Քարաթափումները հիմնականում առաջանում են լեռնային ապարների քայքայումից կամ հողմահարումից: Քարաթափերի առաջացման պատճառ կարող են լինել ուժեղ քամիները, ամպրոպը, կենդանիներն ու թռչունները, երկրաշարժերը և հենց իրենք՝ արշավի մասնակիցները: Քարաթափեր ավելի հաճախ են առաջանում ամռան սկզբներից, երբ լեռներում հալվում է ձյունը կամ սառույցը: Քարաթափերը սկսվում են արևածագից 1,5-2 ժամ հետո եւ վտանգավոր են դառնում կեսօրին, օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով: Քարաթափերի առաջացման հիմնական օջախները ժայռերի այն հատվածներն են, որոնք շատ են քայքայված և հողմահարված: Ընկնող քարը հարվածելով այլ քարերի, առաջացնում է մեծ քարաթափեր:
Դրանք շարժվում են մեծ արագությամբ: Հարկ է լինում այսպիսի դեպքերում հեռավոր ձայներից իմանալ վտանգի մասին, վեր նայելով որոշել քարերի ուղղությունը և արագ միջոցներ ձեռնարկել : Եթե լանջին ապաստանելու տեղ չկա, պետք է սպասել, մինչև ընկնող քարը մոտենա և նոր միայն վերջին պահին խույս տալ նրանից, քանի որ մինչև մոտենալը քարը կարող է լանջի անհարթ մակերեսին խփվելով փոխել իր ուղղությունը: Եթե քարաթափերը կատարվում են ամբողջ լանջով , պետք է պատստպարվել լանջի ցցվածքների կամ ժայռերի ետևում: Իսկ եթե քարերը փոքր են, կարելի է սեղմվել լանջին և ուսապարկով գլուխը ծածկել: Քարաթափերից փրկվելու հիմնական միջոցը արագաշարժությունն ու հմտությունն է:
Քարաթափերը լանջերից իջնում են և կուտակվում ներքևում: Այդ կուտակումներով հնարավոր է գուշակել լանջի վտանգավոր լինելը, ինչպես և քարաթափերի առաջացման ժամանակը: Եթե քարաթափը հին է, ապա ընկած քարի տակ կանաչ խոտ չի լինում, եթե եղած խոտը արդեն դեղնել է, ուրեմն մի քանի օր է, ինչ այն տեղի է ունեցել, իսկ եթե կանաչ է, ուրեմն քարաթափը նոր է կատարվել: Եթե խմբի մասնակիցները գտնում են, որ երթուղու տվյալ հատվածը վտանգավոր է և շրջանցելու հնարավորություն չկա, անհրաժեշտ է նշանակել դիտորդներ, որոնք կարող են հարկ եղած դեպքում զգուշացնել քարաթափերի մասին և ապա միայն կազմակերպել լանջի հաղթահարումը: Այդպիսի տեղանքում վտանգավոր հատվածը պետք է անցնել 1-2 հոգով:



