Մովսես Խորենացու Աշխարհացույցը («Աշխարհացոյց») համարվում է միջնադարի աշխարհագրական հանճարեղ աշխատություններից մեկը։ «Աշխարհացույց» («Աշխարհացոյց») անվանումը նշանակում է Աշխարհի ատլաս (քարտեզների ժողովածու): Այն գրվել է V դարում և հետագայում (VII դարում) թարմացվել ու շարունակվել է Անանիա Շիրակացու կողմից։ Աշխատությունն իր մեջ ներառել է շուրջ 15 քարտեզ, որոնք կից ունեցել են համառոտ և ընդարձակ բնութագրեր։
Միջնադարում Մովսես Խորենացու «Աշխարհացույցը», ինչպես նաև «Հայոց պաատմություն»-ը, դասավանդվում էին հայկական դպրոցներում։ Աշխատության մեջ համառոտ ներկայացված են այդ ժամանակաշրջանում հայտնի երեք մայրցամաքների (Եվրոպա, Ասիա, Լիբիա) երկրները, նաև ներկայացված են կարճ տեղեկատվություն այդ երկրների բուսական և կենդանական աշխարհների մասին։ Աշխարհացույցը համարվում է եզակի աղբյուր, որում ներկայացված են Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի պատմական աշխարհագրության ուսումնասիրությունները։ Երկի մեջ խոսվում է նաև այլ երկրների վաղ միջնադարյան պատմության և աշխարհագրության մասին։
Կլավդիոս Պտղոմեոսի (90– 168 թթ.) «Աշխարհագրություն» աշխատություն և Մովսես Խորենացու «Աշխարհացույց»-ը ունեն կառուցվածքային որոշակի նմանություն։ Խորենացին երկի ներածական հատվածում («Հասարակախոսություն») ներկայացրել է երկրակենտրոն տեսությունից տիեզերագիտությունը, խոսել է այն մասին, որ Երկիրը գնդաձև է, նաև ներկայացրել է գլոբուսը և քարտեզագրման տարրերը։ Ըստ հույն աշխարհագիր Էրատոսթենեսի (մթա․ 276-194 թթ․) տրվել են Երկրի միջօրեականները։
Աշխատության բուն մասը, որը կոչվում է «Երկրաչափ», բաղկացած է 2 մասից։ Առաջին մասում, որը կոչվում է «Աշխարհագիր» կամ «Աշխարհագրություն», տրված է աշխարհի քարտեզագրական նկարագիրը, ինչի հիման վրա էլ կազմվել է աշխարհի քարտեզը, որը կոչվում է «Աշխարհացույց քարտեզ տիեզերաց»։ Երկում նկարագրված է նաև հասարակածը։ Նկարագրված է նաև Երկրի (այն ժամանակ հայտնի) ջրագրությունը՝ Հնդկական և Ատլանտյան օվկիանոսները, Կասպից և Հունական (Միջերկրական ու Սև) ծովերը, ինչպես նաև դրանց մեջ թափվող գետրը։ Ըստ Խորենացու մայրցամաքը բաղկացած է 3 մասերից՝ Եվրոպա, Ասիա և Լիբիա (Աֆրիկա):
Երկրորդ մասը «Երկրագրությունն» է, որտեղ նկարագրվում են առանձին երկրամասեր՝ ըստ մայրցամաքների։ Հայաստանից և հարևան երկրներից զատ գտնվող երկրաամասերի մասին պատմող բաժինները իրենցից ներկայացնում են Պտղոմեոսի աշխատության համապաատասխան բաժինների համառոտ շարադրանքը։ Ներառված են նաև քարտեզներ և ավելացված են երկի գրման ժամանակաշրջանի նոր նյութերը։ Առանձնահատուկ արժեք են ներկայացնում Մեծ Հայքի, Վրաց աշխարհի, Աղվանքի, Պարսից աշխարհի, մասամբ՝ Կողքիսի, Հյուսիսային Կովկասի («Ասիական Սարմատիա») ու Փոքր Ասիայի («Միջերկրեայք»), Միջագետքի և Ասորիքի նկարագրությունները, որոնց նվիրված է «Աշխարհացույցի» բնագրի մեծ մասը:
Այս գիտական եզակի աշխատությունը գրելու համար Խորենացին օգտվել է ոչ միայն Պտղոմեոսի աշխատությունից, այլև այնպիսի աղբյուրներից, որոնք, ցավոք, մեզ չեն հասել։ Աշխատության մեջ տրված է ժամանակի հայտնի աշխարհը, մաթեմատիկական հաշվարկներով կառուցված աստիճանացանցով։ «Աշխարհացույցը» ապացույցն է այն բանի, որ միջնադարում Հայաստանը ունեցել է բավականին զարգացած քարտեզագրություն, որին արդեն հաջորդել է արաբական քարտեզագրությունը:
Մովսես Խորենացու Աշխարհացույցը («Աշխարհացոյց») համարվում է միջնադարի աշխարհագրական հանճարեղ աշխատություններից մեկը։ «Աշխարհացույց» («Աշխարհացոյց») անվանումը նշանակում է Աշխարհի ատլաս (քարտեզների ժողովածու): Այն գրվել է V դարում և հետագայում (VII դարում) թարմացվել ու շարունակվել է Անանիա Շիրակացու կողմից։ Աշխատությունն իր մեջ ներառել է շուրջ 15 քարտեզ, որոնք կից ունեցել են համառոտ և ընդարձակ բնութագրեր։













