ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ

Սյունիքի   մարզի Տաթև գյուղից արևելք՝ Որոտան գետի կիրճում է գտնվում բնության հրաշքներից մեկը՝ Սատանի կամուրջը: Այս անունով աշխարհում բազմաթիվ կամուրջներ կան`Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում:  Այն իրենից ներկայացնում է տրավերտինից բնական կամուրջ: Երկարությունը մոտ 30 մետր է, լայնությունը՝ 50-60 մ։  Կամրջի բարձրությունը գետի մակերևույթից կազմում է մոտ 100 մետր: Բնության այս հրաշքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում ջրի և քամու անդադար ազդեցությունից, որոնք հղկել և փորել են սառած լավային զանգվածները։Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր։ Սատանի կամրջի վրայով  է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը։ Բնական կամրջի տակ գտնվող ժայռային խորշերից ներքև  թափվում են գեղատեսիլ ջրվեժներ:

Անվան ծագումնաբանությունը

«Սատանի կամուրջ» անվան հետ կապված տարբեր վարկածներ կան: Ոմանք ասում են, որ անունը կապված է կամրջի տակ ջրում խեղդվելու բազմաթիվ դեպքերի հետ: Կա վարկած, որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ քան դուրս է գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ վերևից հանքային ջրեր են կաթկթում: Հանքային աղբյուրները գտնվում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը:

Տեղանքի դիրքն ու բնական պայմաններն այստեղ ունեին մեծ ռազմավարական նշանակություն Սյունիքի ազատագրական պայքարի ժամանակ, որը ղեկավարում էր Գարեգին Նժդեհը: Կամրջի բարձրադիր տեղամասերից, Նժդեհը ձորն էր գցում ասկյար եկվորներին և կարմիր բոլշևիկներին, որոնք փորձում էին առգրավել հայոց պատմական հողերը:

Սատանի կամուրջը դարեր շարունակ մաս է կազմել հարավից եկող մեծ տարանցիկ ճանապարհի: Կամրջով ճանապարհը միանում էր Եռաբլրով անցնող Աղի ճանապարհի վրա կառուցված քարվանսարային (Հարժիսի քարվանսարա):

Բնության հրաշքը

Սատանի կամուրջի ներքևում գտնվող հանքային աղբյուրենրը առաջացրել են բնական լողավազաններ: Հանքային աղբյուրների ջրի քանակը կազմում է օրական 500-600 հազար լիտր: Նրանց ջերմաստիճանը 25 աստիճան է: Դրանց տաք ջրերը դեռևս վաղ ժամանակներից հայտնի են իրենց բուժիչ հատկություններով: Դարեր շարունակ ժողովուրդները այդ ջրերը օգտագործել են զանազան հիվանդությունների, հատկապես ռեմատիկ, բուժման համար: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու:

Սատանայի կամրջի հանքային աղբյուրների մասին Պրոֆ. Ա.Ա. Ֆլորենսկին գրել է. «Սատանայի կամրջի աղբյուրները բնության հրաշագեղ հուշարձաններ են, որոնք հիացմունք են պատճառում իրենց յուրահատկությամբ և գեղեցկությամբ: Դարեր շարունակ այդ հանքային ջրից նստվածք է առաջացել և անդնդախոր ձորի երկու ափերը ամուր միացել են իրար, որի միջով հոսում է որոտընդոստ Որորտան գետը»: