Կուսանաց անապատը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց (Չանախչի) գյուղի հարավարևելյան կողմում՝ զառիվայր հրվանդանի վրա։ Կուսանաց անապատի եկեղեցին կառուցել են Գայանե և Հռիփսիմե կույսերը՝ Տեր Առաքելի աջակցությամբ: Եկեղեցու մուտքի բարավորին պհպանված արձանագրություն համաձայն այն կառուցվել է 1616 թվականին:
Կուսանաց անապատից այսօր պահպանված են եկեղեցին, Շահնազարյանների գավիթ-տապանատունը և հուշարձանի արևմտյան կողմում ձգվող պարիսպը: Եկեղեցին եռանավ բազիլիկի հորինվածք ունի, որտեղ կողային նավերը բավական նեղ են, իսկ կենտրոնական, խորանով պսակվող նավը՝ լայն։ Եկեղեցին ունի զույգ ավանդատներ, որոնք պսակում են կողային նավերի վերջնամասը։ Եկեղեցու հարավային ճակատապատին ագուցված են 15-16-րդ դարերի երեք տապանաքարեր՝ խաչային հորինվածքներով և պատկերաքանդակներով։ Խաչքարեր և տապանաքարեր են օգտագործված և այլ պատերում: Եկեղեցու ներսում՝ սյուների և կամարների վրա փորագրված են խաչանշաններ: Եկեղեցուն արևմտյան կողմից կցված է գավիթը, որը դասական գավիթների նման ունի քառակուսի հատակաձև: Գավիթը թաղածածկ է։ Այն նախասրահ լինելուց բացի, նաև Մելիք Շահնազարյանների տոհմական տապանատունն է։ Այստեղ են գտնվում Մանվել Վարդապետի, մելիք Միրզայի, մելիք Հուսեինի, մելիք Հովսեփի և նրանց կանանց գերեզմանները և տապանաքարերը:
Կուսանաց անապատի մասին ավանդություններ
Բազմաթիվ ավանդություններ կան Կուսանաց անապատի վերաբերյալ։ Ըստ ավանդության՝ այդտեղ պահվել է Կենաց փայտի նմուշը, որը իբրև գողացել են պարսիկները, բայց այն նորից թռչունի տեսք ընդունած վերադարձել է Ավետարանոց։
Մեկ այլ ավանդության մեջ ասվում է, որ Աղա Մուհամադ խանի արշավանքների ժամանակ գյուղը ավերվում է, կույսերը փախչում են անտառ, նրանցից մեկը վերադառնում է, որպեսզի տանի այնտեղ գտնվող թանկարժեք իրերը, բայց դուրս գալիս իր գլխավերևում տեսնում է պարսիկ սարբազի (զինվորի) սուրը, նա թևեր է առնում և թռչում է։
Մյուս ավանդությունը պատմում է, որ ամեն տարի անտառ էր գալիս մի եղնիկ, որը, որպես մատաղացու, իր վիզն էր մեկնում, որպեսզի մատաղ անեն, բայց երբ ժողովուրդը սկսում է շատ մեղքեր գործել, Աստված այլևս նման բարեհաճություններ գյուղացիների նկատմամբ չի անում։
Արցախի Ավետարանոց գյուղը
Ավետարանոց գյուղը Արցախի ամենահին և նշանավոր գյուղերից մեկն է, եղել է մելիքանիստ կենտրոն։ Ավետարանոցն անվանում են նաև Չանախչի։ Հուշագրություններում և պատմական հիշատակարաններում առավելապես հայտնի է 17-18-րդ դարերից և հիշատակվում է որպես ավան կամ գյուղաքաղաք։ Ծովի մակարդակից բարձր է մոտ 1200 մ և շրջապատված է Քիրս, Ղոնդիկ և Մավաս լեռներով։
Գյուղը 2 անգամ պարսկական արշավանքների պատճառով ենթարկվել է ավերածությունների։ Առաջինը՝ Աղա Մուհամադ խանի արշավանքն էր, քանի որ Ավետարանոցը մելիքանիստ կենտրոն էր, Մելիք Շահնազարյանի որդին՝ մելիք Ջումշուդ Շահնազարյանը, բավականաչափ գումար էր տվել, որպես փրկագին, որպեսզի գյուղն ամբողջությամբ ավերածությունների չենթարկվի։ Երկրորդը 1826 թվականի ռուս-պարսկական պատերազմն էր, որի ժամանակ Աբաս Միրզայի 60 000 անոց բանակը շարժվեց դեպի Ավետարանոց, որովհետև, երբ Ղարաբաղի խանությունը վերացվել էր ու գեներալ Մադաթովը դարձել էր Ղարաբաղի պրովենցիայի կառավարիչ, նրա նստավայրը դարձել էր հայրենի Ավետարանոց գյուղը։
Ավետարանոցի տարածքում տարիների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից նշանավորներից են՝ Ս. Աստվածածին եկեղեցին, բլրի վրա՝ պարիսպներով պաշտպանված Ս. Նշան Կուսանաց անապատը, Սրբոց Ղեւոնդյանց վանքերը, Մելիք-Շահնազարյանների ապարանքներն ու տոհմական դամբարանները, տասնյակ խաչքարեր:
Ավետարանոցի բնակչությունը մշտապես բազմամարդ է եղել։ Ավետարանոցի բնակչությունը հիմնականում բնիկ է, բայց որոշ ընտանիքներ եկել ու գյուղում են հաստատվել Սոթքից։
Ավետարանոց գյուղի մասին առաջին ավանդությունը մեզ է հասցրել Սարգիս Ջալալյանցը իր «Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան» գրքի միջոցով, որտեղ նշվում է, որ Վաչե Բ թագավորը, չկարողանալով հանդուրժել պարսից Պերոզ արքայի վարած կրոնական հալածանքները, մի ավետարան գրկած, առանձնանում է այդտեղ և որպես ճգնավոր անցկացնում իր օրերը: Այդ պատճառով էլ գյուղը կոչվել է Ավետարանոց։
2020 թ․ հոկտեմբերի 27-ին Ավետարանոց գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
