեցնում են Մերձավոր Արևելքի լեռները։ Քաղաքի յուրահատուկ պարսկական ոճը պայմանավորված է Իրանի հետ սահմանակից լինելով և դարավոր հայ-պարսկական հարաբերություններով։ Մենք այցելեցինք Մեղրու Սուրբ Աստվածածին Փոքր Թաղի եկեղեցին (17 դար), որը հայտնի է իր հետաքրքիր հարուստ որմնանկարներով, որոնցում զուգորդված են քրիստոնեական տարբեր ուղղությունների պատկերագրության տարրեր։ Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի լեռնային փոսի մեջ գտնվող քաղաքը։
Բուժիչ ջրի աղբյուրը
Քսաջուր եկեղեցի
Երկրորդ գիշերը անցկացրեցինք Շիկահողի անտառներում: Հաճելի է այն զգացողությունը, երբ արթնանում ես և շուրջ բոլորդ «կանաչ թարմություն» է, վրանների վրայի ցողի կաթիլները սպասում են արևածագին, որպեսզի փայլեն և ազդարարեն պայծառ օրվա սկիզբը: Ուղղությունը դեպի Քսաջուր եկեղեցին: Միջնադարյան կամրջի մոտակա անտառային արահետը տանում է մինչև այդ եկեղեցին։ Եկեղեցու հիմքից բխում է հանքային աղբյուր՝ բուժիչ ջուր, որը, ըստ ավանդության, բուժում է մաշկային հիվանդությունները, հենց դրա համար էլ կոչվել է Քսաջուր: Եկեղեցու ներսում կառուցված է փոքրիկ ջրավազան։ Այն տուժել է Արցախյան հրետակոծությունների ժամանակ և այժմ չի գործում։ Երթուղու երկարությունը կազմում է 2-3 կմ։
Հայաստանի «ջունգլիներով» դեպի Աղջկաբերդ
Այնուհետև արշավախումբը ուղևորվեց դեպի Աղջկաբերդ, Սյունիքի միջնադարյան ամրոցներից մեկը։ Այն գտնվում է դժվարհասանելի ժայռի վրա։ Արահետը բնութագրվում է Շիկահողի անտառների կուսական բնությամբ։ Այս տարածքը հաճախ անվանում են Հայսաստանի ջունգլիներ։ Բերդից արդեն վերևից ես նայում դիմացի անտառածածկույթ գագաթներին։ Հարաբերական բարձրությունը կազմում է մոտ 600 մ։ Արշավի երկարությունը՝ 8-10 կմ։
Մազրայի ջրվեժը
Ծավ գյուղից 2 կմ դեպի արևմուտք, Ծավ գետի Մազրա վտակի վրա է գտնվում Մազրայի ջրվեժը։ Բարձրությունը՝ 10 մ։ Ջուրը գահավիժում է ժայռերի միջով, կարծես թե հենց քարերի միջից է այն հոսում։ Ջուրը շատ սառն է։
Ճանապարհորդի ծառը
Սոսիների պուրակ
Քառօրյա ճանապարհորդությունը եզրափակեցինք Սուսու պուրակում։ Սոսին համարվում է ճանապարհորդների ծառ, քանզի հին ժամանակներից իր լայն բնի շնորհիվ այն հիանալի հանգստի տեղ և կացարան է հանդիսացել հոգնած ճամփորդների համար։ Հայաստանում է գտնվում տարածաշրջանում բնական սոսիների միակ եւ ամենախոշոր անտառը։ Այն գտնվում է «Շիկահող» արգելոցին կից Ծավ գետի հովտում՝ Ներքին Հանդ գյուղի մոտ ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա։ «Սոսու պուրակ» պետարգելոցը իր ուրույն տեղն ունի Զանգեզուրի Ծավ եւ Շիկահող գետերի հովտում ընկած միջազգային նշանակության, լանդշաֆտային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող էկոհամակարգերում, տարածաշրջանում բնական սոսիների միակ եւ ամենախոշոր (100-150 լայնությամբ 7 կմ երկարությամբ) անտառն է: Այնտեղ աճող 1000-ից ավելի կաղնիներից և 250-300 տարեկան 30-35 մ բարձրությամբ սոսիներից բացի, աճում են նաև հունական ընկուզենի, կովկասյան փռշնի, սեւ մորմ, սզնի, հիբրիդային բարդի ու անտառային խաղող, որոնք գրանցված են «ՀՀ կարմիր գրքում»: Վերջին 12 տարում կատարված ապօրինի ծառահատումների եւ Ներքին Հանդ համայնքի բնակիչների գյուղատնտեսական գործունեության եւ կենդանիների գերարածեցման հետեւանքով վերոնշյալ բույսերի սերմնարտարդրությունը դադարել է, եւ նոսրացած անտառը ներկայումս կանգնած է ոչնչացման վտանգի առջև։
Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության հողերը։
Ճամբար Արևիկ ազգային պարկում և Շիկահողի անտառներում
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի