ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Արագածոտնի մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի կարգավիճակ: Մարզն իր անվանումը ստանում է Այրարատ աշխարհի Արագածոտնի գավառից: Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Սահմանակից է Երևանին, ՀՀ Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռիու մարզերին սահմանով՝ Թուրքիային: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մարզի տարածքը հասնում է մինչև Թուրքիայի հետ հայկական սահման: Մարզկենտրոնը հանդիսանում է Աշտարակ քաղաքը։

Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (950 մետրից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Այստեղ է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթ Արագածը (4090 մ.)։ Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Մարզի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան,  պեռլիտը։

Մարզի խոշոր գետերն են Քասախը, Գեղաձորը։Մարզում առկա է 29 արհեստական ջրամբար՝ ամենամեծը Ապարանի ջրամբարն է:

ՀՀ Արագածոտնի մարզը հանրապետության տնտեսապես զարգացած մարզերից է: Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են:  Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով. այստեղ հաշվառված է  1796 հուշարձան, որից շուրջ 400-ը գտնվում է պետական պահպանման տակ: Դրանցից նշանավորներից են Ամբերդը, Հովհաննավանքը, Սաղմոսավանքը, Դաշտադեմի ամրոցը և այլն։

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Արարատի մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի կարգավիճակ: Մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում: Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։ Մարզկենտրոնը Արտաշատ քաղաքն է։

Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Հարթավայրային մասը 10-15կմ լայնության գոտով ձգվում է Հրազդան գետից մինչև ՀՀ պետական սահմանը:

Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։

Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։

Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, այստեղ հաշվառված է 906 հուշարձան, որոնցից 808-ը  գտնվում է պետական պահպանման տակ:

Դրանցից նշանավորներից են՝ Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը, Տափի բերդը և այլն։

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Արմավիրի մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի կարգավիճակ: Մարզն եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը: Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Մյուս քաղաքներն են Վաղարշապատը և Մեծամորը։ Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ-ում գրավում է առաջին տեղը։

Մարզի տարածքում է գտնվում հանրապետությունում միակ «Որդան Կարմիր» արգելավայրը: Աշխարհի ամենահին աստղադիտարանը հիմնվել է մ.թ.ա. 19 դարում ներկայիս Արմավիրի մարզի Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի(1968) տարածքում։

Արմավիրի մարզը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է, քանի որ գտնվում է հիմնականում Արարատյան դաշտի բարեբեր հողերի վրա։ Արմավիրի մարզի խոշոր գյուղերն են Նալբանդյան, Արշալույս, Փարաքար, Սարդարապատ:

Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ անհետացող վայրի ֆլորայի 387 տեսակներից յոթը, ֆաունայի 99 տեսակներից 38-ը՝ աճում եւ բազմանում են Արմավիրի մարզի տարածքում:

Մարզը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։