Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը՝ Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճարը: Այն համադրում է ժամանակակից շինարարական տեխնոլոգիաները և եզդիական մշակույթի ավանդական տարրերը, արտացոլելով եզդիների հավատքն ու հոգևոր ժառանգությունը։ Տաճարը կառուցվել է ռուսաստանաբնակ եզդի բարերարների և եզդիական համայնքի ջանքերով և շատ կարևոր նշանակություն ունի աշխարհի տարբեր ծայրերում ապրող եզդիների համար: Տաճարի կառուցումը սկսվել է 2012 թվականին և ավարտվել 2019 թվականին՝ հանդիսավոր բացման արարողությամբ։
Տաճարի կառուցվածքը
Տաճարը ունի 25 մետր բարձրությամբ կենտրոնական գմբեթ: Գմբեթը խորհրդանշում է եզդիական կրոնի տիեզերական կառուցվածքը և ընդգծում է աստվածային էներգիայի կենտրոնացումը:
Տաճարի շուրջ կառուցված են յոթ փոքր աշտարակներ, որոնք խորհրդանշում են եզդիական կրոնի յոթ սուրբ հրեշտակներին: Այս հրեշտակները կարևոր դեր ունեն եզդիական հավատքում՝ որպես տիեզերքի պահապաններ:
Տաճարի բակում տեղադրված է Մալակե Տաուսի արձանը: Մալակե Տաուսը եզդիական կրոնում ներկայացվում է որպես բարության և աստվածային լույսի կրող և համարվում է եզդիական կրոնի գլխավոր սուրբը:
Տաճարի դրսի և ներսի պատերը զարդարված են եզդիական խորհրդանշական պատկերներով և զարդանախշերով: Տաճարի տարածքում գործում է եզդիական կրոնի պատմության և ավանդույթների ուսուցման կենտրոն, որտեղ երիտասարդ սերունդներին փոխանցում են իրենց մշակութային և կրոնական ժառանգությունը:

Եզդիները
Եզդիականության բնօրրանը և եզդիների պատմական հայրենիքն է համարվում Հյուսիսային Իրաքում գտնվող Լալիշի կիրճը: Այդտեղ է գտնվում եզդիական կրոնի կենտրոնական սրբատեղին և գլխավոր տաճարը, որտեղ թաղված է Շեյխ Ադին: Եզդիների կրոնական աշխարհընկալման մեջ «Լալիշի կիրճ» և «գլխավոր տաճար» հասկացություններն անբաժան են: Ըստ ավանդության՝ ի սկզբանե Լալիշը գտնվել է երկնքում, հետո Աստված այն իջեցրել է ներքև ու արարել աշխարհը: Այսպիսով՝ եզդիների կրոնական ընկալումներում Լալիշը հանդես է գալիս որպես «աշխարհի կենտրոն»: Բացի գլխավոր տաճարից՝ եզդիների համար սրբավայր և ուխտատեղի են համարվում սրբերի շիրիմները, մատուռները և եզդիականության բնօրրանում ու դրանից դուրս գտնվող եզդի հոգևորականների տները, Հյուսիսային Իրաքում մի շարք եզդի սրբերի շիրիմների վրա կառուցած մատուռները, որոնց վերագրում են տարբեր հիվանդություններ բուժելու զորություն: Եզդիների կրոնում ընդունված չի եղել Լալիշից դուրս սրբավայրեր ու տաճարներ կառուցելը. երկար ժամանակ եզդիականության բնօրրանից դուրս սրբատեղիներ չեն ստեղծվել:
Մուսուլմանների կողմից բռնությունների և կոտորածների ենթարկվելու պատճառով XVI-XVII դարերում եզդիների մի մասը Լալիշից տեղափոխվել էր Սինջար: Հետագայում եզդիները նորից դաժան հալածանքների ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում, ինչի հետևանքով նրանց մի մասը դուրս եկավ Լալիշից ու Սինջարից և բնակություն հաստատեց այլ վայրերում ևս: 1923 թվականին Լոզանի պայմանագրի կնքումից և Մերձավոր Արևելքում մի շարք նոր պետությունների և նոր պետական սահմանների ի հայտ գալուց հետո տարբեր եզդիական համայնքներ հայտնվեցին տարբեր պետությունների՝ Իրաքի, Թուրքիայի, Սիրիայի, Խորհրդային Հայաստանի տարածքում: Թուրքիայի տարածքում ապրող եզդիների մեծ մասը XIX-XX դարերում գաղթեց և բնակություն հաստատեց ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ու Վրաստանում: Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը բնակվում է Արագածոտնի և Արմավիրի մարզերի տարբեր գյուղերում:






