ԼԱՎԱՇ

Գրիգոր Տաթևացին հացը մեկնաբանում է այսպես. «Հացը հայցումն թարգմանի, որ է հայց, բնութեան հայց»:

Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2 հազարամյակներում: Այդ են վկայում մի շարք հնավայրերում հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիր: Գետնափոր կավե թոնիրը հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:

Ավանդաբար լավաշը պատրաստում էին կանայք, ովքեր հավաքվում էին հաց թխելու ընդհանուր թոնրում։ Լավաշի պատրաստման գործընթացը հաճախ հասարակական և մշակութային իրադարձություն էր, որտեղ կանայք աշխատում էին պատմվածքներ պատմելով և երգելով:

Մի շարք գիտնականներ (գերմանացի Ալեքսանդր Համբոլդտը և ուրիշներ) ցորենի բուն հայրենիքը համարում են Հայաստանը, որն աշխարհում մրցակից չունի վայրի ցորենի միահատ և երկհատ տեսակների հարստությամբ (մինչեւ 20 տեսակ): Դա են Հացի ստեղծման պատմություն Հայկական հաց: Տեսակներ: Պատմություն: Ավանդույթ հաստատում Շենգավիթի, Մոխրաբլուրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները, պահեստարաններում հայտնաբերված հացահատիկային մթերքները: 1948 թ. կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Արարատյան թագավորության խոշոր աղացած կորեկի ալյուրից թխած ձվաձև, հաստ պատերով, կենտրոնում անցք ունեցող հացի մնացորդներ:

Անվան ստուգաբանությունը

Լավաշ բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

Ինչ՞ու ստեղծվեց լավաշը

Հին ժամանակներում առավելապես Հայկական լեռնաշխարհի երկրներում երկար ժամանակ թարմ հաց ունենալու համար ստեղծվեց լավաշը։ Գաղափարը կայանում էր նրանում, որ սովորական հացը թխելուց հետո կարելի է օգտագործել շատ սուղ ժամանակաընթացքում, իսկ լավաշը պատրաստելուց հետո կարելի է երկար պահել, և այն չի փչանա։ Լավաշի չորանալուց հետո նրա վրա ցանում էին ջուր, և այն փափկում էր ու նորից դառնում օգտագործման ենթակա։

Պատրաստման եղանակը

Լավաշը պատրաստելը մի ամբողջ արարողակարգ է եղել: Ալյուրից, գոլ ջրից, թթխմորից  և աղից պատրաստված խմորը հունցում են ու դնում տաք տեղ խմորման համար, որից  հետո խմորը բաժանում են 300-400 գրամանոց գնդերի, գրտնակով բացում,  օդի մեջ մի ձեռքից մյուսին գցելով՝ ձգում-բացում են, քաշում ձվաձև բարձիկի վրա՝ մարզկա, ռաֆաթա կամ բադադ, և կպցնում կավե թոնրի տաք պատերին: Մեկ րոպե, երբեմն նույնիսկ երեսուն վայրկյան սպասելուց հետո կարելի է թոնրի պատից քաշել արդեն թխված լավաշը: Լավաշները նախ առանձին-առանձին շարվում են արևի տակ, որպեսզի չորանան։ Չորանալուց հետո դրանք հեշտությամբ դարսվում են իրար վրա և տեղափոխվում հատուկ դարան՝ սպասելով սեղանին հայտնվելու իրենց հերթին՝ գուցե երկու օր, գուցե երեք ամիս։ 

Ավանդազրույցներ 

  •   Ավանդազրույցներից մեկն ասում է. «Հացահատիկի Հայոց Աստվածուհի Աշորայի ծամերը ցորենի ոսկե ցողունի հյուսքեր էին: Աշորը եղել է աստվածուհու ոտքը, գրտնակը սկզբում եղել է հացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր:  Հենց որ Հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ:  Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին  թմփացնելով:  Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել եւ Աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց»:
  •   Ըստ հայոց դիացաբանության՝  աստվածների հայր Արամազդը Աստղիկի և  Վահագնի հարսանիքին մի լավաշ է դնում հարսի ուսին : Փեսայի տուն գնալու ճանապարհին  լավաշը ընկնում է Աստղիկի ուսից: Արամազդը  բարկանում է Աստղիկի վրա՝  «Հացը գետնին ձգողը  չի կարող կին ու մայր դառնալ»  անիծելով: Աստղիկը և Վահագնը չեն ամուսնանում: Այդ օրվանից  հայոց ազգային սովորություններից է  նորահարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախն, ուր հարս է գնում: Ինչպես նաև՝ հարսանեկան լավաշը պաշտպանում է «չար աչքից» ու ապահովում նորապսակների հաջողությունը: Նորածիններին «չար աչքից» պահպանելու համար հաց են դնում կրծքին:
  •   Խմորի եւ հացի հետ կապված հայերը ունեն ծիսա-հմայական արարողություններ: Հացը դանակով կտրել չէր կարելի, միայն ձեռքով: Հացը կտրել նշանակում է, մարդուն բարեկեցությունից զրկել, մինչև հաց ուտելը ծերերը հացը մոտեցրել են ճակատին: Հացի պաշտամունքի հետ կապված կան օրհնանքներ, անեծքներ, մաղթանքներ, երդումներ: Հացով երդվել են` «Էս հացը վկա», «Էս հացը ինձ կուրացնի», օրհնել են`«Կերածդ հացը հալալ լինի», անիծելիս ասել են` «Տվածս հացը աչքերդ բռնի», «Կերած հացդ հարամ լինի»,  «Հացը գետին մի գցի, Աստված աչքերդ կհանի», հետաքրքիր է աչքի և  հացի համադրումն ու կապը:
  •   Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:

11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:

  •   Հայոց ազգային սովորություններից է նաև նորահարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախն, ուր հարս է գնում: Ինչպես նաև՝ հարսանեկան լավաշը պաշտպանում է «չար աչքից» ու ապահովում նորապսակների հաջողությունը: Նորածիններին «չար աչքից» պահպանելու համար հաց են դնում կրծքին:

Լավաշը որպես ոչ նյութական ժառանգություն

Հայկական լավաշը պաշտոնապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Լավաշի միջազգային գրանցումը՝ որպես հայկական մշակութային ժառանգության մաս, կարեւոր իրադարձություն է: Հատկապես ժամանակակից գլոբալիզացվող աշխարհում՝ ազգերի միջեւ իսկական պատերազմ է ընթանում սեփական ինքնությունը ներսում եւ արտաքին աշխարհում պահպանելու համար, եւ այս իմաստով ազգային մշակութային ժառանգության դե յուրե արձանագրումները միջազգային ատյաններում չափազանց կարեւոր են ինչպես ինքնագիտակցության, այնպես էլ միջազգային իմիջի համար:

2023 թվականի սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվել է  «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն:

Այն նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը: