Հայաստանում ակտիվ տեմպերով զարգանում են լեռնային տուրիզմի լեռնադահուկային տեսակները։ Մեր երկրում կան բազմաթիվ վայրեր, որտեղ ձյուն կա և բազմաթիվ նախադրյալներ Հայաստանում լեռնադահուկային սպորտի զարգացման համար: Ձմեռային տուրիզմի տեսակները զարգացած են Ծաղկաձորում, Ջերմուկում, վերջին մի քանի տարիներին ակտիվորեն զարգանում են նաև Լեռնանիստում, Աշոցքում:
Ծաղկաձորն արդեն մի քանի տարի իրավունք ունի լեռնադահուկային հանգստավայր կոչվելու։ 1969 թվականին Թեղենիսի լանջին կառուցվեց ճոպանուղի, որը գրավում է ոչ միայն տեղացիներին, այլև օտարերկրացիներին, հիմնականում ռուս զբոսաշրջիկներին և նպատակ ունի ձմեռային հանգիստն ավելի գրավիչ և մասսայական դարձնել: Անտառային և ալպյան լանդշաֆտը, մեղմ կլիման և ակտիվ հանգստի հնարավորությունները, Թեղենիսի երկար, թեք լանջերը միմյանց հետ կիսում են լեռնադահուկորդները, սնոուբորդիստները և ձնագնաց վարելու սիրահարները: Երևանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձորը վերջին մի քանի տարիների ընթացքում շատ զբոսաշրջիկների համար դարձել է ընտանեկան հանգստի էքստրեմալ վայր: Լեռնադահուկային սեզոնի բացումը Ծաղկաձորում սկսվում է նոյեմբերի կեսերից և տևում մինչև ապրիլի կեսերը: Ծաղկաձորյան լեռնադահուկային տուրիզմը գրավիչ է նաև տարբեր երկրների հավաքականների մարզիկների կողմից մարզումներ անցկացնելու տեսանկյունից: Բացի այդ, սպորտային արահետները, որոնք նախատեսված են լեռնադահուկային սպորտի համար, հիմնականում միջին մակարդակի համար են, կան նաև սպորտային արահետներ պրոֆեսիոնալ և սկսնակ դահուկորդների համար: Դահուկավազքի ամենաբարձր կետը 2819 մետր բարձրության վրա է: Պարզ օրերին կարելի է վայելել Սևանա լճի և Արարատ լեռան հիասքանչ տեսարանը:
Ջերմուկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 1,3 մլրդ դրամի չափով կառուցվել և 2007 թվականից գործում է միջազգային նորագույն չափանիշներին համապատասխանող ճոպանուղին ՝ իր լեռնադահուկային լանջերով, ինչն ամեն տարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ է գրավում:
2017 թվականից Լեռնանիստ գյուղն իր դռներն է բացել ձմեռային տուրիզմի բոլոր սիրահարների համար: Անհայտ գյուղը շատ կարճ ժամանակում հասցրել է դառնալ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը։ Այստեղ այցելուները հնարավորություն ունեն դահուկներով սահել, սահնակով և փուչիկներով սահել, վայելել սնոուբորդների և ձնագնացների արագությունը:
Աշոցքի ցուրտ ձմեռը, երկարատև ձյունը և աշխարհագրական դիրքը այն դարձնում են ձմեռային էքստրեմալ տուրիզմի զարգացման ամենահարմար վայրերից մեկը: 2019 թվականին Աշոցքում բացվեց լեռնադահուկային կենտրոն։ Սա Եվրամիության կողմից ֆինանսավորվող ներկայացուցչական 10 ծրագրերից առաջինն է, որի նպատակը համեմատաբար քիչ հայտնի վայրերում բաց միջոցառումների կազմակերպումն ու ձմեռային տուրիզմի զարգացումն է: Նոր դահուկային Կենտրոնը ղեկավարում է դահուկային սպորտի ֆեդերացիան:



