ՇԵՆԳԱՎԻԹ ՀՆԱՎԱՅՐ

Երևանում է գտնվում Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ հնավայրը: Այն գտնվում է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Երևանյան լճի հարևանությամբ։ Հնավայրը  թվագրվում է մ.թ.ա. 2900-2700 թվականներին: Հնավայրի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 6.2 հա, ներկայիս փաստացի սահմանները՝ 3,218 հա: Այն Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ հուշարձան:

Հնավայրի կառուցվածքը

Մարդու բնակության համար այդ վայրն ուներ մի շարք նպաստավոր պայմաններ։ Այն շրջապատված է եղել արոտավայրերով, արգավանդ գետահովիտներով և դաշտերով։

Բուն բնակատեղին բաղկացած է հաջորդաբար իրար վրա կառուցված մշակութային ու հնագիտական 4 շերտերից՝ 4 մետր խորությամբ. 1-ին շերտ՝ ուշ նեոլիթ /3500-3000թթ./, 2-րդ շերտ՝ վաղ էնեոլիթ /3000-2700թթ./, 3-րդ շերտ՝ միջին էնեոլիթ /2600-2300թթ./, 4-րդ շերտ՝ ուշ էնեոլիթ /2300-2000 թթ./:

Ներկայումս հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, որոնք իրար են միացված ոլորուն արահետներով: Բնակավայրի կացարանները բավականին ընդարձակ էին ու բարեկարգ: Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ: Հատակները պատրաստված էին մանր կոպիճի համակենտրոն շարվածքով։

Համալիրի ողջ տարածքը շրջապատված է կիկլոպյան պատով: Համալիրն ունեցել է նաև ստորգետնյա գաղտնուղի, որը հայտնաբերվել է պարսպի տակ` հյուսիսային կողմում: Գաղտնուղին իջնում է  դեպի Հրազդան գետը: Պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը:

Շենգավիթյան մշակույթը

Շենգավիթի բնակատեղին տալիս է վաղ բրոնզեդարյան մշակույթի առավել ամբողջական պատկերը:  Շենգավիթյան մշակույթը սկիզբ է առնում մ.թ.ա. 4-րդ հազարամյակից (գուցե և ավելի շուտ) և շարունակվում մինչև մ.թ.ա. 3-րդ հազարամյակ: Շենգավիթյան մշակույթը ներառում է հսկայական տարածք՝ տարածվելով նույնիսկ Հայկական բարձրավանդակից սահմաններից դուրս:

«Թյուր կարծիք կա, որ Երևան քաղաքի պատմությունը սկսում է Էրեբունուց, դա այդպես չէ, քանի որ Երևանի գրավոր պատմությունն է սկսում էրեբունուց, իսկ համաշխարհային պատմության մեջ կա մի ամբողջ մշակույթ՝ շենգավիթյան մշակույթ, որը տարածվել է հյուսիսային կովկասից մինչև Պաղեստին և Իրանի մի հատված: Փաստացի այստեղ եղել է Կուր-Արաքսյան մշակույթ ու պատկերացրեք 5000 տարի առաջ այստեղ մեր նախնիները կենսագործունեություն են ծավալել: Բացի այդ, այստեղ կան քաղաքագոյացման որոշակի հիմքեր»,-նշում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Պեղումները

Հուշարձանը հայտնաբերվել է 1930թ. հայ հայտնի հնագետ Եվգենի Բայբուրդյանի կողմից: Նրա՝«Հնագույն մշակույթների հերթագահությունը Հայաստանում՝ ըստ հնագիտական նյութի» աշխատության մեջ հեղինակը հիմնավորում և նկարագրում է Շենգավիթյան մշակույթը։ Համաձայն աշխատության՝ հնավայրը բացահայտվել է դեռևս 1924-1925 թվականներին, սակայն լայն ուսումնասիրություններ չեն իրականացվել։ Հետագայում, տարածքում պատահաբար հայտնաբերվել է կոտրված աման և կավե օջախի մնացորդներ։ Դրանից ելնելով՝ 1936 թվականին Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցների կողմից տարածքն ուսումնասիրվել է, իսկ Պատմական հուշարձանների պահպանության պետական կոմիտեն 1936 թվականի հունիսի 14-ից սկսեց պեղումներ իրականացնել։ Հուշարձանի մի մասը, ցավոք, ոչնչացվեց հիվանդանոցի կառուցման ժամանակ, և հնարավոր եղավ փրկել միայն մի փոքր հատվածը, որտեղ սկսվեցին պեղումները:

1958 թվականից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ։ 1958-1980 թվականների ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը:

2000 թվականի օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ։

2012թ. պեղումների ժամանակ հայտնաբերվեց պաշտամունքային մի կառույց՝ հրո տաճար, որտեղ պահպանված է եռաստիճան մուտքը, աղոթասրահը, անգամ բագինի մնացորդը:

Շենգավիթ պատմահնագիտական արգելոց

Պեղված նյութերի հիման վրա 1968 թվականին բացվել է Շենգավիթ թանգարանը, որը հանդիսանում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի մասնաճյուղը: 2003թ. թանգարանը վերանվանվել է Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի: Շենգավիթից գտնվել են բազմաթիվ կավե գտածոներ, զարդեր, ճարտարապետական կոռույցներ, պարիսպ, մետաղագործության հետ կապված գտածոները  և այլն։ Գտնված ու վերականգնված մոտ 1500 ցուցանմուշ ցուցադրվում է հնավայրի տարածքում գործող թանգարանում: Հնավայրի նյութերի որոշ մասն այսօր գտնվում է նաև Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում: Շենգավիթում հայտնաբերված իլիկի գլուխները վկայում են մանածագործության տարածվածության և զարգացման մասին: Պատրասվել են գործվածքներ, հագուստներ: