Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքի հարավային լանջին է գտնվում Օրբելյանների քարավանատունը: Քրավանատունը գտնվում է 2410 մետր բարձրության վրա: Այն հայտնի է նաև որպես Սելիմի քարավանատուն: Օրբելյանների քարավանատունը կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյանի իշխանության օրոք:
Քարավանատան կառուցվածքը
Քարավանատան երկարությունը 35,5մ է: Քարավանատունը զբաղեցնում է 298 քառ.մ տարածք։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին: Կառուցվել է սրբատաշ բազալտով: Կառույցն ուն 7 զույգ մույթեր, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։

Ունի երկթեք տանիք, որը պատված է կղմինդրանման շարվածքով մեծ սալաքարերով: Գլխավոր դահլիճին կից է մի կառույց` բաղկացած փոքր հարակից ուղղանկյուն սենյակներից` թաղակապ ծածկով և որմնախորշերով: Սենյակներից մեկը գրեթե ամբողջությամբ ավիրված է: Արևմտյան կողմից պատը փոխարինում են երեք հնգանկյուն կիսասյուն, որոնք միանում են կամարներով: Կառույցը լուսավորվում է միայն երդիկներից և չունի ոչ մի լուսամուտ: Երդիկները երեքն են և ներսից ունեն գեղեցիկ քանդակներ:
Քարավանատան միակ մուտքը հարավային կողմից է։ Այն գեղաքանդակներով զարդարված շքամուտք է։ Բարավորին եղել է շինարարության մասին արձանագրություն, որ կառուցվել է 1326-1327 թթ.։ Արձանագրությունը վնասված է, լավ չի ընթերցվում։ Քարավանատան նախասենյակը գլխավոր սրահից մոտ 1 մ դուրս է ընկած։ Ներսում՝ արեւելյան պատին էլ կա արձանագրություն քարավանատան կառուցման վերաբերյալ. «Հանուն ամենազոր եւ զորեղ Աստծու, ԹՎ. ՉՁԱ, աշխարհի տիրակալ Բուսայիդ խանի օրոք, ես` Չեսար, իշխանաց իշխան Լիպարիտի որդին, եւ մայրս` Աննան, Իվանեի թոռը, եւ իմ եղբայրները` առյուծների պես գեղեցկատես իշխաններ Բոիրթելը (Բուրթել) Սմբատը եւ Էլիկումը Օրբելյանների ազգից, եւ իմ կինը` Խորիշան՝ Սերիկարիմանների Վարդանի դուստրը [եւ…], կառուցեցինք այս հոգեւոր տունը մեր միջոցներով` մեր, մեր ծնողների եւ Քրիստոսին ապավինող մեր եղբայրների հոգիների փրկության համար, նաեւ իմ կենդանի եղբայրներ եւ որդիներ` Սարգիսի, Հովհաննես քահանայի, Քուրդի եւ Վարդանի համար։ Աղաչում ենք ձեզ, անցորդներ, մեզ հիշել Քրիստոսի մեջ։ Կառուցումը սկսվել է Եսայու քահանայությամբ եւ ավարտվել նրա աղոթքների շնորհիվ, ԹՎ. ՉՁԱ տարում»:

Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ՝ Օրբելյանների իշխանական տան զինանշաններ, արևելյան մասում՝ ցուլ, արևմտյան մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։
Քարավանատան ճարտարապետական լուծումները խոսում են յոթ դար առաջվա կատարյալ շինարարական հմտությունների մասին։
Քարավանատանը կից՝ արեւելյան կողմում Սյունիքի իշխանները նաեւ մատուռ էին կառուցել, պահպանվել է սրբատան ավերակը։
Քարավանատունն ավիրվել է 17-րդ դարում, այնուհետև խորհրդային շրջանում վերականգնվել է և համարվում է Հայաստանում լավ պահպանված քարավանատան օրինակ։
Պատմություն
Այդ դարերում, այժմյա Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը պատկանում էին Սյունիքի իշխանությանը, որի տիրակալն էր Օրբելյանների հարուստ տոհմը: Օրբելյանների օրոք Սյունիքը վերելք է ապրում: Նույնիսկ, երբ XIIIդ. կեսերին Հայաստան են ներխուժում մոնղոլները, սարերում թաքնված Սյունիքը շատ քիչ է տուժում: Բացի այդ, խորամանկ և հմուտ դիվանագատներ Օրբելյանները Չինգիսխանի թոռից ոչ միայն ետ են վերցնում իրենց հողերը, այլ նաև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես`շինարարությամբ:
Այդ տարիներին ակտիվանում է արևտուրը Արևմուտքի և Արևելքի միջև: Սյունիքը հայտնվում է արևտրային մայրուղիների կենտրոնում, և ճանապարհային շինարարության անհրաժեշտություն է առաջանում: Քարավանները անբարենպաստ եղանակներից թաքցնելու նպատակով կառուցվեցին քարավանատներ:
Օրբելյանների քարավանատունը որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար։ Մետաքսի ճանապարհը միջնադարյան առևտրային ուղի էր, որից օգտվել են օտարերկրյա վաճառականները, առևրականները, ովքեր անցնում էին այս ճանապարոհով իրենց ապրանքները վաճառելու նպատակով։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։



