Արշավի ժամանակ հարմարավետության գրավականներից մեկը արշավական ուսապարկի ճիշտ դասավորելն է: Թվում է թե ոչ մի դժվարություն չկա, ինչպես կարողանում են տեղավորում ենք բոլոր անհրաժեշտ իրերը և վերջ: Իրականում սխալ դասավորված ուսապարկը կարող է ոչ միայն անհարմարություն առաջացնել, այլև մեջքի լուրջ խնդիրների պատճառ դառնալ:
Ուսապարկը ճիշտ դասավորելու կանոններից առաջինն այն է, որ նախապես պատրաստել տվյալ արշավի համար անհրաժեշտ իրերը և ոչ թե վերջին պահին դնել այն ինչ այդ պահին կհիշեք: Նախօրոք չպատրաստվելու դեպքում մեծ է ռիսկը, որ՝
- չափից շատ իրեր կվերցնեք
- կմոռանաք վերցնել կարևորը
- սխալ կդասավորեք ուսապարկը
- չափից շատ ծանր ուսապարկ կստանաք
- սխալ կհաշվարկեք ուսապարկի չափը և իրերի ծավալը
Արշավական ուսապարկը դասավորելիս կարող եք հետևել այս կանոններին՝
- Ամենածանր իրերը (որպես կանոն, սրանք ուտելիքներն են) պետք է դասավորել ուսի թիակների մակարդակում և ավելի մոտ լինեն մեջքին: Սա ուսագոտուց կհանի ծանրաբեռնվածության մի մասը: Եթե հիմնական բեռը դրվի ուսապարկի ներքևի հատվածում, ապա ծանրության կենտրոնը կտեղափոխվի, և ուսապարկը ավելի մեծ ճնշում կգործադրի ուսերի վրա և մարմինը հետ կքաշի:Եթե ծանր իրերը գտնվեն ուսապարկի վերևում, այն ավելի մեծ ճնշում կգործադրի մեջքի վրա և ավելի դժվար կլինի հավասարակշռություն պահպանել:
- Այն իրերը, որոնք դուք չեք օգտագործելու օրվա ընթացքում (քնապարկ, փոխնորդ հագուստ, վրան) պետք է տեղադրվեն ուսապարկի ստորին հատվածում։ Թեթև և փափուկ իրերը պետք է դասավորել ուսերից ամենահեռու հատվածում:
- Շատ կարևոր է ուսապարկը այնպես դասավորել, որպեսզի ամեն անգամ ինչ-որ բան պետք լինելու դեպքում ամբողջ ուսապարկը չքանդեք: Ուսապարկի վերին մասում պետք դասավորել առաջին անհրաժեշտության իրերը։ Դա կարող է լինել անձրևապաշտպան բաճկոնը, արևապաշտպան գլխարկը և այլն:
- Ուսապարկի վերևի գրպանի մեջ դնում են իրեր, որոնք պետք է միշտ ձեռքի տակ լինեն՝ լապտեր, դանակ, արևային ակնոց, արևապաշտպան քսուք, զուգարանի թուղթ, քարտեզներ, դեղատուփ և այլն։
- Ուսապարկի դրսի հատվածում փորձեք իրեր չավելացնել, կամ դրանք հասցնել նվազագույնին, քանի որ դրանք ազդում են բեռի բաշխման վրա և նաև կարող են բռնել ճանապարհի բոլոր ճյուղերն ու թփերը: Եթե ուսապարկի մեջ բոլոր անհրաժեշտ իրերը չեն տեղավորվում, ապա արժե մտածել ավելի մեծ ուսապարկի ընտրության մասին:
- Դասավորելիս ուսապարկի ծավալը առավելագույնս օգտագործելու համար նախ պետք է դասավորել մեծ իրերը, այնուհետև միջինները, իսկ հետո փոքրերը:



