ՄՈԶ ՔԱՂԱՔԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Մալիշկա գյուղից 3-4 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Արփա գետի աջ ափին, երեք կիլոմետր երկարությամբ տարածվում են Վայոց Ձորի հնագույն բնակատեղիներից մեկի՝ Մոզ քաղաքի ավերակները: Ցավոք, այսօր  քաղաքի տեղանքը մեծ դաշտավայր է, ծածկված մեծ քարաբլուրներով: Տեղացիների մեջ ավանդաբար պատմվում է, որ այդ քարաբլուրները երկրաշարժի ժամանակ ժայթքած լավայի սառած բեկորներ են:
Քաղաքի պատմությունը

Մոզ քաղաքը տարանցիկ առևտրի կարևոր կենտրոն էր Մեծ Հայքով անցնող Մետաքսի ճանապարհի վրա: Քաղաքն ունեցել է 7-10 հազար բնակչություն: Մոզը Սյունյաց Աշխարհի մեծագույն քաղաքն ու Վայոց Ձոր գավառի վարչական կենտրոնն էր։ Քաղաքի կործանումից հետո Սյունյաց Աշխարհի վարչական կենտրոն և Օրբելյան իշխանների նստավայր է դարձել Եղեգիս ավանը:

Մալիշկայում հայտնաբերված բրոնզե գոտին և հելլենիստական գտածոները, որոնք թվագրվում են Ք.ա. 8-7-րդ դարերին, ապացույցնն են այն բանի, որ Մոզ քաղաքը կարևոր նշանակություն է ունեցել դեռևս Վանի թագավորության և հելլենիստական շրջաններում: Մոզից գտնված խեցեղենը յուրահատուկ է իր սև գույնով, որն էլ ստացել են  յուրահատուկ տեխնիկայի միջոցով։ Սափորների վրայի զարդանախշերը խորհրդանշում են արևը և հետաքրքիրն այն է,  որ այս զարդանախշը հազարամյակներ հետո կենդանի է մնացել մեր մշակույթում:

Ավերիչ երկրաշարժը

Մոզը կործանվել է 735 թ. ամռանը: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի (XIII դ.) վկայությամբ՝ ավանը կործանվել է Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի չարանենգ սպանությունից հետո սկսված և 40 օր տևած ահեղ երկրաշարժից: Այս մասին տեղեկություններ են հաղորդում նաև Մովսես Կաղանկատվացին, Կիրակոս Գանձակեցին և Մխիթար Այրիվանեցին:

Ստեփանոս Օրբելյանը հավաստում է, որ Ստեփանոս Սյունեցին նախանձախնդիր էր բարոյականության հարցերում եւ անաչառ դրա խախտումները տեսնելու եւ հանդիմանելու հարցում: Ստեփանոս Օրբելյանը մանրամասն հաղորդում է Սյունեցու ողբերգական մահվան հանգամանքները, որտեղ իմանում ենք, որ Եղեգյաց ձոր գավառի Մոզ ավանում մի անառակ կնոջ երեք անգամ զգուշացնում է հեռու կանգնել մեղքի ճանապարհից, և երբ նա չի զղջում և շարունակում է իր անպարկեշտ կյանքը, Ստեփանոս Սյունեցին սաստիկ զայրանում է և մեծ պատժի վճիռ կայացնում (թե ինչպիսի՝ պատմիչը չի նշում)։ Հիշյալ անառակ կինը, որ դիրքի եւ իշխանության տեր էր, որոշում է վրեժխնդիր լինել: Դրանից հետո նա գնում է Ավագ ակն կոչված քաղցրահամ աղբյուրի ակունքում հանգստանալու, քանզի սաստիկ շոգ էր։ Անբարո կինն ու իր սիրեկանը գալիս են նրա պառկած տեղը, եւ կինը սիրեկանին հորդորում է եպիսկոպոսին սպանել: Համոզվելով, որ նա չի համարձակվում դիմել այդ քայլին, անբարո կինն ինքն է սրով կտրում քնած Ստեփանոս Սյունեցու պարանոցը:

Սյունյաց պատմիչի ասելով՝ աստվածային պատիժը չի հապաղում: Շուտով Վայոց ձորում տեղի է ունենում մի զարհուրելի երկրաշարժ, որին զոհ են գնում տասը հազարից ավելի բնակիչներ, որոշ գյուղեր հողի տակ են թաղվում, աղբյուրներ ցամաքում, եւ նորերը հայտնվում: Ազդված զարհուրելի բնական աղետից՝ մարդասպան անառակ կինը խորապես սգում է կատարվածի համար, ապաշխարում երկար ժամանակ՝ մինչեւ իր մահը, Թանահատի վանքի դիմաց գտնվող բացօթյա գուբի մեջ եւ թաղվում նույն գուբում:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի քաղաքն ավերած ահեղ երկրաշարժը տևել է  քառասուն օր, ինչի պատճառով տներն ու ապարանքները դարձել են իրենց բնակիչների գերեզմանները: