Լեռնային պայմաններում փոշու եւ խոնավության քանակը օդի մեջ շատ քիչ է, այդ պատճառով արևի ճառագայթները քիչ են կլանվում: Արևն ավելի կիզիչ է այն դեպքում, երբ երթուղին անցնում է ձյան վրայով: Ձյունն ամբողջովին անդրադարձնում է ուլտրամանուշակագուն ճառագայթները, և ձյան վրա գտնվողը կարող է այրվածքներ ստանալ: Ամենից շատ վնասվում են շրթունքները, դեմքը, հաճախ էլ ականջներն ու աչքերը: Շրթունքները վնասվում են հատկապես թաց ժամանակ: Այրվածքների հետեւանքով մաշկի վրա առաջանում են բշտիկներ, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է: Արևի այրվածքներից խուսափելու համար պետք է մարմնի բաց մասերը ծածկել կամ հատուկ քսուկ օգտագործել:
Արևի կիզիչ ճառագայթները կարող են ազդել գանգուղեղի վրա եւ առաջացնել «արեւային հարված»: Այսպիսի պայմաններում անհրաժեշտ է գլուխը ծածկել ցանկացած գլխարկով: Արևային հարվածի կամ տաքացման ժամանակ պետք է տուժածին տեղափոխել մի ստվերոտ տեղ, տալ սառը ջուր, դնել սառը թրջոցներ: Արևի ճառագայթները կարող են վնասել նաև աչքերը եւ առաջացնել «ձյան կուրություն»: Ձյան և սառույցի դեպքում աչքերի պահպանման հիմնական միջոցը արևապաշտպան ակնոցներն են, որոնք կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների 50-70 տոկոսը եւ աչքերը պահպանում այրվածքից: Ակնոցը պետք է դնել այն պահից, երբ ձյուն կամ սառույց է սկսվում, անկախ այն բանից՝ եղանակը պայծա՞ռ է, թե՞ մառախլապատ: Պետք է խուսափել ոչ միայն ուղղաձիգ ճառագայթներից, այլև ձյան կամ սառույցի մակերեսից անդրադարձող ճառագայթներից, որոնք նույնպես վտանգավոր են: Եթե 500մ բարձրության վրա մաշկը կարմրում է որոշակի ժամանակամիջոցում, ապա 2000մ բարձրության վրա այդ ժամանակը կրճատվում է 2-2,5 անգամ, իսկ 4300մ բարձրության վրա մաշկը կկարմրի 7-8 անգամ պակաս ժամանակում:



