Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ արկածախնդիրներ ամբողջ աշխարհում ձգտում են լեռնագնացության: Տարեցտարի ավելի շատ մարդիկ են ցանկանում բարձրանալ լեռներ, վայելել գագաթից բացվող անկրկնելի տեսարանները, բացահայտել նոր Հայաստանը:
Հայաստանում առաջին լեռնային վերելքը տեղի է ունեցել 1829 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Դորպատի համալսարանի (այժմ ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաք) պրոֆեսոր Ֆ.Պարրոտը և Խ. Աբովյանը բարձրացան Արարատ լեռան գագաթը (մեծ Մասիս, 5165 մ): 1845 թվականի հուլիսի 29-ին Արարատ լեռան գագաթը նվաճել է գերմանացի երկրաբան Գ.Աբիխը ՝ թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ՝ Հովհաննես Այվազյանի, Մուրադ Պողոսյանի ուղեկցությամբ: 1896 թվականի սեպտեմբերի 14-ին Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ի. Աբելյանը նույնպես նվաճեց Արարատը: Հայաստանում լեռնային արշավներ են կազմակերպում տարբեր ուղղություններով, սակայն առավել նշանավոր է համարվում Արագած լեռան գագաթը (4090 մ), որը Հայաստանի ամենաբարձր կետն է:
2011 թվականից գործում է “Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան”, որին հաջողվել է համախմբել և իր շուրջ կենտրոնացնել լեռնագնացներին և այն մարդկանց, ակումբներին ու կազմակերպություններին, որոնք մոտ են այս ոլորտին: Ֆեդերացիան նպատակ ունի նպաստել Ալպինիզմի և լեռնային տուրիզմի զարգացմանը և ձևավորել Ալպինիզմի մշակույթ: Այդ նպատակով բազմաթիվ հանդիպումներ են անցկացվում ոլորտի լավագույն մասնագետների հետ, կազմակերպվում են լեռնագնացների պատրաստման դասընթացներ։ Շուկայում գործող բոլոր ակումբները սերտորեն համագործակցում են ֆեդերացիայի հետ։
Հայաստանը փոքր երկիր է, սակայն, չնայած դրան, այստեղ կարելի է գտնել տարբեր աստիճանի բարդության արշավներ ՝ հեշտ արշավներից մինչև բարդ լեռնային վերելքներ: Ամենահայտնի ուղղություններից են Աժդահակ լեռը, Արագածը, Ուղտասարը, Ծղուկը, Խուստուփը ։ Հայաստանում շատ են կազմակերպվում նաև ձմեռային լեռնային վերելքներ։ Հատկապես ձմռանը, երբ շրջապատում ամեն ինչ ծածկված է ձյունով, լեռները առասպելական գեղեցկություն են ստանում: Ձմեռային վերելքների համար նախընտրելի լեռներն են Արտանիշը (միակ լեռը, որտեղից Սևանն ամբողջությամբ երևում է), Թեժքարը, Արտենին, Հատիսը, կամարը:



