Քունը բնականոն ֆիզիոլոգիական գործընթաց է, որը բնորոշվում է արտաքին միջավայրի նկատմամբ ընդհանուր զգայունության թուլացմամբ և որոշ փուլերում նաև՝ ուղեղի գործունեության նվազագույն աստիճանով։
Քունը կատարում է էներգախնայողության ֆունկցիա՝ լինելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում մենք խնայում ենք էներգիան, որը կծախսեր արթուն ժամանակ: Այն նաև օգնում է ուղեղին վերականգնել և ժամանակ է տալիս անջատվելու և լիցքավորվելու: Բացի այդ, քունը կարևոր է իմունային համակարգի և նյութափոխանակության կարգավորման համար: Հետևաբար, մարմնի բոլոր համակարգերի լավ աշխատանքի համար լեռնագնացներին պարզապես անհրաժեշտ է բավարար քանակությամբ որակյալ քուն:
Ինչու՞ է քունն այդքան կարևոր
Քունը վճռական դեր է խաղում ձեր կյանքում հետևյալ պատճառներից ելնելով՝
- Այն կարգավորում է այն հորմոնների արտազատումը, որոնք պատասխանատու են ձեր ախորժակի, նյութափոխանակության, աճի համար,
- Խթանում է ուղեղի աշխատանքին,կենտրոնացմանը, և արդյունավետությանը,
- Նվազեցնում է սրտային հիվանդությունների և ինսուլտի վտանգը,
- Օգնում է քաշի կառավարմանը,
- Պահպանում է ձեր իմունային համակարգը,
- Նվազեցնում է շաքարային դիաբետի և արյան բարձր ճնշման վտանգը,
- Բարելավում է ձեր օրգանիզմի աթլետիկ կարողությունները, արագությունը և ռեակցիան,
- Կարող է իջեցնել դեպրեսիայի վտանգը
Քնի տևողությունը արշավներից առաջ
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ քնել լեռնագնացներին արշավներից առաջ, որպեսզի առավելագույնս վերականգնեն ուժերը և ունենան բարձր աշխատունակություն: Ստանդարտ պատասխան՝ առնվազն 6-8 ժամ: Այո, քնելու համար շատ ժամանակ է պահանջվում՝ օրվա մեկ երրորդը: Իսկ եթե մարդը գիշերը բավարար չափով չի քնում, ապա դա անպայման կազդի նրա ինքնազգացողության վրա ցերեկային ժամերին։ Քունը, ինչպես օդը, ջուրը, սնունդը, կենսական նշանակություն ունի: Նրա օգնությամբ հնարավոր է վերականգնել կենսունակությունը, ուժը եւ այլ ցուցանիշներ։
Քնի պակաս լինելու վատ հետևանքները
Բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որոնց հիման վրա կարելի է եզրակացություն անել, որ եթե մարդն օրական մի քանի ժամ բավականաչափ չի քնում, ապա նրա աշխատունակությունը նկատելիորեն նվազում է։ Հոգնածության հետեւանքով նվազում է լեռնագնացի քայլքի որակը, ինչն անկասկած ազդում է ամբողջ վերելքի ընթացքի վրա։
Մարմնի ակտիվ ֆիզիկական գործունեության ընթացքում սինթեզվում է ադենոզին տրիֆոսֆորաթթու։ Այն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վրա, մասնավորապես՝ նվազեցնում է ուղեղի գործունեությունը։ Արդյունքում մարդն ավելի հաճախակի է ցանկանում հանգստանալ, առաջանում է քնկոտության զգացողություն։
Եթե դուք քիչ եք քնում, ապա.
- նյարդային համակարգը վնասվում է
- աշխատունակությունը զգալիորեն նվազում է
- խանգարված է իմունային պաշտպանության գործառույթը
Քնի ժամանակ վերականգնվում է կենսական էներգիան, վերադարձվում են այն ուժերը, որոնք ծախսվել են օրվա ընթացքում։ Ոչ մի այլ գործունեություն չի կարող փոխարինել լիարժեք, պարզ հանգիստ քունը:
Քունը արշավների ընթացքում
Գրեթե բոլոր ազգային առողջապահական կազմակերպությունները խոսում են այն մասին, որ մարդիկ պետք է օրական 8 ժամ քնեն ։ Քնի ժամանակ մարդու օրգանիզմը լիովին հանգստանում է ՝ մկանները վերականգնվում են, ուղեղը մոռանում է ավելորդ ինֆորմացիան և այլն ։ Մեզանից շատերը քնում են տանը ՝ տաք և հարմարավետ մահճակալներում։ Բայց որոշ մարդիկ ստիպված են քնի համար ոչ այդքան հարմարավետ վայրերում, քանի որ դա պահանջում է նրանց մասնագիտությունը, ապրելակերպը կամ հոբբին: Երբևէ մտածել եք, թե ինչպես են ալպինիստները քնում: Ի վերջո, ցանկացած լեռ բարձրանալը շատ ժամանակ է պահանջում, և հաճախ քնելու համար հարթ և անվտանգ տեղ չկա:
Բարձր լեռներ բարձրանալիս երբեմն ալպինիստները երկար ժամանակ են ծախսում քնի համար համեմատաբար հարմար վայրեր գտնելու համար։ Դրանք լեռների հորիզոնական հատվածներն են, որոնց տարածքը բավարար է գիշերակաց կազմակերպելու համար: Այնուամենայնիվ, շատ դեպքերում բացակայում են նույնիսկ նման պայմանները: Այս դեպքում ալպինիստները քնելու համար կախովի վայրեր են կառուցում, որոնք նման են ցանցաճոճին: Առաջին լեռնագնացներից մեկը, ով 1960-ականներին օգտագործել է այս կառույցը քնի համար, ամերիկացի Ռոյալ Ռոբինսն էր: Այդ ժամանակից ի վեր բավականին շատ ժամանակ է անցել, և լեռնագնացները լեռներ բարձրանալիս քնելու այլ կառույցներ են մշակել։
Լեռնագնացները հաճախ կարող են դժվարանալ քնել: Դա պայմանավորված է տեղի փոփոխությամբ կամ քնելուց առաջ ուղեղը «անջատելու» անկարողությամբ: Քունը հաճախ սահմանափակվում է երկար վերելքների պատճառով:
Օրինակ, վերելքների ընթացքում քայլքի գրաֆիկը հաճախ հանգեցնում է նրան, որ ձեր քնելու ժամը չի համապատասխանում ձեր ներքին կենսաբանական ժամացույցին: Շատ օգտակար է նախօրոք իմանալ, թե երբ կկարողանաք քնել, որպեսզի օգտվեք ձեր մարմնի ժամացույցը տեղական բնական ժամանակին հարմարեցնելու հնարավորությունից: Իդեալական կլինի, եթե դա պլանավորեք նախքան ձեր վերելքը:
Պրոֆեսիոնալ լեռնագնացները, ելնելով իրենց վերելքների գրաֆիկից, հաճախ քնում են օրվա ընթացքում: Սա կարևոր է արտադրողականության բարձրացման, ինչպես նաև գիշերային քնի պակասը լրացնելու համար:



