Դեռևս հեթանոսական ժամանակներից թոնիրը հայերի կյանքում շատ մեծ դեր է կատարել: Թոնիրը համարել են երկրի վրա արևի խորհրդանիշը: Թոնրի ներսում վառվող կրակը խորհդանշել է արևի պաշտամունքը: Քրիստոնեություն ընդունելուց հետո էլ թոնիրը շարունակել է սուրբ համարվել: Գրեթե բոլոր գյուղերում թոնիր շինելիս կանչել են քահանային, որպեսզի օրհնի: Թոնրին առաջին մեծարանքն են մատուցել նորապսակները, դեմքով դեպի արևելք թոնրի առջև ծնկի գալով` ընդունել են նահապետի օրհնանքը:
Թոնրի առաջացումը
Թոնիրն առաջացել է պարզագույն կրակատեղից: Կերակուր եփելու համար սկզբում կրակն ուղղակի հողե հատակում փորված փոսի կամ էլ կավե կճուճի մեջ են բորբոքել: Վառելիք են ծառայել փայտածուխը, ճյուղերը և աթարը: Կրակի վրա դրվել է թրծած ուռուցիկ կամ եփելու կճուճը, հետո այս միջոցը կատարելագործվել, հարմարեցվել է նաև լավաշ թխելուն:
Առաջին թոնիրների պատերը շարել են շիկահողից, կավահողից, նախ բլիթել և արևի տակ չորացրել են ցեխի ուղղանկյունաձև ողորկ կտորներ, հետո դրանցով երեսպատել նախօրոք կտրված կլոր փոսի ներքին պատերը։
Հայաստանում թոնիրի վաղ շրջանի նմուշներ են հայտնաբերվել Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններում, Արտաշատում (հացթուխի և երկաթագործի թոնիրներ), Դվինում և այլ հնավայրերում։
Թոնրատուն
Հայկական հինավուրց գյուղի բազմաբաժին քարե շենքերի մեջ մտնում էին թոնրատուն-խոհանոցը, մառանը, ննջարանները, գոմերը, մարագը և այլ սենյակներ։ Թոնրատունը տան ամենակարևոր բաժանմունքն էր։ Մեծ հացատան դռան հանդիպակաց ծայրին հաճախ կառուցվում էր խորանաձև, կրկնակի փոքր մի ենթաբաժին։ Սրա հատակը թոնրատան ընդհանուր մակարդակից մեկ-երկու աստիճանաչափ բարձր էր լինում։ Ցածրադիր մեծ մասը կոչվում է «մեծ տուն», իսկ բարձրադիր փոքր մասը՝ «պզտի տուն»։ Փոքր տան կենտրոնում թաղում էին մեծ և փոքր թոնիրներ։ Մեծը՝ հաց թխելու, փոքրը ջուր տաքացնելու և կերակուրներ պատրաստելու համար։ Փոքր տուն չունեցողները մեկ ընդհանուր թոնիրը զետեղում էին մեծ տան կենտրոնում։
Երբ հաց թխելու արարողությունն ավարտվում էր, իսկ թոնրի մեջ դեռ պահպանվում էր կրակի ջերմությունը, տան անդամները հավաքվում էին թոնրի շուրջ՝ ոտքերը կախելով նրա մեջ: Սա հատկապես հաճելի արարողություն էր խոնավ աշնանն ու ցուրտ ձմռանը: Կոչվում էր «քուրսի նստել», որ նաև բուժական նշանակություն ուներ:
Թոնրատների հետքեր են հայտնաբերվել հայկական լեռնաշխարի տարբեր բնակավայրերում, որոնք թվագրվում են հազարամյակներով։
Այսօր ինչ-որ չափով նվազել է թոնրի դերը հայկական կենցաղում, սակայն գյուղական վայերում այն դեռևս մնում է որպես հացի արարման հնոց, հարևան ու բարեկամ կանանց հավաքատեղի, պատառ կիսելու, բամբասելու, բացատրվելու և տաքանալու վայր։
Թոնրի մասին ավանդություն
Ավանդույթը պատմում է. Հնում, երբ ռազմի աստված Վահագնը ռազմի արվեստն էր սովորեցնում հայ ռափայներին (հայոց հսկա կին և տղամարդ), վարժանքից հետո երեկոյան աստղալույսի տակ հավաքվում էին Թոնդրակ լեռնագագաթի հրաբխի կրակի շուրջը, զրուցում էին, հաց թխում ու ուտում: Մի օր էլ Վահագնը Թոնդրակից կրակից մարխեր վերցրեց, տվեց հայոց սկայ-ռափայներին եւ պատվիրեց, որ բաժանեն մարդկանց, թոնդիր շինեն եւ կրակ վառեն, հաց թխեն, կանանց հանձնարարեց, որ կրակը միշտ վառ պահեն: Վահագնը բարձրացավ երկինք եւ մինչեւ օրս էլ երկնքից հսկում է, որ ոչ մեկի տան թոնդրի կրակը չհանգչի:



