ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Հնչունական գիրն ինչպես բոլոր երկրներում, այնպես և Հայաստանում, միանգամից հանդես չի եկել. այն ունեցել է իր նախագոյակ շրջանը: Մարդի իր առօրյա կյանքի և զրաղմունքի կարևոր իրադարձությունները սովորություն է ունեցել պատկերների ձևով դրոշմել քարաժայռերի վրա:

Վաղնջական ժամանակներից մեզ հասած ժայռապատկերները հին մշակույթի թանկարժեք նմուշներ լինելուց բացի, մարդու առաջին պարզունակ գրառումներն են, նրանք, իհարկե, դեռ գրեր չեն ներկա հասկացողությամբ, բայց, անտարակույս, տվյալ ժամանակաշրջանի բնաշխարհի իրական պատկերումներն են՝ նախնական պատկերագիր վավերագրությունը:

Ժայռապատկերների հազարավոր նմուշներ են հայտնաբերված հյուսիսային Աֆրիկալում, Սկանդինավյան երկրներում, Սիբիրում, Միջին Ասիալում, Կովկասում և այլուր: Ժայռապատկերները գիտության մեջ հայտնի են պիկտոգրամներ կամ պետրոգլիֆներ անուններով: Ժայռապատկերների գործածությունը Հայաստանում, ինչպես պարզված է, սկսվել է շատ վաղուց, հավանական է՝ նախնադարյան համայնական շրջանում, երբ տնտեսության իշխող ձևերն էին որսորդությունը և անասնապահությունը: Հետագայում, սակայն, ժայռագրությունը շարունակվում է գործածվել դասակարգային հասարակության մեջ ևս: Հնագետներից ու գրչության պատմաբաններից ոմանք ժայռապատկերների գործածությունը վերագրում են նեոլիթյան ժամանակաշրջանին:

Հայկական ժայռապատկերների աշխարհագրությունը

Ժայռապատկերները ցրված են Հայկական բարձրավանդակի ամբողջ տարածքով մեկ: Ժայռապատկերները քարտեզագրելու դեպքում, պարզ կդառնա, որ ամենամեծ խտությամբ դրանք գտնվում են Սևանի և Վանա լճերի շրջակայքում, Սյունիքի լեռներում, Արագածում, Արփա և Եղեգիս գետերի ակունքներում:

Պետրոգլիֆներ են հայտնաբերվել նաև Արցախում, Ջավախքում, Նախիջևանում, Արևմտայն Հայաստանի տարածքում: Այդպիսիք հայտնաբերվել են նաև Կասպից ծովի ափին` Ապշերոնի թերակղզում և Գոբուստանի արգելոցում: Ընդ որում, Հայկական լեռնաշխարհին հարող տարածքներում ժայռապատկերներ չկան: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ժայռապատկերների հիմնական մասը 2500-3300 մ բարձրության վրա է գտնվում: Չի բացառվում, որ դրանք պահպանվել են մարդու բնակության վայրերից հեռավորության պատճառով:

Տարբեր շրջաններում կատարման տեխնիկան իր յուրահատկություններն է ունեցել: Հայաստանում հայտնաբերված ժայռապատկերները փորագրված են անդեզիտաբազալտե ժայռերի սևակապտավուն մակերեսների վրա, քարից, ավելի ուշ մետաղից պատրաստված գործիքների միջոցով: Ակոսների խորությունը 1-15 մմ է, լայնությունը` 5-35 մմ:

Մեր լեռնաշխարհի քարաժայռերը փաստորեն դարձել են յուրատեսակ քարե մատյաններ, որոնք խնամքով պահպանել են հազարավոր տարիներ առաջ ապրող մարդու առօրյա պատկերացումները: Նրանց մեջ կարելի է տեսնել որսորդական տեսարաններ, կենցաղային պատկերացումներ, ընտանի և վայրի բազմաթիվ կենդանիներ, դաշտային գործիքներ, զենքեր և այլն, ժայռապատկերների մեջ մեծ թիվ են կազմում մասնավորապես այծերը կամ այծանման կենդանիները, որոնք, ըստ երևույթին, իբրև տոտեմ պաշտվել են: Ժողովուրդը ժայռապատկերներին «այծագրեր» (իծագիր) անունն է տալիս:

Թվագրություն

Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902 թ-ից մինչև 1910 թ., իսկ արդեն 1913 թ. հայտնաբերված ժայռապատկերների մասին Գրիգոր Ղափանցյանը ընդարձակ հոդված է գրել Արարատ ամսագրում։ Հայաստանում կա աշխարհագրական հինգ տարածք, որոնցից են՝ Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուխտասարի լանջերը։ Ընդհանուր թվով 20000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է Սյունյաց Ուխտասարում։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազ և ավելի վաղ ժամանակներով։

Ժայռապատկերների բովանդակությունը

Ժայռապատկերներում արտացոլված են նախնադարյան մարդու կյանքի կարևորագույն ոլորտները. որսի, ռազմի տեսարաններ, ծեսեր, մրցումներ, ծիսական պարեր, երկրագործություն, կենդանիների ընտելացում և վարժեցում:

Հաճախ են հանդիպում բնության երևույթների` կայծակի, ամպերի, անձրևի, ծիածանի պատկերներ, ինչպես նաև զարդանախշեր, իդեոգրաֆիկ (գաղափարագրական) գծանշումներ, խորհրդանիշներ, այդ թվում տառեր հիշեցնող պատկերներ: Մարդկային գիտական մտքի արգասիքներ և կիրառական նշանակությամբ պատկերներ քարտեզ-հատակագծեր տեղանքի, ջրային ցանցի ու աստղային երկնքի, տարատեսակ օրացույցներ՝ արեգակնային, լուսնային, աստղային: Կան նաև կողմնացույցներ, որոնք նշում են արևածագի և մայրամուտի կետերի դիրքերը:

Կան նաև առասպելական էակների պատկերներ: Առանձին խումբ են կազմում վիշապների պատկերները: Առասպելական կենդանիները ներկայացնում են վիշապները: Արանք հանդիպում են թե՛ մեկուսի, թե՛ խմբական տեսարաններում, խաղաղ դիրքում: Հիմնականում օձանման ու ցլանման են, միագլուխ, բազմեղջյուր ու բազմոտն: Հայաստանում վիշապներն ամենուր են ջրանքերի սկզբնամասում և աղբյուրների ակունքներում, կարասների ու բերդերի պատերին, մանրանկարներում ու գորգերում, բանահյուսության ու Խորենացու «Պատմության» մեջ:

Սա շատ հարուստ նյութ է, որի հիման վրա հնարավոր է վերծանել Հայկական լեռնաշխարհի պատմական իրողությունները մ.թ.ա VII-1 հազարամյակներում:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։