ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ԴԱՍԱՎՈՐԵԼ ԱՐՇԱՎԱԿԱՆ ՈՒՍԱՊԱՐԿԸ

Արշավի ժամանակ հարմարավետության գրավականներից մեկը արշավական ուսապարկի ճիշտ դասավորելն է: Թվում է թե ոչ մի դժվարություն չկա, ինչպես կարողանում են տեղավորում ենք բոլոր անհրաժեշտ իրերը և վերջ: Իրականում սխալ դասավորված ուսապարկը կարող է ոչ միայն անհարմարություն առաջացնել, այլև մեջքի լուրջ խնդիրների պատճառ դառնալ:

Ուսապարկը ճիշտ դասավորելու կանոններից առաջինն այն է, որ նախապես պատրաստել տվյալ արշավի համար անհրաժեշտ իրերը և ոչ թե վերջին պահին դնել այն ինչ այդ պահին կհիշեք: Նախօրոք չպատրաստվելու դեպքում մեծ է ռիսկը, որ՝

  • չափից շատ իրեր կվերցնեք
  • կմոռանաք վերցնել կարևորը
  • սխալ կդասավորեք ուսապարկը
  • չափից շատ ծանր ուսապարկ կստանաք
  • սխալ կհաշվարկեք ուսապարկի չափը և իրերի ծավալը

Արշավական ուսապարկը դասավորելիս կարող եք հետևել այս կանոններին՝

  • Ամենածանր իրերը (որպես կանոն, սրանք ուտելիքներն են) պետք է դասավորել ուսի թիակների մակարդակում և ավելի մոտ լինեն մեջքին: Սա ուսագոտուց կհանի ծանրաբեռնվածության մի մասը: Եթե ​​հիմնական բեռը դրվի ուսապարկի ներքևի հատվածում, ապա ծանրության կենտրոնը կտեղափոխվի, և ուսապարկը ավելի մեծ ճնշում կգործադրի ուսերի վրա և մարմինը հետ կքաշի:Եթե ծանր իրերը գտնվեն ուսապարկի վերևում, այն ավելի մեծ ճնշում կգործադրի մեջքի վրա և ավելի դժվար կլինի հավասարակշռություն պահպանել:
  • Այն իրերը, որոնք դուք չեք օգտագործելու օրվա ընթացքում (քնապարկ, փոխնորդ հագուստ, վրան) պետք է տեղադրվեն ուսապարկի ստորին հատվածում։ Թեթև և փափուկ իրերը պետք է դասավորել ուսերից ամենահեռու հատվածում:
  • Շատ կարևոր է ուսապարկը այնպես դասավորել, որպեսզի ամեն անգամ ինչ-որ բան պետք լինելու դեպքում ամբողջ ուսապարկը չքանդեք: Ուսապարկի վերին մասում պետք դասավորել առաջին անհրաժեշտության իրերը։ Դա կարող  է լինել անձրևապաշտպան բաճկոնը, արևապաշտպան գլխարկը և այլն:
  • Ուսապարկի վերևի գրպանի մեջ դնում են իրեր, որոնք պետք է միշտ ձեռքի տակ լինեն՝ լապտեր, դանակ, արևային ակնոց, արևապաշտպան քսուք, զուգարանի թուղթ, քարտեզներ, դեղատուփ և այլն։
  • Ուսապարկի դրսի հատվածում փորձեք իրեր չավելացնել, կամ դրանք հասցնել նվազագույնին,  քանի որ դրանք ազդում են բեռի բաշխման վրա և նաև կարող են  բռնել ճանապարհի բոլոր ճյուղերն ու թփերը: Եթե ուսապարկի մեջ բոլոր անհրաժեշտ իրերը չեն տեղավորվում, ապա արժե մտածել ավելի մեծ ուսապարկի ընտրության մասին:
  • Դասավորելիս ուսապարկի ծավալը առավելագույնս օգտագործելու համար նախ պետք է դասավորել մեծ իրերը, այնուհետև միջինները,  իսկ հետո փոքրերը:

​​