1982 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում տեղադրվեց «Փառք աշխատանքին» կամ, ժողովրդական անվանումով, «Բանվորի արձանը», որը ներկայացնում էր աշխատավոր մարդուն և իրականում թեմատիկ աղերս չուներ կոմունիստական գաղափարախոսության հետ: Այն դեպի Արևմտյան Հայաստան քայլող հայի կերպարն էր՝ հայացքն ուղղած դեպի Արարատ: Արձանը պատրաստված էր 11 մետրանոց թուջե կերտվածքից:
Արձանի հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն է։
«Փառք աշխատավորին» կամ, ինչպես ավելի հայտնի է երևանցիների շրջանում՝ Բանվորի արձանը քանդակագործ Արա Հարությունյանի վերջին և ամենասիրելի աշխատանքներից մեկն է եղել։ Հուշարձանի իրականացումը բավական բարդ էր մոնտաժման, նյութի, զոդման և այլ խնդիրների առումով։
Լեգենդներ Բանվորի արձանի մասին
Հեղինակի որդին՝ Արամ Հարությունյանը գրում է, որ մինչ օրս շատերը վստահ են, թե բանվորի մի ձեռքում մուրճ է եղել, մյուսում՝ «Պրավդա» թերթ (որը պարզապես անհնար է ձուլել թուջից): Իրականում այն այնպիսին էր, ինչպիսին պահպանված է լուսանկարներում՝ դատարկաձեռն:
Արձանի հետ կապված ևս մի տարածված լեգենդ կա, թե բացման արարողության ժամանակ այն դուր չի եկել կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին, որին վերագրում են՝ «Այս ինչ տգեղություն է» ռեպլիկը: Իսկ իրականում բոլոր մոնումենտալ հուշարձանները խորհրդային Հայաստանում իրականացվում էին ՀԿԿ կենտկոմի և հենց առաջին քարտուղարի անմիջական հսկողությամբ։ Սակայն իսկապես, մասամբ ֆորմալիստական ոճով կատարված «Բանվորի» արձանն այն օրերին բարդ էր ընկալվում անտեղյակ սովետահայ հանրության մեծամասնության կողմից, բայց և կարճ ժամանակում սիրվեց երևանցիների կողմից և դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը:
Բանվորի արձանի ապամոնտաժումը
1997թ․-ին մեկ գիշերվա ընթացքում արձանը տապալեցին։ Ապամոնտաժումից հետո «3-րդ ալիքի» հաղորդումներից մեկի ժամանակ լրագրողը հարցնում է, թե արձանի հեռացման վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Երևանի քաղաքապետարանը։ Լրատվական բաժնի աշխատակցուհին պատասխանում է, որ քաղաքապետարանը «Բանվորի արձանը» համարում է այնպիսի մշակութային արժեք, ինչպիսին տասը գծամետր լավ տաշած մայթեզրի քարը, և ըստ այդմ էլ վերաբերվում է դրա ճակատագրին։
Մասնատված արձանը
2004-ին՝ «Բանվորի արձանի» տապալումից և անհետացումից 7 տարի անց, Թալին Գրիգորյանն ու ընկերը սկսեցին փնտրել այն։ Որոշ ժամանակ անց մասնատված արձանը գտնվեց Շենգավիթի գործարաններից մեկի տարածքում, դրանից հետո չպարզված հանգամանքներում արձանի մասերը տեղափոխվել էին մասնավոր տարածք։ Մինչև այնտեղ հասնելը արձանը կորուստներ է կրել. որոշ հատվածներ բացակայում են: Չկան մի ոտքը, իրանի դիմացի հատվածը, ձեռքը: Ամբողջական արձանից պահպանվել են իրարից անջատված գլուխը, ձեռքերը, բռունցքը, ոտքերը, կոշիկն ու իրանի հետևի հատվածը։
Բանվորի արձանը Հայաստանի ազգային պատկերասրահում
2022 թ. Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Բանվորի արձանը. Post Scriptum» ցուցահանդեսը: Արձանի անհետացումից 25 տարի անց առաջին անգամ ցուցադրվեցին արձանի գլուխը և բռունցքը։ Ցուցահանդեսի համադրող Մարիամ Դավթյանը նշում է, որ նպատակը նախ և առաջ մշակութային վանդալիզմի մասին խոսելն էր։
Արձանը վերածնունդը
2023 թվականի տարեվերջին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում ընդունեց, ըստ որի Երևան քաղաքի Աշխատանքի հրապարակում կտեղադրվի Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալացիան և կվերականգնվի դրա պատմական միջավայրը: Ինստալյացիան կարտացոլի պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել:



