ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԿԱՅԾԱԿԻՑ ԱՐՇԱՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Լեռներում ապրոպներ ավելի շատ են լինում, քան հարթավայրերում: Ամպրոպի հարվածները հիմնականում ուղղված են լինում բարձր ժայռերին եւ ժայռերի ցցվածքներին, որոնք հաճախ պարունակում են մետաղներով հարուստ հանքաքարեր: Երբ խումբը ընկնում է ամպրոպի ինտենսիվ լիցքային հարվածի տակ, պետք է պատսպարվել վրանում, իսկ եթե լանջի կատարին է, անմիջապես պետք է իջնել եւ ընտրել այնպիսի տեղ, որը մոտ չլինի ցցվածքներին: Ամպրոպի դեպքում չի կարելի պատսպարվել բարձր ծառերի տակ: Մետաղյա իրերը պետք է հեռացնել 50-60 մ եւ չմոտենալ՝ մինչեւ ամպրոպն անցնի:

Ինչպե՞ս վարվել կայծակի ժամանակ: Եթե գտնվում եք բաց տարածքում` հարկավոր է շտապ գտնել հողակցված ապաստան: Այդպիսին կարող է ծառայել քարանձավը, սակայն չի կարելի կանգնել մուտքի մոտ: Անտառը նույնպես ապահով ծածկ է, սակայն չի օգնում մենավոր ծառը: Իսկ եթե պատսպարվելու ոչ մի հնար չկա` հարկավոր է նստել տեղանքի ամենացածր կետում: Հարկավոր է հեռու մնալ գետերից ու լճերից, չի կարելի լողալ կամ մնալ նավակում: Չի կարելի պատսպարվել խոտի դեզի մեջ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կայծակնահար մարդու մեջ տեղի է ունենում մկանների կծկում, մասնավորապես` ստոծանու եւ սրտամկանի, ինչն էլ հարուցում է շնչառության եւ սրտամկանի կանգ: Ուղեղի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն արտահայտվում է գիտակցության կորստով: Կայծակի հպման տեղում մարմնի վրա առաջանում է երրորդ կարգի այրվածք: Էլեկտրական հոսանքի ազդեցությունը ուժեղանում է թաց կոշիկների եւ շորերի պատճառով, որոնք էլեկտրականության բարձր հաղորդիչ են: Կայծակի հարվածից մարդը հաճախ հայտնվում է կլինիկական մահվան վիճակում, ուստի անհրաժեշտ է անհապաղ սկսել տուժածի վերակենդանացումը: Եթե արհեստական շնչառությունը ուշքի է բերում նրան, հարկավոր է խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (ալկոհոլը եւ սուրճն արգելվում է): Այրվածքները պետք է մշակել ինչպես սովորական ջերմային այրվածքների դեպքում: Շանթահարին անհրաժեշտ է մերկացնել, գլուխը ողողել սառը ջրով, մարմինը փաթաթել թաց եւ սառը սավանով, անհրաժեշտության դեպքում կիրառել արհեստական շնչառություն, հնարավորության դեպքում` արագ բժիշկ կանչել: Ինչ վերաբերում է տուժածին հողով ծածկելու հին հեքիմական մեթոդին, այն անիմաստ է եւ վնասակար` ժամանակի ավելորդ կորստի պատճառով: