Բոլորն էլ ցանկանում են ակտիվ ապրելակերպ վարել, սպորտով զբաղվել և արշավի գնալ։ Արշավ կարելի է գնալ միայն այն դեպքում, եթե լավ ֆիզիկական մարզավիճակ ունես ու առողջ ես։ Եվ եթե առաջին կետը դեռ այնքան էլ կարևոր չէ, ապա երկրորդը ուղղակի աքսիոմա է։
Մենք պետք է հասկանանք, որ արշավը հաճույք պատճառելուց և դրական էմոցիաներ փոխանցելուց բացի, մարմնի համար շատ մեծ սթրես է ներկայացնում: Հենց այս գործոնների հիման վրա էլ կազմվել է ակտիվ սպորտի, մասնավորապես՝ արշավի բժշկական հակացուցումների ցանկը։
Ցանկացած խրոնիկ հիվանդության առկայության դեպքում արշավ գնալիս, կարևոր է համոզվել, որ հիվանդությունը սուր փուլում չէ։ Կարևոր է նաև հասկանալ, թե արդյոք դուք կարող եք ինքնուրույն վերահսկել հիվանդությունը և ժամանակին միջոցներ ձեռնարկել ձեր վիճակը բարելավելու համար դրա սրման դեպքում, երբ դուք արշավի եք:
Որոշ հիվանդությունների սուր փուլերում, օրինակ՝ զարկերակային ճնշման աճի կամ երիկամային անբավարարության դեպքում, ցանկացած երկարատև շարժում խիստ անցանկալի է։ Իսկ եթե մարդ ունի ինչ-որ խրոնիկական պաթոլոգիա, ապա արշավ գնալուց առաջ նա պետք է իր հետ հավաքի առաջին օգնության հավաքածու, որի մեջ կլինի դեղերի ամբողջական փաթեթ, որոնք օգնում են թե՛ հիվանդության բնականոն ընթացքին, թե՛ դրա սրմանը։
Իհարկե, կան մի շարք բացարձակ հակացուցումներ, որոնց ժամանակ չի կարելի գնալ արշավների և լեռներ բարձրանալ: Դրանք են՝
- Չարորակ ուռուցքներ, որոնք հանգեցնում են սուր ցավի
- Հոգեկան շեղումներ, որոնք կարող են խոչընդոտ դառնալ թիմային աշխատանքի համար
- Սրտանոթային հիվանդություններ
- Զարկերակային հիպերտոնիա III փուլում
- Սրտի իշեմիա
- Սրտի ռիթմի խանգարումներ
- Շնչառական համակարգի հիվանդություններ (բրոնխիալ ասթմա, շնչառական անբավարարություն II-III աստիճան, ալերգիա բույսերի նկատմամբ)
- Լյարդի հիվանդություններ իրենց զարգացման սուր փուլում
- Քարեր երիկամներում
- Երիկամային անբավարարություն I-II աստիճան
- Շաքարային դիաբետը բարդ փուլերում
- Էնդոկրին համակարգի խախտումներ
- Արյունահոսության նախատրամադրվածություն
- Սիֆիլիս ցանկացած փուլով
- Արյան հիվանդություններ՝ լեյկոզ, հեմոֆիլիա, անեմիա
- Ցանկացած վարակիչ հիվանդություն
- Աչքի ճնշման բարձրացում (գլաուկոմա)
- Էպիլեպսիա, հանկարծակի քրոնիկական ցնցումներ
- Բարձր ջերմություն
- Հոդերի հիվանդություններ — օստեոարթրիտ, ոսկրային տուբերկուլյոզ, անկիլոզ
- Ակտիվ փուլում բարդություններով ռևմատիզմ
Նմանատիպ պաթոլոգիա ունեցողները պետք է երկար մտածեն արշավ գնալուց առաջ։ Նախ՝ առողջական լուրջ խնդիրներ ստանալու վտանգ կա։ Երկրորդ՝ կտուժեն նաև թիմի մյուս անդամները, ովքեր հանգստանալու փոխարեն կզբաղվեն տուժածին օգնելով։ Քաղաքակրթությունից հեռու լինելու պայմաններում նրանց համար չափազանց դժվար կլինի դա անել ժամանակին։
Միշտ հիշեք, որ արշավների ընթացքում ամենակարևորը խմբի բոլոր անդամների առողջությունն ու անվտանգությունն է: Արշավներն ու լեռնագնացությունը միշտ պետք է հաճույք պատճառեն մարդուն, այլ ոչ թե տրվեն առողջության հաշվին: Հատկապես լեռներում, որոշակի բարձրության վրա, նույնիսկ լիովին առողջ մարդու մոտ կարող են առաջանալ լեռնային հիվանդության նախանշաններ, որոնց անտեսումը կարող է բերել լուրջ հետևանքների, էլ ուր մնաց թե մինչ լեռ բարձրանալը մարդն ունենա սուր խրոնիկ հիվանդություններ: Հիշեք, որ ոչինչ կարևոր է չէ այնքան, որքան ձեր կյանքն ու առողջությունը:



