Ջուղա քաղաքը պատմական Երնջակ գավառի բնակատեղիներից էր: Այն գոյատևել է մինչև 1848 թվականը: 15-17-րդ դարերում այն Հայաստանի նշանավոր առևտրական կենտրոններից էր: Պատմական Ջուղա քաղաքը տարածված է եղել այժմյան Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Ջուղա գյուղի մերձակայքում, Արաքս գետի ձախ ափին, ավելի քան 2 կմ երկարությամբ՝ արևելքից դեպի արևմուտք, Արաքսից մինչև մոտակա լեռնափեշերը 400-500 մ լայնությամբ:
Դատելով Ջուղայի հնագիտական տարածքից և պատմական աղբյուրների վկայություններից, քաղաքը կազմված է եղել ավելի քան 10 մեծ թաղամասերից, բնակեցված միայն հայերով և ունեցել է 7 նշանավոր եկեղեցիներ և մի քանի այլ մատուռներ ու սրբավայրեր, աշխարհիկ մի շարք կառույցներ: Այն հայտնի էր նաև իր գերեզմանատնով: Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսը, ով 1648 թվականին այցելել էր Ջուղա, վկայում էր, որ այնտեղ հաշվվում էին ավելի քան 10 000 պահպանված խաչքար: Ամենավաղ շրջանի խաչքարերը թվագրվում են 9-10-րդ դարերին:
Ջուղայի գերեզմանատունը
Գերեզմանատունը տարածված էր քաղաքի արևմտյան կողմում, իրարից փոքրիկ ձորակներով բաժանված երեք բլրակների վրա և նրանց շուրջը և գրավում էր ավելի քան 600 քմ տարածք: Այն խաչքարերի կիսավեր անտառ էր և իր ընդարձակությամբ, բազմազանությամբ և բազմաթիվ խաչքարերի կատարողական արվեստով միակն էր աշխարհում:
Աբել արքեպիսկոպոս Ատրպատականցին, XIX դ. կեսերին լինելով այս գերեզմանատանը, նկարագրել է. «… արդարև անտառի ծառերի նման հարիւրը կանգուն, հազարը ընկած, մեկը գլորուած, միուսը ջարդուած, մեկը անձրևի երեսեն մաշուած, շատերն էլ երես ի վեր կործանած»: Իսկ եվրոպացի ճանապարհորդ-հնագետ Ռոբերտ Կեր Փորտըրը 19-րդ դարի սկզբներին Ջուղայում լինելուց հետո նշել է. «Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ թե հազարավոր գերեզմանաքարեր աչքի էին ընկնում հայկական հին ցեղի այս հանգստարանում: Հիրավի, Արևելքի այս մասնավոր հողամասում զանազան հիշողություններ, որ ներկայանում են մտքին, հարատևորեն թելադրում են այն գաղափարը, թե մարդ քայլում է մի լայնածավալ գերեզմանոցից. …»:
Ասեղնագործ նրբության հասցված, ժանյականման ու բազմաձև զարդաքանդակներով պատած, արտահայտիչ ու դինամիկ խորաքանդակներով ու բարձրաքանդակներով, բոլորգիր վիմագրչությամբ, քարի գեղարվեստական մշակման բարձր արվեստով Ջուղայի խաչքարերը ակնհայտորեն առանձնակի տեղ ունեն ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քանդակագործական արվեստում և եզրափակում են հայկական արվեստի մենաշնորհը համարվող խաչքարերի զարգացման պատմական ընթացքը: 1914 թ. Գողթնում շրջագայելիս մեծատաղանդ նկարիչ Մ. Սարյանը այս գերեզմանատանը լինելուց հետո գրել է. «Զուլֆայում նայեցինք Ջուղայի հանճարեղ խաչքարերը: Եվ խաչքարերի այդ անտառի միջով անցնում էր երկաթուղին. Խաչքարերն ինձ ապշեցրին իրենց անկրկնելի գեղարվեստական արժեքով, մոտիվների զարմանահրաշ բազմազանությամբ ու ռիթմով: Միաժամանակ ցնցված էի տեսնելով, որ նրանց մի մասը ոչնչացվել են երկաթուղին անցկացնելու ժամանակ»’:
Ջուղայի խաչքարերն իրենց արվեստով առանձնանում էին թե՛ նախորդ ժամանակաշրջանի, թե՛ համաժամանակյա հարևան տարածքների խաչքարերից: Նախ Ջուղայի խաչքարերի երկարությունը գերազանցում է լայնությանը երեքից չորս անգամ, երկորդ՝ սալերը դեպի հիմք չեն նեղանում և պատվանդան չունեն: Խաչքարերի քիվերին հաճախ պատկերված են Քրիստոսի, ավետարանիչների և Աստվածամոր պատկերներ: Իսկ քարի ստորին մասում հաճախ կարելի է հանդիպել հանգուցյալի պատկերաքանդակն ու որոշ արձանագրություններ:

Ջուղայի խաչքարերի ոչնչացումը
Քաղաքի ավերակների զգալի մասը ժամանակի ընթացքում քայքայվելուց զատ, դեռևս 17-րդ դարից սկսած ոչնչացվել է գանձախույզների կողմից, ինչպես նաև քաղաքամերձ լեռների փլուզումներից: 17-րդ դարում մոտ տաս հազարի հասնող խաչքարերից Ջուղայում 20-րդ դարի վերջին մնացել էին միայն երեք հազարը:
1903-1904թթ. Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարության ընթացքում դրանց կեսն անվերադարձ կերպով ոչնչացվեց։
Ջուղայի կործանումից հետո բազմաթիվ հայ և օտարազգի ուղեգիրներ են այցելել նրա ավերակները և դառնությամբ նկարագրել երբեմնի մարդաշատ ու գեղեցկատես քաղաքից մնացած խղճուկ մնացորդները:
2005թ. դեկտեմբերի 15-ին ադրբեջանական պետության կողմից կազմակերպվեց և զինվորական ստորաբաժանումների ձեռքով օրը ցերեկով վերջնականապես իրագործվեց հայկական պատմական բնօրաններից մեկի` Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանոցի շուրջ 5000 խաչքարերի բազմափուլ փոշիացումը։ Ադրբեջանի զինվորական կազմավորումները ծանր մուրճերով կտոր-կտոր արեցին խաչքարերի վերջին բեկորները և մեքենաներով տեղափոխելով թափեցին Արաքսը` ոճրագործություն, որը պարսկական ափից նկարահանվել է, սփռվել է ողջ աշխարհով մեկ, դատապարտվել Եվրախորհրդարանի հետ: 2006 թվականի մարտի սկզբից ոչնչացված պատմամշակութային հուշարձան հանդիսացող գերեզմանատան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի համար կառուցվեց հրաձգարան:
Ջուղայի խաչքարերի վերջնական ավիրումից մեկ տարի անց, արդեն սկսեցին դրանց վերականգնման աշխատանքները: Ներկայումս Ջուղայի խաչքարերի բազմաթիվ նմանակներ են պատրաստվում և տեղադրվում եկեղեցիների բակերում և տարբեր պուրակներում: Ջուղայի խաչքարերի 20 նմանակներ կան տեղադրված նաև Գյումրիում:






