ՁՆԱՀՈՍՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Ձյան երկարատեւ տեղալու հետեւանքով լեռնալանջերին կուտակված ձյան մեծ շերտերը հաճախ տեղիք են տալիս ձնահոսքերի: Պատահում են ձյան հսկայական հոսքեր, որոնք կարող են անտառ ոչնչացնել մի քանի հարյուր մետր լայնությամբ:Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին
ձնահոսքերից 10 անգամ ավելի շատ զոհեր են եղել, քան պատերազմական գործողությունների ժամանակ: Զանազան գործոններ (քամի, արեւ, մթնոլորտային ճնշում) առաջացնում են ձնաշերտի վերաբյուրեղացում եւ փոխում ներքին կառուցվածքը, որի հետեւանքով խախվում է ձյան կապը լանջի հետ եւ տեղիք տալիս ձնահոսքերի: Ծանթանանք մի քանի գործոնների, որոնք ձնահոսքի առաջացման գործում կարեւոր նշանակություն ունեն:

Քամու ազդեցությունը – Քամու առկայությունը բարձր լեռնային պայմաններում պատահական երեւույթ չէ: Այն ընդունված է համարել ձյան մակերեսի, բնույթի ու կառուցվածքի փոփոխման հիմնական գործոնը: Ուժեղ քամիները հողմահարելով լանջը, այնտեղից մեծ քանակությամբ ձյուն են քշում դեպի լեռնաշղթայի կատարի հակառակ կողմը եւ առաջացնում մեծ կուտակումներ: Ձյան մեծ կուտակումները լանջի վրա ունեն փուխր կառուցվածք եւ փոքր առիթից կարող են ձնահոսք առաջացնել: Երբ քամու կուտակած ձյան շերտի մակերեսային մասը փեեւ պնդացել է, բայց ջարդվում է ոտքի տակ, պետք է այդպիսի լանջից անմիջապես հեռանալ՝ շրջանցելով ճանապարհը անվտանգ տեղերով:

Տեղանքի ազդեցությունը – Ձնահոսքի առաջացման կարեւոր դրդապատճառ է լանջի մակերեսի հարթությունը եւ թեքության աստիճանը: Հարթ ալպիական մարգագետինների վրա Երբ լանջերն անտառապատ են կամ ծածկված են մեծ քարերով, ձնահոսքի վտանգը բացառվում է: Թփերով եւ փոքր ժայռերով պատված լանջերը անվտանգ են այնքան ժամանակ, քանի դեռ ձյունը չի ծածկել նրանց: Եթե լանջն ունի անդունդներ, ձնահոսքն ավելի վտանգավոր է: Ձնահոսքը թափվելով այդպիսի անդունդից, առաջացնում է հզոր օդային ալիք, որը կարող է տարածվել 400-500մ տարածության վրա եւ ունի մեծ կործանիչ ուժ: Այդպիսի ուժեղ ալիքները կարող են տեղիք տալ նաեւ նոր ձնահոսքի: Ավելի վտանգավոր են միջին թեքության լանջերը: Լեռնագնացը միշտ ձգտում է իր երթուղու համար ընտրել ավելի փոքր թեքություն ունեցող լանջ, որը երբեմն տեղիք է տալիս ձնահոսքերի: Հայնտնի են դեպքեր, երբ ձնահոսք է առաջացել 14-15° թեքություն ունեցող լանջերում: Երբ ձմռանը ձյունը առատ է եղել չի հասցրել հալվել գարնանը, արշավները պետք է հետաձգել մինչեւ ձնահոսքերի դադարումը: Ձնահոսքերը կարող են լինել չոր, թաց եւ խառը:

Չոր ձնահոսքեր: Առաջանում են թեթեւ, փափուկ եւ փոշենման ձնից այն դեպքում, երբ քիվերը պոկվելով ընկնում են լանջի չոր ձյան վրա: Թեթեւ եւ փափուկ ձյունից կազմված ձնահոսքերն առաջացնում են օդային հուժկու ալիք, որն ավելի մեծ ուժով է օժտված, քան տաս բալանոց պայթյունը: Նման ձնահոսքերը լանջից իջնում են ժամում 100-150կմ արագությամբ: Փոշենման ձնահոսքն ունի համեմատաբար թույլ օդային ալիք: Այն կազմված է լինում նոր, փխրուն ձյունից, որը տեղացել է նորմալ ցրտի պայմաններում: Ձյան տեսակարար կշիռը ավելի մեծ է, քան առաջին դեպքում, այդ պատճառով էլ լանջից սահում է համեմատաբար դանդաղ: Փոշենման ձնահոսքը ազդում է մարդու շնչառական օրգանների վրա՝ լցվելով քիթը, բերանը, կոկորդը եւ չպաշտպանվելու դեպքում կարող է խեղդել: Այսպիսի պահերին ձեռքով կամ նախօրոք պատրաստած շորով պետք է փակել բերանն ու քիթը, ազատվել ուսապարկից եւ աշխատել մնալ ձյան մակերեսին, որի համար անհրաժեշտ է կատարել լողային շարժումներ: Չոր ձյունից առաջանում է այսպես կոչված շերտավոր ձնահոսք, որը պոկվելուց հետո սկսում է փշրվել, վերածվել մանր կտորների, որոնք նույնպես շատ վտանգավոր են մարդու համար: Այսպիսի ձնահոսքերը շարժման ընթացքում լանջի վրա համապատասխան ձյան առկայության դեպքում կարող են առաջացնել փոշիացած ձնահոսքեր: Մարդը կարող է դուրս գալ այդպիսի ձնահոսքից, եթե այն նոր է առաջացել եւ դեռեւս մեծ արագություն չունի: Հակառակ դեպքում նա պետք է ազատվի ուսապարկից եւ աշխատի մնալ ձյան մակերեսին:

Թաց ձնահոսքեր: Կարող է առաջանալ ինչպես նոր ձյունից, այնպես էլ հին ձյունից եւ սռսռաձյունից: Այստեղ որոշիչը ձյան խոնավությունն է, որը կարող է առաջանալ բարձր ջերմաստիճանի պայմաններում (նոր եկած կամ հին ձյունը արեւի ազդեցության տակ հալվում է եւ թացանում): Ծանր եւ թաց ձյունը մարդու համար վտանգավոր է, որովհետեւ գիպսի պես կպչում է եւ նրանից ազատվել առանց ուրիշի օգնության հնարավոր չէ նույնիսկ այն դեպքում, երբ մարդու գլուխը ձյան մակերեսին է: Այսպիսի ձնահոսքերն առաջանում են գարնան վերջին, իջնում են մինչեւ գետերը եւ նրանց ծածկելով առաջացնում ձյան կամուրջներ, որոնք օգտագործվում են լեռնագնացի կողմից լեռնային գետերն անցնելու ժամանակ: Խոնավ կամ թաց ձյունը երկար ժամանակ մնալով, վեր է ածվում խոշոր սառցակալած հատիկների (սռսռաձյուն) եւ արեւի ազդեցությամբ կարող է դառնալ պինդ կամ փխրուն: Այսպիսի ձյունը երբ խոնավանում է, առաջացնում է սռսռաձյան ձնահոսք, որը մեծ չափերի չի հասնում եւ կարող է ավելի հզոր հիմքային ձնահոսքի պատճառ հանդիսանալ: Առաջանում է այնպիսի տեղերում, որտեղ խոնավություն է կուտակվում կամ ձյունը խոնավանում է հալվածքից առաջացած առվակներից: Շատ վտանգավոր է մարդու համար, ծանր է ինչպես կապար: Այսպիսի ձյան անգամ բարակ շերտով ծածկված մարդը կարող է մի քանի րոպեում խեղդվել: Նման ձնից դուրս գալը գրեթե անհնար է դառնում հատկապես այն դեպքում, երբ մարդը խրվել է թաց ձյան մեջ, եւ հոսքը աստիճանապար ավելանում է:

Խառը ձնահոսքեր: Ունեն մեծ ծավալ եւ հզորություն, առաջանում են ձյան շերտերի պոկումով, իջնելով դառնում են փոշենման, վերջանում են փափուկ եւ հիմքային ձնահոսքով, որն ունի օդային ալիքի հզոր ուժ եւ հավաքված ձյան մեծ ծավալ: Խառը ձնահոսքերի առաջացման ժամանակը կարելի է կանխատեսել: Դրանք առաջանում են հատկապես այն դեպքում, երբ առատ ձյուն է գալիս (մեկ օրվա ընթացքում 1-2մ), որը քամիների ազդեցությամբ քշվում է եւ առանձին տեղերում առաջացնում 5-6մ հաստության կուտակումներ: Սա արդեն ձնահոսքի առաջացման հիմնական օջախն է: Ձնահոսքերից պաշտպանվելու համար նախապես պլանավորեք ձեր երթուղին՝ ընտրելով անվտանգ տարածքներ (լեռնաշղթաներ, մեղմ լանջեր) և խուսափելով զառիթափ, ծառազուրկ տարածքներից (30-40 աստիճանից բարձր): Լեռներ մեկնելուց առաջ միշտ ստուգեք եղանակի կանխատեսումը և ձնահոսքի վտանգի մակարդակները: Ձնահոսքի առաջին իսկ նշանի դեպքում անմիջապես տեղափոխվեք մի կողմ և ապաստան փնտրեք։